Լրահոս
Մեկ բրոնզե մեդալ
Օրվա լրահոսը

5 հազար անօրինական ներգաղթյալների ժամանակավոր ավանի համար գործարքը եւ կոնգրեսական «Արժանապատվության ակտը»

Օգոստոս 01,2025 14:00

Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմը 1,2 մլրդ դոլար արժողությամբ գործարք է կնքել մասնավոր ընկերության հետ՝ նախքան արտաքսումը մինչեւ 5 հազար բերման ենթարկված անօրինական ներգաղթյալների ժամանակավոր պահման հսկայական վրանային ավան կառուցելու նպատակով։

Գործարքը կնքվել է պաշտպանության նախարարության կողմից, իսկ ավանը կկառուցվի ԱՄՆ Տեխաս նահանգի՝ Մեքսիկային սահմանակից Fort Bliss ռազմաբազայում։ Էլ Պասո քաղաքում գտնվող այս ռազմաբազայի մակերեսը գերազանցում է 4,4 հազար քկմ-ն, ուստի տարածքը լիուլի բավարարում է այս մեգա ծրագիրը կյանքի կոչելու համար։

Ըստ պաշտոնական հրապարակումների՝ ավանը կհանձնվի շահագործման 2027 թվականի սեպտեմբերին։ Այդ ժամանակ Դոնալդ Թրամփը դեռ պաշտոնավարելիս կլինի որպես նախագահ։

Կառուցման պարագայում վրանային ավանը անօրինական ներգաղթյալների պահման խոշորագույն վայրը կդառնա Միացյալ Նահանգներում։

Ալիգատորներով շրջապատված կենտրոն՝ Ֆլորիդայում

Հուլիսին անօրինական ներգաղթյալների համար իր «դռները բացեց» արտակարգ պայմաններում եւ ընդամենը ութ օրում կառուցված մեկ այլ պահման վայր, տարողունակությունը՝ 3 հազար մարդ։

Այս մի կենտրոնը գտնվում է Թրամփին աջակցող Ֆլորիդա նահանգի Էվերգլեյդներում, որոնք ենթատրոպիկական թաց էկոհամակարգ են։ Այստեղ առկա են ճահճային խոշոր խոտածածկ գոտիներ։ Կենտրոնի մերձակա տարածքն առատ է ճահիճներով, մոծակներով, պիթոն օձերով, ինչպես նաեւ Ֆլորիդային հատուկ ալիգատորներով։

Նահանգային իշխանություններն ընդունում են, որ անօրինական ներգաղթյալների ժամանակավոր պահման վայրը հատուկ է ընտրվել, քանի որ տարածքի բնական արգելքներն ունակ են կանխել պահվող անձանց փախուստը։ Այդ է պատճառը, որ կենտրոնի ոչ պաշտոնական անվանումն է՝ «Ալիգատոր-ալկատրաս»:

Աննախադեպ հակազդեցություն անօրինական ներգաղթի հանդեպ

Միացյալ Նահանգներն աննախադեպ ծախսեր է կատարում՝ անօրինական ներգաղթին հակազդելու համար։

Կոնգրեսի կողմից ընդունված եւ նախագահ Թրամփի կողմից խորհրդանշորեն երկրի անկախության օրը՝ հուլիսի 4-ին, ստորագրված «Մի մեծ, հիասքանչ ակտ» անունը կրող օրինագիծը 45 մլրդ դոլար է հատկացնում այս օրերին անօրինական ներգաղթյալների սարսափ հանդիսացող Միգրացիոն եւ մաքսային ոստիկանության ծառայությանը։

Գումարն, ըստ ամերիկյան իշխանությունների, նպաստելու է Ծառայության կատարելագործմանը, գործունեության արդյունավետությանը, նոր սարքավորումների ձեռքբերմանը եւ արտաքսումից առաջ ժամանակավոր պահման ավելի խոշոր հաստատությունների կառուցմանը։

7- ամյա օրինական կարգավիճակ. ի՞նչ է «Արժանապատվության ծրագիրը»

Հատկանշական է նաեւ, որ անօրինական ներգաղթի դեմ Սպիտակ տան պայքարին զուգահեռ ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատում՝ Ներկայացուցիչների տանը, Ֆլորիդան ներկայացնող հանրապետական Մարիա Սալազարը, Տեխասի դեմոկրատ Վերոնիկա Էսկոբարը եւ այլ ներկայացուցիչներ մուտք են արել «Արժանապատվության ակտ» անվամբ օրենքի նախագիծ։

«Արժանապատվության ակտը» սահմանում է «Արժանապատվության ծրագիրը», որը 2020 թվականի դեկտեմբերի 31-ից առ այսօր ԱՄՆ-ում գտնվող չփաստաթղթավորված ներգաղթյալներին հնարավորություն կընձեռի վերադառնալ օրինականության դաշտ եւ ձեռք բերել 7-ամյա օրինական կարգավիճակ եւ աշխատանքի իրավունք։

7 տարիների ընթացքում ծրագրից օգտվողները պարտավորվում են վճարել 7 հազար դոլար։

Ծրագրից օգտվելու պայմաններից են՝ դաշնային եւ նահանգային օրենքների հարգումը, քրեական դատվածության բացակայությունը, հետադարձ հարկերի վճարումը, եկամտահարկի վճարումը եւ առողջապահական ապահովագրության առկայությունը։ Ծրագրից օգտվելու իրավունք ստացած անձինք չեն հեռացվի Միացյալ Նահանգներից, միաժամանակ ձեռք կբերեն ճամփորդելու իրավունք։

Ամերիկյան սոցիալական ծրագրերից օգտվելու իրավունք նրանք չեն ստանա։

Եթե անձը հաջողությամբ ավարտում է «Արժանապատվության ծրագրի» 7 տարիները, նա հնարավորություն կունենա այդուհետ՝ յուրաքանչյուր յոթ տարին մեկ, երկարաձգել իր օրինական կարգավիճակը՝ բացառելով քաղաքացիության ձեռքբերման իրավունքը։ Սոցիալական ծրագրերը նույնպես անհասանելի կմնան։

Ի՞նչ փուլում է օրինագիծը

Ներկայացուցիչների տան հաջորդ նստաշրջանում համապատասխան գլխադասային հանձնաժողովը կհետազոտի օրինագիծը։ Անդամների մեծամասնության հավանությանն արժանանալուց հետո օրինագիծը կընդգրկվի Տան լիագումար նիստերի օրակարգ։ Այնտեղ հաջողելու պարագայում նույն գործընթացը կմեկնարկի Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում։

Կոնգրեսի կողմից ընդունվելու դեպքում նախագիծը կդրվի նախագահի գրասեղանին՝ ստորագրվելու եւ օրինական ուժի մեջ մտնելու համար։ Նախագահը կարող է օգտվել վետոյի իր իրավունքից։

Գործադիրը դեռեւս դիրքորոշում չի հայտնել կոնգրեսական նախաձեռնության կապակցությամբ։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Լուսանկարում՝ Տեխասի Fort Bliss ռազմաբազան

«Առավոտ» օրաթերթ
31.07.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031