Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքրիկ անախորժություն՝ ողբերգության ֆոնի վրա

Օգոստոս 01,2025 10:00

Ինչպես հայտնի է՝ այս իշխանության գաղափարական եւ, կասեի, կազմակերպչական հիմքն է ատելությունն ու թշնամանքը: Դրա թիրախները կարող են տարբեր լինել՝ «նախկինները», ռուսները, հոգեւորականները, Սամվել Կարապետյանը կամ որեւէ այլ գործիչ: Կարեւորը ատելության այդ կրակը թեժ պահելն է: Իմ տպավորությամբ՝ Հայաստանի վարչապետն ամեն օր արթնանում է այն մտքով, թե է՛լ ինչ ֆեյսբուքյան ստատուս պիտի գրի, որ սկանդալ, վեճ, գզվռտոց առաջացնի: Որ երկրպագուներն ու ընդդիմախոսները, զարգացնելով թեման, իրար մասին հնարավորինս կեղտոտ եւ վիրավորական գրառումներ ունեն:

Ատելության հիմնական օբյեկտներից են արցախցիները, եւ դա, իհարկե, ունի իր բացատրությունը. այդ մարդկանց վիճակի համար մեղավորները չեն ընդունում իրենց մեղքը, եւ նման դեպքերում լավագույն պաշտպանությունը հարձակումն է: Իշխանությունը մեզ փորձում է համոզել, որ արցախցիներն արժանի չեն օգնության, նրանք ռուսական ազդեցության գործակալներ են, ուզում են տապալել մեր ազգընտիր եւ վսեմաշուք վարչապետին: Եվ ընդհանրապես պետք է պարզել՝ արդյոք նրանք հա՞յ են:

Ահա այդ «հեյթի» ալիքներն է իշխանությունը պարբերաբար ուղղորդում մեր հայրենակիցների դեմ, եւ դա ծայրահեղ ցինիզմ է՝ հաշվի առնելով, թե ինչ վիճակում են այդ մարդիկ:

120 հազար մարդ զրկվել է ամեն ինչից՝ տնից, աշխատանքից, ծնողների եւ պապերի գերեզմաններից: Պետությունը նրանց մասին «մոռացել» է՝ այն չնչին նպաստը, որը տալիս էր, դա էլ շատ համարեց, իսկ իրականում իշխանությունները ցանկանում են, որ նրանք որքան հնարավոր է՝ շուտ գնան Հայաստանից: Այդ մարդկանց վիճակն իրապես ողբերգական է: Դուք, հավանաբար, տեսել եք, թե ինչպես են նրանք ջարդուխուրդ եղած «Ժիգուլիի» տանիքին կապում 30-40 տարվա պահարան, որ քշեն «ռայոն»՝ միայն այնտեղ են նրանք կարողանում մի անկյուն վարձել:

…Այդ ողբերգական ֆոնի վրա այն փաստը, որ «Առավոտին» վտարում են Մամուլի շենքից, փոքրիկ անախորժություն է, որի մասին չարժե երկար խոսել: Ի դեպ, օգոստոսի 2-ին «Առավոտը» դառնում է 31 տարեկան:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Բարի տարեդարձ – եւ կարեկցութիւն – :

    ՀՀի այս վիճակով, համայն Հայութիւնը անտունի դարձաւ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031