Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում դատավոր Սաթենիկ Անդրեասյանի նախագահությամբ հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի վերաբերյալ «ՍԴ գործով» դատական նիստի ընթացքում այսօր շարունակվեցին հիմնական դատալսումները։
Դատարանում հետազոտվեցին մեղադրանքի կողմի ներկայացրած ապացույցները՝ մասնավորապես Էդգար Ղազարյանի հարցազրույցների տեսանյութերը։
Մեղադրանքի կողմի ապացույցների հետազոտությունից հետո Էդգար Ղազարյանը հայտարարեց․ «Արձանագրենք, որ ոչ մի ապացույց չի ներկայացվել»։
Կարդացեք նաև
Հանրային մեղադրող Հայկ Ավետյանն արձագանքեց․ «Ակնհայտ մեղադրյալը սկսում է եզրափակիչ ելույթ»։ Նախագահող դատավորը հանրային մեղադրողին նկատողություն հայտարարեց ու ասաց․ «Խնդրում եմ՝ նստեք․ առանց թույլտվության խոսում եք։ Կսպասեք, երբ դատարանը թույլ կտա Ձեզ, այն ժամանակ կխոսեք։ Ես Ձեզ հարցրի՝ հայտարարություն ունե՞ք, ասացիք՝ ոչ։ Պաշտպանական կողմի հերթն է, իսկ Դուք խոսում եք»։
Այնուհետև դիմելով Էդգար Ղազարյանին՝ դատավորն ասաց՝ եթե հայտարարություն ունեք ապացույցների հետ կապված, կարող եք հանդես գալ։ Դատավորն ասաց, որ մեղադրանքի հետ կապված դատարանը Էդգար Ղազարյանին ցուցմունք տալու հնարավորություն է տալու։
Էդգար Ղազարյանը ապացույցների հետ կապված հայտարարեց․ «Բազմաթիվ տեսանյութեր ուղղակի կրկնվում էին, մի տեսանյութը ներկայացված է՝ իբրև մի քանի ապացույց։ Փաստորեն նախաքննական մարմինը և հսկող դատախազը պատշաճություն չեն ցուցաբերել ուսումնասիրելու դրանց բովանդակությունը»։
Էդգար Ղազարյանի պաշտպան Արսեն Բաբայանը միջնորդեց հետաձգել դատական նիստը՝ պատճառաբանելով, որ այլ դատական նիստ ունի, իսկ Էդգար Ղազարյանի ցուցմունքը երկար կտևի։
Դատական նիստը հետաձգվեց։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ