«Բոլոր տեսագրությունները նայելուց հետո ես կարող եմ ասել մի բան, որ որևէ արատավորող տեղեկություն գոյություն չուներ։ Հնարավոր չէ չհամաձայնվել բոլոր այն հայտարարություններին, որոնք այդ տեսագրություններում լսում ենք Էդգար Ղազարյանից»,- հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի վերաբերյալ «ՍԴ գործով» դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հարցին՝ ինչ-որ բան կա՞ր, որով Էդգար Ղազարյանը վիրավորել է ՍԴ դատավորներին, այսպես պատասխանեց Էդգար Ղազարյանի փաստաբան Արսեն Բաբայանը։
Նա շեշտեց՝ ինքը, Ռուբեն Մելիքյանը, մյուս պաշտպանները միշտ նշել են, որ արատավորող տեղեկությունը, վիրավորանքը, զրպարտությունը տարբեր հասկացողություններ են․ «Վերջնական արդյունքում դատարանը պետք է գնահատի, մենք մեր եզրափակիչ ելույթներում դրա առանձին գնահատականները կտանք»։
Էդգար Ղազարյանն էլ ասաց․ «Դատարանն էլ խելամիտ համարեց, որ ոչ միայն այդ արտահայտությունները լսվեն, այլև համատեքստը՝ դրան նախորդող ու հաջորդող այլ արտահայտություններ։ Օրինակ՝ մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ ես ասել եմ, որ ՍԴ դատավորները վարձկան ահաբեկիչներ են․ դա է՝ որպես մեղադրանքի հիմք։ Բայց ստեղ տեսանյութերը լսելուց ես պարզաբանում եմ․ այդ եզրույթը ասելուց հետո ես ասում եմ, որ դրանով իրենք ահաբեկում են մեր պետականությանը։ Այսինքն՝ ակնհայտ է դառնում, որ եզրույթը գործածվել է փոխաբերական իմաստով, այլ ոչ թե նենց, որ ենթադրենք՝ Վահե Գրիգորյանը գլխին կապած շորով, ավտոմատով ահաբեկիչ է։ Մեղադրական եզրակացության մեջ, որ նայում ես, տենց տպավորություն է ստացվում, բայց երբ ելույթն ես լսում ամբողջության մեջ, պարզում է, որ դա այլ ենթատեքստով է ասվել»։
Կարդացեք նաև
Էդգար Ղազարյանն ասաց՝ նույն տեսանյութը հանրային մեղադրողը՝ որպես չորս հատ ապացույց ներկայացրել է․ «Սա խոսում է այն մասին, թե ինչ որակով են աշխատել։ Տեսանյութերի բազմաթիվ հղումներ ընդհանարապես չէին բացվում։ Հանրային մեղադրողն ասում է՝ Էդգար Ղազարյանն իրավաբան չէ, մեկ էլ տեսանյութում ես ցույց եմ տալիս իրավագիտության մագիստրոսի կարմիր դիպլոմը։ Այսինքն՝ նշանակում է՝ ինքը տեսանյութն ամբողջության մեջ չի նայել, որ նայած լիներ, կիմանար։ Հենց այս արագությունը, վերաբերմունքը ցույց է տալիս, թե ինչ որակով են աշխատել։ Այն, որ ես մտքեր եմ արտահայտել, դրանց հետ հանրային մեղադրողը ոչ մի կապ չունի, դրանց հեղինակը ես եմ, քրեական օրենսգրքի հեղինակն էլ ինքը չէ․ օրենսդիրն է։ Ուզում եմ իմանալ՝ ինքն ինչի՞ հեղինակն է։ Ինքը ի՞նչն է ապացուցում։ Ապացուցման համար ինքը պետք է ներկայացներ անկողմնակալ վկայի, բայց էս գործում կա ընդամենը մեկ վկա․ ՍԴ աշխատակազմի ղեկավարն է, որը դիմումն է տվել։ Ոչ մի ուրիշ վկա չկա, ոչ մի տուժող չկա, ոչ մի փորձագետի եզրակացություն չկա։ Այսինքն՝ ինքը պիտի ապացուցի, որ այդ ասվածը նախ տեղեկություն է, երկրորդը՝ արատավորող տեղեկություն է, ինչ-որ մեկը դրանից տուժել է։ Ոչ սոցիոլոգիական հետազոտության արդյունք, ոչ մի բան չկա։ Իմ ելույթը բերել, դատարանում ներկայացնում են, ասում են՝ սա ապացույց է։ Դա իմ ելույթն է, ապացույցը պետք է լինի ապացուցելը, որ այդ ելույթը պարունակում է դատավորի հասցեին արատավորող տեղեկություն։ Տենց ոչ մի ապացույց հանրային մեղադրողը չի ներկայացրել։ Մենք գործ ունենք մի վարույթի հետ, որտեղ ապացույց գոյություն չունի»։
Էդգար Ղազարյանն ասաց՝ ինքն էլ ունի ապացույցներ, որոնք ապացուցում են իր անմեղությունը․ «Դրանք կներկայացնեմ դատարանին։ Դրանք հրապարակված նյութեր են, պաշտոնական փաստաթղթեր և գործողություններ, որոնք դատարանը՝ որպես վարույթ իրականացնող մարմին պիտի իրականացնի»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ