Եկեք վերհիշենք, թե ինչպես էին վերջերս ընթանում խորհրդարանական քննարկումները «Հանրային ծառայության» մասին եւ «Էներգետիկայի» մասին օրենքի փոփոխությունների շուրջ: ՔՊ-ականներն այնպես էին խնդիրը ներկայացնում, որ օրենքի ընդունումը (որը տեղի ունեցավ հուլիսի 3-ին) նշանակում է ՀԷՑ-ի պետականացում կամ ազգայնացում: «Մենք այդ օրենքով վերադարձնում ենք ՀԷՑ-ը ժողովրդին», – սա էր իշխանության ներկայացուցիչների լեյտմոտիվը:
Ընդհանրապես, հենց որ ՔՊ-ականներին, նիկոլականներին եւ համապատասխան քարոզիչներին մի բան դուր չի գալիս, նրանք իսկույն սկսում են դա «վերադարձնել ժողովրդին»: Լավ է՝ Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի հետ չեն փորձում նույն կերպ վարվել:
«ՀԷՑ-ը ժողովրդին վերադարձնելու» գործընթացը, կարծես թե, սկսվել էր: Ժամանակավոր կառավարիչ էր նշանակվել կարկառուն ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը՝ «կոմիսար», այսպես ասած, որը, թեեւ էներգետիկայից առանձնապես չի հասկանում, փոխարենն իրականացնում է կուսակցության գլխավոր գիծը:
Իշխանության քարոզիչները բուռն հրճվանք արտահայտեցին՝ «ժողովուրդ ջան, ՀԷՑ-ն այսօրվանից մերն է»: Որոշներն էլ արդեն իսկ, մի քանի օրվա ընթացքում, նկատել են, թե ինչ լավ է սկսել աշխատել այդ հիմնարկը Ռոմանոս Պետրոսյանի հմուտ ղեկավարությամբ:
Կարդացեք նաև
Ի՞նչն է ամենաշատը պակասում այս շոգ օրերին: Բնականաբար՝ սառը ցնցուղը: Եվ այն միացրեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ասելով, որ ԵԹԵ ՀԷՑ-ը պետականացվի, ապա Սամվել Կարապետյանը փոխհատուցում կստանա: Ուրեմն, դեռ չի՞ պետականացվել, ժողովրդին չի՞ վերադարձվել: Կարող է նույնիսկ չվերադարձվե՞լ:
Այստեղ տեղը չէ, որ նշեմ այն ապօրինությունները, որոնք կատարել է իշխանությունն այս «պետականացման» գործընթացում՝ խոստանում եմ անդրադառնալ առանձին հրապարակմամբ: Ասեմ միայն, որ Հայաստանի Հանրապետությունը «ձեւ չունի» չկատարել Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշումը, երբ այդպիսին լինի:
Իսկ վերջում ուզում եմ իմ կարեկցանքը հայտնել ՔՊ-ական պատգամավորներին, կառավարության անդամներին ու բոլոր պաշտոնական քարոզիչներին: Եթե վաղը նրանց շեֆը ֆեյսբուքում ստատուս գրի, որ այսուհետ Արեւը ծագում է Արեւմուտքից եւ մայր է մտնում Արեւելքում, պատկերացնո՞ւմ եք, թե որքան ջանք է նրանցից պահանջվելու՝ ապացուցելու համար, որ ա/ դա հանճարեղ միտք էր եւ բ/ դա «իրական Հայաստանի» ինքնիշխանության հաղթանակն է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հիշենք՛՛Ոսկե այծքաղը՛՛ մուլտֆիլմը