Լրահոս
Օրվա լրահոսը

Iranian Diplomacy. Տարբեր կողմերից ճնշումների ենթարկվող  Երեւանն այս պահին գոյութենական խնդիր է լուծում. «Ազգ»

Օգոստոս 01,2025 09:00

Արցախյան պատերազմի թեժ օրերին Իրանի Թավրիզ քաղաքում հիմնադրված «Թրենդ» ուղեղային կենտրոնը «գործունեության ուղեգիր է ստացել Իրանի արտաքին քաղաքականության ձեւավորման եւ երկրի բարձրաստիճան պատասխանատուների քաղաքական որոշումների կայացման հարցում Թավրիզ քաղաքի խաղացած դերն ընդգծելու նպատակով»,   նշված է կենտրոնի ազդարարագրում:

Պետության կողմից հովանավորվող վերը նշված կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռամին Ֆարհուդին Իրանի ԱԳՆ-ի հետ փոխկապակցված Iranian Diplomacy կայքում «Զանգեզուրյան միջանցքի» մասին ուշագրավ վերլուծական հոդված է հրապարակել, որն ամբողջությամբ արտահայտում է Իրանի պաշտոնական տեսակետները:

Ռուսաստան

Հոդվածագիրը համոզված է, որ Ռուսաստանը Ուկրաինայի հետ ռազմական գործողությունների պայմաններում փորձում է գտնել նոր տնտեսական ուղիներ: Ըստ այդմ՝ թեեւ Մոսկվայի նախընտրած տարբերակն Իրանի հետ համագործակցությամբ Հյուսիս-Հարավ միջանցքի գործարկումն էր, սակայն Իրանի անգործությունը խոչընդոտեց դրա իրականացմանը:

Ռամին Ֆարհուդիի պատկերացմամբ՝ «Զանգեզուրի միջանցքը» կարող է միացնել Ռուսաստանը Թուրքիայի միջոցով եվրոպական շուկաներին, բայց ռուսների համար անընդունելի է ՆԱՏՕ-ի ներգրավվածությունը այս գործընթացում:

Իրան

Ֆարհուդին հիշեցնում է, որ Իրանը բազմիցս ընդգծել է տարածաշրջանի ճանաչված սահմանների պահպանման անհրաժեշտությունը եւ այն փաստը, որ Թեհրանը դեմ է Թուրքիայի ազգայնական քաղաքականությանը, Իսրայելի ներթափանցմանը Ադրբեջանում եւ ռուսների հնարավոր խաղերին:

Հեղինակը նաեւ անդրադառնում է Արաքս գետի երկայնքով Իրանի անցկացրած զորավարժություններին՝ միջանցքի գործարկման նկատմամբ իր անհամաձայնությունն  ի ցույց դնելու համար՝  հավելելով, որ Սյունիքի կորուստը Իրանի համար կնշանակի դեպի Եվրոպա եւ Ռուսաստան ցամաքային կապի կորուստ:

Հայաստան

Հեղինակի պատկերացմամբ՝ տարբեր կողմերից ճնշումների ենթարկվող  Երեւանն այս պահին գոյութենական խնդիր է լուծում: Փաշինյանի կառավարությունը, հեղինակի կարծիքով, փորձում է գոհացնել բոլորին, սակայն Հայ Առաքելական Եկեղեցին չի ընդունում ՀՀ վարչապետի խաղերը: Բարձրաստիճան հոգեւորականների ձերբակալությունն էլ, հեղինակի համոզմամբ, վերջիններիս լռեցնելու նպատակ է ունեցել:

Խոսելով ստեղծված փակուղուց դուրս գալու եւ տնտեսական խնդիրներ լուծելու Փաշինյանի ծրագրերի մասին՝ հոդվածագիրն անդրադառնում է ՀՀ վարչապետի հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որին ընդդիմանում է Ռուսաստանը, իսկ Փաշինյանը փորձում է ՆԱՏՕ-ի միջոցով ապահովել երկրի անվտանգությունը, ինչը լուրջ մտահոգություններ է առաջացնում Թեհրանում:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031