Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն առայժմ դուրս է մնում «Սևծովյան էլեկտրական մալուխ» նախագծից. ԻՔՄ

Օգոստոս 01,2025 14:53

Եվրոպական միությունը նախաձեռնել է իր էներգետիկ անվտանգությունն ապահովող և ռուսական էներգակիրներին փոխարինող «Կասպյան-սևծովյան կանաչ էներգետիկ միջանցք» նախագիծը, որում ընդգրկված են հարավկովկասյան երկու երկիր՝ Ադրբեջանն ու Վրաստանը, ինչպես նաև ԵՄ անդամ Ռումինիան, Հունգարիան և Բուլղարիան։

Ծրագրի նպատակն է Հարավային Կովկասի էլեկտրացանցը կապել Եվրոպական միության հետ և մեր տարածաշրջանից էլեկտրաէներգիա մատակարարել դեպի ԵՄ (այդ թվում՝ արևային): Հայտնի է, որ Հայաստանը ևս պաշտոնապես ցանկություն է հայտնել մասնակցելու նախագծին, սակայն դրա իրագործման շուրջ վերջին կարևոր զարգացումները հուշում են՝ երկիրը, կարծես թե, դուրս է մնացել նախաձեռնությունից։

Նախագծին մասնակցությունը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն։ Այն հնարավորություն կտա երկրին ապահովել իր էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը, դառնալ կանաչ էներգիայի արտադրող և, միգուցե, տարանցիկ երկիր, ինչպես նաև արտահանել սեփական էներգետիկ ռեսուրսները։

Ավելին, ԵՄ էներգետիկ ցանցին միանալը էապես կավելացնի Հայաստանում արևային և ատոմային էլեկտրաէներգիայի եկամտաբեր հզորությունների ստեղծման պոտենցիալը: Եվ ի վերջո, այն հնարավորություն կտա էապես նվազեցնել էներգետիկ կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից, որն այդ գործոնը բանեցնում է Հայաստանի վրա որպես քաղաքական ճնշման գործիք։

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» անդրադարձել է էներգետիկ նախագծին, դրա շուրջ զարգացումներին և Հայաստանի ներգրավվածության հարցին։

€23 միլիարդ՝ Միջին Ասիան, Հարավային Կովկասն ու ԵՄ-ն կապող նախագծի համար

2025 թվականի ապրիլին Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը, Euronews-ի հետ զրույցում անդրադառնալով նախագծին, հայտնեց, որ դրա իրականացումն արդեն գործնական փուլ է մտել։

Ադրբեջանցի պաշտոնյան նշում էր նաև, որ նախագծի մասնակիցներից չորս երկրները (բացառությամբ՝ ավելի ուշ միացած Բուլղարիայի) արդեն ստեղծել են համատեղ կազմակերպություն՝ Green Energy Corridor Power Company (GECO), որը զբաղվելու է նախագծի իրականացման և ներդրումային հարցերով։

2022 թվականի դեկտեմբերի 17-ին Բուխարեստում Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան ստորագրեցին «Կանաչ էներգիայի զարգացման և փոխանցման ոլորտում ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր», որի շրջանակում էլ նախատեսվում է Հարավային Կովկասից դեպի Եվրոպա էներգետիկ միջանցք կառուցել:

Նախատեսվում է անցկացնել 1,195 կմ երկարությամբ բարձր լարման էլեկտրահաղորդման մալուխ, որից 1,100 կմ-ը՝ Սև ծովի ստորջրյա հատվածով։ Այն պետք է կապի Ադրբեջանի Կասպից ծովի ափին կառուցվելիք հողմաէլեկտրակայանները Վրաստանին, ապա անցնելով Սև ծովով, Ռումինիայի տարածքով հասնի Հունգարիա։

Մալուխն ունենալու է 1 ԳՎտ հզորություն:

Ըստ տարբեր հաշվարկների՝ մալուխի անցկացումը կտևի երեքից չորս տարի, իսկ ամբողջական նախագիծը նախատեսվում է ավարտին հասցնել 2030 թվականին։ Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է դրա իրագործման համար տրամադրել 2.3 միլիարդ եվրո:

Նախագծի իրագործման ակտիվ ընթացքն ու նոր դերակատարները

Արդեն 2023 թվականի հուլիսի 25-ին չորս մասնակից երկրների կառավարությունները ստորագրեցին  համաձայնագիր՝ նախագծի իրականացման համար համատեղ շահագործող ձեռնարկություն ստեղծելու վերաբերյալ․ խոսքը վերը հիշատակված Green Energy Corridor Power Company-ի (GECO) մասին է։

Իսկ մեկ տարի անց՝ 2024 թվականի մայիսին, այս երկրների էլեկտրացանցերի օպերատորները ստորագրեցին ձեռնարկության ստեղծման վերաբերյալ հուշագիր։ Արդեն 2025 թվականի սկզբին, համաձայն Վրաստանի ազգային օպերատորի կայքի,  համատեղ ձեռնարկությունն ավարտել է պաշտոնապես գրանցման գործընթացը Ռումինիայում։

Նշենք նաև, որ 2025 թվականի հունիսին որոշում է կայացվել նախագծում ներգրավել սևծովյան ավազանի մեկ այլ երկիր Բուլղարիան։

Ադրբեջանի, Վրաստանի, Հունգարիայի, Ռումինիայի և Բուլղարիայի էներգետիկայի նախարարների համատեղ լուսանկարը Բուխարեստում։ Աղբյուրը՝ neglobal.eu։ 

Ընթացիկ տարում հայտնի դարձավ նաև, որ միջինասիական երկրները ևս ակտիվ քայլեր են ձեռնարկում նախագծին միանալու ուղղությամբ։ Ադրբեջանը, Ղազախստանն ու Ուզբեկստանը ստորագրել են հուշագիր Ասիական զարգացման բանկի և Ասիական ենթակառուցվածքների ներդրումային բանկի հետ՝ դեպի Եվրոպա կանաչ էներգիա արտահանելու նախագծի ֆինանսավորման համար։

Փաստացի, նախագիծն ընդլայնվեց՝ վերածվելով Կենտրոնական Ասիա-Հարավային Կովկաս-ԵՄ կանաչ էներգետիկ միջանցքի։

Երևանը ցանկություն է հայտնել միանալ նախագծին

Պաշտոնական Երևանը տարբեր առիթներով ամենաբարձր մակարդակում հայտնել է նախագծին միանալու իր ցանկության մասին։

Մասնավորապես, 2024 թվականի հունվարին Վրաստան կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծել էր տարածաշրջանային և արտատարածաշրջանային նախագծերում  ներառականության ապահովման անհրաժեշտությունը։

«․․․հնարավորություն կընձեռի տարածաշրջանի բոլոր պետություններին մասնակցել տնտեսական գործընթացներին, խթանել համագործակցությունը և մեծացնել արդյունավետությունը: Դրա վառ օրինակն է «Սև ծովի էլեկտրական մալուխի նախագիծը», որին միանալու հարցում ՀՀ-ն ցուցաբերում է մեծ հետաքրքրություն»,- ասել է նա:

Ավելի ուշ՝ 2024 թվականի հոկտեմբերին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մամուլին վստահեցրել էր, թե Հայաստանն աշխատանք է տանում Սև ծովի հատակով «Վրաստան-Ռումինիա» էլեկտրական մալուխի անցկացման նախագծին միանալու ուղղությամբ։

Գերատեսչությունից հայտնել էին, որ այդ ուղղությամբ Հայաստանը տարբեր մակարդակներում անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում նախագծի մասնակից երկրների, մասնավորապես` Վրաստանի հետ։ Նշել են նաև, որ համագործակցության ձևաչափն ու պայմանները կքննարկվեն մասնակից երկրների համաձայնությունը ստանալուց հետո։

Կառավարությունը պնդում է՝ միանալու համար աշխատանքներ է տանում

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հարցումներ է ուղարկել ՀՀ մի շարք գերատեսչություններ՝ պարզելու՝ ինչ փուլում են Հայաստանի՝ նախագծին միանալու աշխատանքները, և կա՞ արդյոք նման հնարավորություն, թե՞ ոչ։

Ի պատասխան ԻՔՄ հարցմանը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են, թե Հայաստանը նախագծին միանալու ուղղությամբ աշխատանքներ է տանում։

«Հաշվի առնելով, ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող Հայաստան-Վրաստան և Հայաստան-Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման գծերի կառուցման ծրագրերը, հայկական կողմը բազմիցս իր հետաքրքրվածությունն է արտահայտել Վրաստան-Ռումինիա ծովի հատակով անցնող մալուխի կառուցման ծրագրին մասնակցելու առնչությամբ և արդեն իսկ որոշակի աշխատանքներ են կատարվել այդ ուղղությամբ՝ ինչպես տեխնիկական, այնպես էլ քաղաքական առումներով»,- նշված է հարցման պատասխանում:

Նշվում է նաև, որ հայկական կողմը մշակել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ու Հունգարիայի էներգետիկայի նախարարության միջև էներգետիկայի բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի նախագիծ։

Սակայն, եռակողմ հուշագրին ի պատասխան՝ նշված երկրների կողմից ստացվել է երկու առանձին փոխըմբռնման հուշագիր, որոնք ներկայում քննարկման փուլում են։

ԻՔՄ-ն թեմայի վերաբերյալ հարցում էր ուղարկել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որտեղից հայտնել են միայն, որ Հայաստանը դեռևս նախագծի մասնակից չէ, և լրացուցիչ զարգացումների դեպքում հանրությունը պատշաճ կտեղեկացվի։

Նշենք նաև, որ ԻՔՄ-ն շաբաթներ առաջ առանձին հարցումներ է ուղարկել Եվրահանձնաժողով, Հունգարիայի, Ռումինիայի, Վրաստանի և Ադրբեջանի կառավարություններ՝ պարզելու նրանց դիրքորոշումը Հայաստանի նախագծին միանալու վերաբերյալ։ 

Այս պահի դրությամբ, ԻՔՄ-ն նշված կառույցներից դեռևս պատասխաններ չի ստացել։ Ստանալուն պես կազմակերպությունը կհրապարակի դրանք։ 

Նանե Մանասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031