Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում այսօր «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի գործով հարցաքննվեց Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:
Հիշեցնենք, որ Իսագուլյանը մեղադրվում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց սուտ մատնության մեջ, հանիրավի նրանց առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրելու համար:
Ըստ առաջադրված մեղադրանքի` Գառնիկ Իսագուլյանը 2020 թվականի նոյեմբերի 23-ին` «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն իր նշանակած անձնագրային բաժանմունքների պետերի միջոցով 1400 հայկական անձնագրեր է բաժանել հայերենին տիրապետող ադրբեջանցիների, որից հետո վերջիններս մտել են Քաջարան և գնացել Արցախ:
Այնուհետև Գ. Իսագուլյանը, 2020 թվականի դեկտեմբերի 13-ին «168.am» լրատվական կայքում, իսկ դեկտեմբերի 14-ին՝ «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսների ժամանակ դարձյալ գիտակցելով, որ իր կողմից տրամադրված տեղեկատվությունը կեղծ է, հայտնել է, թե իբր Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը կազմակերպել է նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի նկատմամբ սպանության նախապատրաստություն՝ այդպիսով Սամվել Բաբայանին ուղղակի դիտավորությամբ հանիրավի մեղադրելով առանձնապես ծանր հանցագործության մեջ: Այս քրեական վարույթի շրջանակներում ներառված են նաեւ Փաշինյանի ու նրա թիմակիցների հասցեին Իսագուլյանի հնչեցրած հայտարարությունները:
Կարդացեք նաև
Սամվել Բաբայանն այսօր քրեական դատարանում իր զարմանքը հայտնեց, որ գտնվում է հենց այս դատարանում՝ ասելով, որ ինքը հանցագործության մասին հաղորդում չի տվել Իսագուլյանի հայտարարությունների վերաբերյալ, միայն զրպարտության համար դիմել է քաղաքացիական դատարան՝ պահանջելով ներողություն:
Ըստ Բաբայանի՝ իր ներկայացրած հայցի քննությունը դեռ չի սկսվել:
Մեղադրող դատախազի հարցին՝ ինչ շարժառիթ կարող էր Իսագուլյանն ունենալ նման հայտարարություններ անելու համար, պարոն Բաբայանն ի պատասխան խնդրեց այդ հարցն ուղղել Իսագուլյանին. «Որովհետեւ չգիտեմ՝ ինչ դրդապատճառ է ունեցել: Ես որեւէ խնդիր չեմ ունեցել այդ անձի հետ: Ինչ իմանամ՝ գլխում ինչ է եղել, որ այդպիսի հայտարարություններ է արել: Ես գիտեմ՝ քաղաքական կոնտեքստում մարդիկ են իրենց արտահայտություններն անում, դրա համար քննչական մարմին կա, թող հարցաքննեն, ճշտեն, եթե այդ անձն եմ, թող ձերբակալեն, եթե չէ՝ ներողություն խնդրեն»:
Բաբայանի հարցաքննությունն այսքանով ավարտվեց, ինչից հետո Գառնիկ Իսագուլյանը ներողություն խնդրեց Բաբայանից.
«Ներողություն եմ խնդրում մարտական ընկերոջիցս, պատերազմում պարտվել էինք, էդպես ստացվեց»:
Իսագուլյանի պաշտպանը միջնորդեց նաեւ վերացնել Իսագուլյանի նկատմամբ կիրառված ՀՀ-ից բացակայելու արգելքը՝ պարզաբանելով, որ Իսագուլյանը ցանկանում է այցելել ՌԴ-ում գտնվող դստերը, որի երեխան այս տարի առաջին դասարան է գնալու:
Դատարանը բավարարեց այս միջնորդությունը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ