Լրահոս
Մեկ բրոնզե մեդալ
Օրվա լրահոսը

Ռուսական շողոքորթության ու քծնանքի պտուղները

Օգոստոս 01,2025 12:00

Ինչո՞ւ էին լուռ ռուսաստանցի «աստղերը», երբ Արցախը հայաթափվեց, իսկ Բաքվի բանտերում հայտնվեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը

Հիշո՞ւմ եք, թե ռուսաստանցի իշխանական փորձագետներն ու մեկնաբաններն ինչպիսի ակնածանքով էին արտահայտվում «բարձրագույն մակարդակի դիվանագետ», МГИМО-ն ավարտած կրտսեր Ալիեւի մասին անգամ 44-օրյա պատերազմի թեժ օրերին, երբ խոսում էին ռազմաճակատում հայկական կորուստների մասին:

Փոխվել են ժամանակները… Այն բանից հետո, ինչ մի քանի ամիս է՝ Ադրբեջանը «ատամ է ցույց տալիս» Ռուսաստանին, ռուսական քարոզչամեքենան կամաց-կամաց արդեն անցել է գործի:

«Ռոսիա 1» հեռուստաալիքի «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում ռուսական քարոզչամեքենայի կարկառուն ներկայացուցիչ, ռուսաստանցի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը մեկնաբանել է ՏԱՍՍ-ի նախկին գլխավոր տնօրենի տեղակալ Միխայիլ Գուսմանի եւ ադրբեջանական շահերի սպասարկու Սերգեյ Մարկովի այցը Արցախ։

Փաստորեն, Ռուսաստանում նախընտրում էին տարիներով հանրահայտ փաստերի մասին լռել, եւ սկսել են արտահայտվել միայն այն բանից հետո, երբ Ալիեւը բառիս բուն իմաստով հրապարակայնորեն ստորացնում է Մոսկվային:

«Երկու մարդ թույլ տվեցին իրենց մարդկային ստահակություն կատարել այն պահին, երբ մեր լրագրող գործընկերները խոշտանգվում են ադրբեջանական զնդաններում։ Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացիներ (նրանցից մեկը վերջերս էր բարձր պաշտոն զբաղեցրել) հայտնվում են Շուշիում՝ ադրբեջանական կողմի անհատական հրավերով։ Ու նրանք իրենց անգամ նեղություն չտվեցին հարց ուղղել մեր գործընկերների ճակատագրի մասին։ Նրանք իրենց թույլ տվեցին գովեստի խոսքեր հնչեցնել։ Սա ոչ միայն մասնագիտական, այլեւ մարդկային ստահակության դրսեւորում է։ Նրանցից մեկը, բարեբախտաբար, թոշակի անցավ։ Ես դա կվերագրեմ տարիքին։ Իսկ երկրորդը՝ ոմն Մարկովը, հուսով եմ՝ այլեւս երբեք չի հրավիրվի որեւէ ռուսական լրատվամիջոց։ Կամ թող նրան հայտարարեն օտարերկրյա պետության գործակալ, որը մեր երկրի տարածքում իր շահերն է առաջ տանում։ Այս պահին այնտեղ լինելը եւ մեր գործընկերների, եւ հայրենակիցների ճակատագրի մասին չհարցնելը ոչ միայն ստահակություն է, այլեւ դավաճանության սահմանագիծ», -ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ նույն հավաքի ժամանակ պատասխանելով ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի հարցին, Ալիեւը խորհուրդ էր տվել ուկրաինացիներին` «երբեք չհաշտվել օկուպացիայի հետ»:

Արցախի հայաթափումը, արցախահայերին շրջափակման մեջ պահելու փաստը հեշտ ու հանգիստ «մարսած» ռուսական քարոզչամեքենայի ներկայացուցիչները, պալատական փորձագետները ֆոսֆորային բռնապետ Ալիեւի ագրեսիան ընդդեմ հայերի արդարացրել են, իսկ արցախահայության բռնի տեղահանումը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների աչքի առաջ, ահա այսօր նրանք «զարմացած» են, թե ինչպես կարող է Ալիեւի ռեժիմը ռուս լրագրողներին պահել զնդանում, իսկ այդ պայմաններում ռուսաստանցի գործիչները գնան Արցախ ու մեծարեն «հաղթանակած» Ալիեւին:

Բայց չէ՞ որ նույն բանը տեղի է ունեցել, երբ ռուսաստանցիները արդարացրել են Ալիեւի ագրեսիան ընդդեմ Արցախի:

Կամ, վերջերս, ռուսաստանցի հանրահայտ բազմաթիվ դեմքեր` երգիչներ, կոմպոզիտորներ, մեկնաբաններ (նաեւ`Վլադիմիր Սոլովյովը. հեղ.) մի մարդու նման հանդես եկան ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի: Դա լավ է, իհարկե, որ իր հայրենիքում բանտարկված հանրահայտ հային պաշտպանում են եւ իհարկե՝ աբսուրդ է, որ Սամվել Կարապետյանը բանտում է` «իշխանությունը զավթելու հրապարակային կոչի» համար: Բայց ինչո՞ւ էին լուռ ռուսաստանցի «աստղերը», երբ արցախցիները շրջափակման մեջ էին, երբ Արցախը հայաթափվեց, իսկ Բաքվի բանտերում հայտնվեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը… Կամ ինչո՞ւ են նրանք հիմա լուռ, երբ Արցախի հայկական մշակութային ժառանգությունն է ոչնչացվում…

Ի դեպ, հիշեցնենք, որ 2022թ. դեկտեմբերին, մինչ ռուսաստանյան լրատվականները Արցախում տեղի ունեցող իրադարձությունները ներկայացնում էին՝ ապահովելով «չեզոքություն», իսկ ռուսաստանցի փորձագետները խորհրդավոր լռություն էին պահպանում, համարձակվել էր հանդես գալ միայն մեկ մասնագետ՝ Միխայիլ Ալեքսանդրովը: Սակայն նրա ելույթը Մոսկվայում շատերին դուր չէր եկել, եւ МГИМО-ն` Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը Ալեքսանդրովին ազատեց աշխատանքից:

Հետեւաբար, բացառապես հարուստներին աջակցելու ռուսական այս շողոքորթությունը, քծնանքը, երեսպաշտությունն ուղղակի անտանելի է, իսկ ռուսական մեդիայի հանրահայտ դեմքերի «պատվերով» ճառերը` ըստ «փչած քամու ուղղության», ընդամենը ծիծաղ կարող են առաջացնել: Այսօր Ալիեւին պետք է «նեղել»` կարտահայտվեն հայտնի փաստերի վերաբերյալ, վաղը պետք լինի կրկին փառաբանել նրան, դա կանեն մեծ հաճույքով, մոռանալով իրենց երբեմնի գնահատականները: Եվ ի դեպ, Հայաստանում այդ կեղծ ելույթներից ոգեւորվողներն էլ չպետք է մոռանան ոչ վաղ անցյալի փաստերը:

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, որոնք ժամանակ առ ժամանակ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ համարձակ հայտարարություններով են հանդես գալիս, ու տպավորություն է ստեղծվում, թե նրանք «տեղն են դնում» ՌԴ իշխանություններին: Իրականում, ռուսական գծին հակադրվելու իրական քայլեր Փաշինյանի իշխանությունը չի իրականացրել:

Օրերս, օրինակ, ուշագրավ հայտարարություններով հանդես եկավ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Ինչպես հայտնի է, անցյալ շաբաթ Ալթայում կայացել էր Փաշինյան-Միշուստին հանդիպումը: Ահա Օվերչուկը հայտնել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ առեւտրատնտեսական համագործակցության հարցերը։ Նրա խոսքով՝ Մոսկվային անհանգստացնում է Երեւանի հետ առեւտրաշրջանառության կրճատումը։ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կանգ առանք առեւտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերի վրա։ Իհարկե, մեզ մտահոգում է երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության կրճատումը։ Մենք քննարկել ենք, թե ինչ պետք է անել, որպեսզի իրավիճակը կարգավորվի»,- թեման շարունակել է Օվերչուկը՝ հավելելով, որ քննարկման հարցերի թվում եղել է նաեւ Հայաստանում ռուսական ներդրումների թեման։

Բացի այդ, ըստ Օվերչուկի, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ Հարավային Կովկասում առկա իրավիճակին։ «Քննարկվել են Հարավային Կովկասի օրակարգին վերաբերող հարցեր: Եվ ընդհանուր առմամբ զրույցը շատ օգտակար էր»,- ասել է նա։ Ռուս պաշտոնյան հայտնել է, որ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը հաստատել է Երեւանի շահագրգռվածությունը՝ շարունակել համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում։ «Ընդհանուր առմամբ, Հայաստանը, եւ այսօր դա նույնպես քննարկվել է, տրամադրված է շարունակել աշխատանքը Եվրասիական տնտեսական միությունում»,- նշել էր Ռուսաստանի փոխվարչապետը։

Մոսկվան Երեւանի հետ քննարկում է Եվրասիական տնտեսական միությունում փոխգործակցությունը եւ մտահոգություն հայտնում որոշ հարցերի շուրջ, նկատել էր Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հեռանկարների մասին լրագրողների հարցին։ «Այստեղ խոսքը ԵՄ-ին անդամակցելու՝ Փաշինյանի անփոփոխ ցանկության մասին չէ։ Մենք, իհարկե, քննարկում ենք ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության հարցերը։ Եվ այս տեսանկյունից մենք ուշադրություն ենք դարձնում, թե ինչ որոշումներ են կայացվում Հայաստանի կողմից նորմատիվ-իրավական ոլորտում։ Կառավարության որոշ ակտեր կան, որոնք մեզ մոտ հարցեր են առաջացնում»,- ընդգծել էր ռուսաստանցի պաշտոնյան։ Օվերչուկը հստակեցրել էր, որ խոսքը, մասնավորապես, վերաբերում է ապրանքների սերտիֆիկացման հարցերին. «Խոսքը Եվրամիության, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ այլ երկրների ստանդարտներին համապատասխան սերտիֆիկացված սննդամթերքի թույլտվության մասին է, որոնք չեն համապատասխանում Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացմանը: Մենք, իհարկե, մտահոգություններ ենք հայտնում նման հարցերի վերաբերյալ»։

Դատելով Օվերչուկի արձանագրումից, որ Փաշինյանը հաստատել է Երեւանի շահագրգռվածությունը՝ շարունակել համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում, պաշտոնական Երեւանը ԵԱՏՄ-ի մասով որեւէ հետքայլի միտված չէ դիմել:

Հ.Գ.  Լուսանկարում. 2024թ. օգոստոսի 18-19-ը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով Ադրբեջանում էր: Բանակցություններից առաջ նա Բաքվում ծաղկեպսակ դրեց Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի շիրիմին ու ծնկաչոք պատվեց նրա հիշատակը: Պուտինը ծաղիկներ խոնարհեց նաեւ Իլհամ Ալիեւի մոր հուշարձանի առջեւ, կրկին` ծնկի գալով:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.07.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031