Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի Հանրապետությունը որևէ պարտավորություն չի ունեցել՝ որևէ «թույլտվություն» ստանալու հարևան պետության ղեկավարությունից

Օգոստոս 01,2025 14:04

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի այն հայտարարությունները, որոնք վերաբերում են Ստեփանակերտում տեղադրված՝ մեծանուն հայ ծովանկարիչ Հովհաննես (Իվան) Այվազովսկու հուշարձանի ապամոնտաժմանը, անօրինական, մանիպուլյատիվ են և չեն արտացոլում իրականությունը։

Այվազովսկու արձանը տեղադրվել է 2021 թվականին՝ իրավական և թափանցիկ նախաձեռնության շրջանակում, որը կյանքի է կոչվել Արցախի Հանրապետության պետական մարմինների, Արցախի ռուսական համայնքի և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության համագործակցությամբ։ Այն պնդումը, թե հուշարձանը տեղադրվել է իբր առանց ադրբեջանական իշխանությունների «թույլտվության» և այդ իսկ պատճառով ապամոնտաժվել է, հիմք չունեցող փորձ է՝ արդարացնելու մշակութային վանդալիզմի ակտը։

Պետք է հստակ ընդգծել, որ անկախ Արցախի Հանրապետությունը իր որոշումները կայացրել է ինքնիշխանության լիարժեք իրավունքով, և որևէ պարտավորություն չի ունեցել՝ որևէ «թույլտվություն» ստանալու հարևան պետության ղեկավարությունից։

2023 թ․ սեպտեմբերին Արցախի բնակչության բռնի տեղահանությունից հետո, Ադրբեջանի օկուպացիոն վարչակազմը նպատակային կերպով անցել է հայկական պատմամշակութային հուշարձանների համակարգված ոչնչացմանը։ Այդ թվում են՝ Ստեփան Շահումյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի արձանները, ինչպես նաև տասնյակ հուշարձաններ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմին, մշակութային կենտրոններ, թանգարաններ, եկեղեցիներ ու միջնադարյան գերեզմանատներ։
Հատկանշական է, որ Ստեփանակերտ անվանումը քաղաքին տրվել է հենց Բաքվի իշխանությունների կողմից՝ 1923 թվականին, ի պատիվ հայ հեղափոխական, Բաքվի կոմիսարների առաջնորդ Ստեփան Շահումյանի։ Հետևաբար՝ բոլոր այն պնդումները, որոնք վերաբերում են «հակաօրինական» կերպով տեղադրված հայկական հուշարձաններին, ոչ պատմական, ոչ էլ իրավական հիմնավորում չունեն։

Միջազգային կառույցները՝ ՄԱԿ-ը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Եվրոպայի խորհրդը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող այլ միջազգային հաստատությունները՝ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն՝ արձանագրված և շարունակվող մշակութային ցեղասպանության դրսևորումներին հակազդելու համար։ Միջազգային իրավունքի ակնհայտ խախտումների պայմաններում անհետևողականությունը համարժեք է մշակութային բնույթի հանցագործությանը մասնակցելուն:

Արցախի մշակույթի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031