Հակակոռուպցիոն դատարանում Վահե Դոլմազյանի նախագահությամբ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստում այսօր ճառով հանդես եկավ Ռուբեն Վարդազարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: «Սկսեմ նրանից, որ ինչպես Ռուբեն Վարդազարյանը, այնպես էլ նրա պաշտպաններս, մշտապես հայտարարել ենք եւ հիմա էլ պնդում ենք, որ Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ սույն քրեական գործը ապօրինի կերպով հարուցվել է, նրան ապօրինի մեղադրանք է առաջադրվել, նրա՝ ԲԴԽ նախագահի լիազորությունները կասեցվել են բացառապես քաղաքական իշխանության ցանկությամբ եւ կամքով, եւ որ մենք գործ չունենք սովորական քրեադատավարական գործընթացների հետ:
Նախկինում բոլոր այն դեպքերում, երբ մենք նման հայտարարություններ էինք անում, մեղադրողը, դատարանը հորդորում էին, որպեսզի քաղաքական բնույթի հայտարարություններ չանենք, սակայն իրականում մենք քաղաքական բնույթի հայտարարություններ չենք արել, այլ ընդամենը կոնկրետ փաստեր ենք արձանագրել. ասում էինք՝ այս փաստը կա, այն փաստը կա: Դա ինչի՞ է ընկալվել որպես քաղաքական հայտարարություն, որովհետեւ քաղաքական բնույթ են ունեցել իրենց մեջ հենց սուբյեկտների առումով, գործողությունների առումով: Այս քրեական գործի քաղաքական բնույթը հաստատող բազմաթիվ ապացույցները իմ գործընկեր Արամ Օրբելյանը կներկայացնի իր ճառում, առավել շեշտադրումները դրանց վրա ինքն է կատարելու»,- հայտարարեց Երեմ Սարգսյանը:
Ու մեղադրողի ճառում իր մասով տեղ գտած տեղեկությունները հաշվի առնելով՝ նշեց, որ ստիպված է քաղաքական բնույթի վերաբերյալ որոշ փաստեր եւ ապացույցներ ներկայացնել:
Երեմ Սարգսյանը նոր էր սկսել ներկայացնել եւ հիմնավորել իր փաստարկները, նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը ընդհատեց նրան եւ դիմելով մյուս փաստաբանին՝ Արամ Օրբելյանին, նրան դիտողություն արեց՝ կասկած հայտնելով, որ վերջինը այդ պահին հեռախոսով, հնարավոր է, խաղ է խաղում: Դատավորի եւ պաշտպանի միջեւ բանավեճ սկսվեց:
Կարդացեք նաև
«Հարգելի դատարան, ինչի՞ եք իմ հեռախոսի մեջ նայում եւ վերարտադրում ինչ-որ ձեզ թվում է, թե տեսնում եք իմ հեռախոսի էկրանին: Դուք ենթադրում եք, որ ես խաղ եմ խաղում իմ հեռախոսով: Դա ձեր ենթադրությունն է: Դուք դա բարձրաձայնելու իրավունք չունեք: Ավելին, դուք իմ հեռախոսի մեջ նայելու իրավունք չունեք: Դուք կարող եք մաքսիմում ասել՝ հեռախոսը ձեռքի մեջ մի պահեք: Հեռախոսը ձեռի մեջ պահելու որեւէ սահմանափակում չկա: Դուք իմ հեռախոսի մեջ ինչի՞ եք նայում: Առարկում եմ նախագահողի գործողությունների դեմ: Նախագահողը իրավունք չունի իմ հեռախոսի մեջ նայի: Սա ես արձանագրում եմ»,- հայտարարեց փաստաբանը:
Վահե Դոլմազյանը նշեց, որ դատարանը որպես վարույթն իրականացնող մարմին, իսկ դատավորը որպես նախագահող, նաեւ դատական կարգը պահպանելու տեսանկյունից, իրավունք ունի: Եվ եթե փաստաբանը մասնակցում է դատական նիստին, այլ բանով չի զբաղվում:
«Դուք կարող եք ասել՝ հեռախոսը մի պահեք ձեզ մոտ: փորձել նայել բովանդակությունը, տեսնել, թե ինչ կա մեջը՝ խաղ է, թե տեքստ եմ կարդում, թե ֆիլմ, վիդեո եմ նայում այս պահին նիստի հետ կապված, այստեղ ուղիղ հեռարձակումն եմ վերարտադրում, որ տեսնեմ ինչ է, դա իմ գործն է: Դուք կարող եք ասել հեռախոսը դրեք կողք, եւ քննարկենք՝ դա իրավաչա՞փ, թե՞ ոչ իրավաչափ պահանջ է: Փորձեք իմ հեռախոսի բովանդակությունը նայել եւ դրա վերաբերյալ անեք բարձրաձայն հայտարարություն ինչ-որ բանի հետ կապված, դրա իրավունքը նախագահողին տրված չէ»,- պնդեց Արամ Օրբելյանը եւ դրանով բանավեճը ավարտվեց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ