Ադրբեջանի այսօրվա վարքագծի եւ այն վարքագծի մեջ, որը կունենար այդ երկիրը, եթե հայկական կողմը խաղաղ ճանապարհով գնար հարցի լուծման, էական տարբերություն կլիներ․ այս համոզմանն է Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը։
Այսօր՝ «Ազգայնականության մուրճի եւ ազատականության սալի արանքում» իր հեղինակած գրքի շնորհանդեսի ժամանակ, նա ասաց․ «Մենք այն ժամանակ չէինք դադարի գործոն լինելուց, ինչպես հիմա դադարեցինք գործոն լինելուց՝ պատերազմում պարտությունից հետո։ Այն ժամանակ մեզ խոստացված էին որոշակի երաշխիքներ, այդ երաշխիքները շատ լուրջ երաշխիքներ էին։
Պատերազմից հետո վիճակը արմատապես տարբեր էր։ Երբ մենք մերժեցինք այդ բոլոր առաջարկները, հիմնական երաշխավորի դեմ նաեւ բավական քննադատական, եթե չասեմ՝ թշնամական վերաբերմունք որդեգրեցինք՝ Ռուսաստանին մեղադրելով ամեն ինչի մեջ, Ռուսաստանի վրա բարդելով պատերազմի պատասխանատվությունը, Ռուսաստանին մեղադրելով Ադրբեջանի հետ գործարքի մեջ եւ այլն, քավության նոխազ սարքելով Ռուսաստանին, այդ ամենը նշանակություն ունեցավ հայ-ռուսական հարաբերությունները թունավորելու առումով։ Եվ դրանք միայն խոսքերի մակարդակում չէին։
Կարդացեք նաև
Ի վերջո, Հայաստանի իշխանությունները, շատ վաղուց եւ հստակորեն արտահայտված ուղղություն են ունեցել՝ երկրի ռազմավարական կողմնորոշումը փոխելու եւ դա չէր կարող չարժանանալ Ռուսաստանի հակազդեցությանը։ Ռուսները 2008 թվականից կարմիր գծեր են քաշել նախկին ԽՍՀՄ սահմանների երկայնքով, բացի Բալթյան պետությունները, որից այս կողմ որեւէ արտաքին ուժի ռազմաքաղաքական ներկայություն կամ դաշինքների տեսքով կամ այլ տեսքով, չի կարող լինել։
Մենք, փաստորեն, դրան դեմ գնացինք։ Մեր հռետորաբանությունը, մեր վարքագիծը, մեր որոշակի քայլերը․․․ Նույն 2020 թվականի պատերազմից հետո, եկեք չմոռանանք, որ մենք այլընտրանքային ֆորումներում սկսեցինք բանակցել Ադրբեջանի հետ, որը նաեւ ուղղված էր ՌԴ-ին դուրս մղելուն, որպես հիմնական միջնորդի եւ երաշխավորի։ Ու անընդհատ մենք այդ բաներն արել ենք եւ ակնկալել ենք, որ ռուսները, միեւնույն է, իրենց պարտականությունները նույնությամբ պետք է կատարեին։ Այդպես չի լինում»։
Դիտարկմանը՝ տպավորություն կա, որ հեղինակը գերագնահատում է միջազգային իրավունքը, ինչը նաեւ իր գրքում է արտացոլված, նաեւ հոդվածներից մեկում, որտեղ խոսում է ապառազմականացված գոտու մասին, ասում է, որ պետք է ամրագրված լինի միջազգային պայմանագրով, ունենա միջնորդների երաշխիքները, չի կարելի բացառել անգամ հայկական կողմին անմիջական ռազմական օգնության տրամադրումը՝ խախտման դեպքում, Արման Գրիգորյանն արձագանքեց՝ ասելով, որ այժմ էլ ստորագրում է իր նախորդ բոլոր ասածների տակ, քանի որ դրանք արվել են այն մտայնությամբ, որ հակամարտությունը խաղաղ ճանապարհով է հանգուցալուծվելու։ Բայց հիմա այդպես չի մտածում, քանի որ 44-օրյա պատերազմից հետո իրադրությունն արմատապես փոխվել է։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Պատրաստեց՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Լավ եք արձանագրել Արման Գրիգորյանի հակասական մտքերը։ Ապազգային քաղաքականություններ են առաջարկում, որպես տարված ապազգային քաղաքականության լուծում, հետո զարմանում են, թե որտեղից են ազգի դժբախտությունները գալիս։
Բայց մեզ ազգային զարթոնք է պետք, իսկ ազգային զարթոնքի, ազգային արթնացման ժամանակ կարևոր է ամեն անհատի ազգային ինքնազգացողության վերականգնումը, ազգային ինքնության հետ կապված հպարտության զգացողությունը։ Անտարբերության, շփոթվածության, «նորաոճ» քաղաքականություններով թելադրված՝ ազգայինի հետ կապված ամոթի փոխարեն։
Շատերը իրենց անհատականությունը կապում են իրենց դիտած ֆիլմերի, լսած երգերի, երաժշտության հետ, «նորաոճ» կոսմոպոլիտան կարծիքների հետ, կարծես դրանք երկինքներից են եկել։ Կան չէ՞ տենց մարդիկ։ Ուրեմն մարդ արարածն անհատականից բացի այլ ինքնություն էլ ունի՝ այլ երևույթների հետ կապվող։ Բայց այն հայը, որ հայկական քաղաքակրթության հետ կապ չի զգում, շփոթությունից դրդված շատ կարող է փնտրել՝ ֆիլմերի, երգերի ու նորաոճ կարծիքների հետ փոխկապված իր ինքնության հետ չառերեսվելու համար։
Բայց ովքե՞ր են հայերը, հայկականի հետ ի՞նչ կապ ունեն հայերը, ինչի՞ հայկական, ոչ թե հայական։ Պատմությունից ինչքան որ հայտնի է, հայկական լեռնաշխարհում ու նրա շուրջ արդեն չորս հազար ու ավելի տարիներ ծագել ու անհետանալուց հետո նորից ու նորից հայտնվում է Հայաստան, Արմենիա անունով մի երկիր։ Զարմանալուց բացի մեկ էլ հիանալ կարելի է։ Ո՞նց են անում, ովքե՞ր են անում, ովքե՞ր են էդ երկիրը շարունակ վերականգնում։ Տեսնես՝ ժամանակ ու տարածություն անցնող ի՞նչ զգացողության կրողներն են։ Որտեղից էլ սկսենք հիշել, կլինի։ Կարևորը՝ հիշենք։ Եվ աշխարհում մեր ինքնազգացողությունը կգտնենք, և ներշնչանք, և շարունակելու միջոց։