Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանկային համակարգի վրա Arca-ի խափանումները բացասական ազդեցություն են ունեցել․ տվյալների արտահոսք չի եղել»․ Դանիել Ազատյան

Օգոստոս 01,2025 16:35

«Բանկերն, իհարկե, կրել են վնասներ, բայց որ բանկը ինչքան, մենք ինքներս դեռ հատուկ վերլուծություն չենք կատարել»,-հարցին՝ վերջին շրջանում Arca համակարգի հետ կապված խափանումներն ի՞նչ բացասական ազդեցություն են գործել բանկերի վրա, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։

Նա փաստեց՝ Arca-ն բաժնետիրական առանձին ընկերություն է, որի 55 տոկոս բաժնետերը ԿԲ-ն է և 45 տոկոս բաժնետերը մոտ 14-15 բոլոր առևտրային բանկերը․ «Arca-ի կայուն գործունեությունը ոչ միայն մեր քաղաքացիների ու մեր կարիքներից է բխում, այլև բանկերի և ԿԲ շահերից։ Վերջին 1-2 տարվա ընթացքում կառուցվածքային և կառավարման առումով կարևոր փոփոխություններ են իրականացվել։ Նաև անկախ խորհրդի անդամներ են նշանակվել։ Համակարգում տեխնիկածրագրային լուրջ փոփոխություններ են կատարվում։ Գիտեմ, որ այս պահին էլ շարունակվում են վերլուծությունները, թե ինչ պատճառներով են եղել այդ խափանումները»։

Հղում կատարելով «Արմենիան քարդ» ՓԲԸ-ի տարածած հայտարարությանը՝ Դանիել Ազատյանն ասաց․ «Իրենց նշելով՝ տվյալների որևէ արտահոսք, լուրջ վնասներ չեն տվել խափանումները։ Խնդիրը տեխնիկական է։ Ամեն ինչ արվելու է, որ դրանք չկրկնվեն, և վստահ լինենք, որ անխափան կգործեն։ Պետք է մի քիչ մենք՝ բոլորս միասին վերաբերվենք դրան այնպես, որ այդպիսի դեպք հնարավոր է․ որևէ մեկը դրանից չի օգտվում։ Վստահաբար կարող եմ ասել, որ բանկային համակարգի վրա այդ խափանումները բացասական ազդեցություն են ունեցել, բայց վերլուծություն, թե որ բանկի մոտ ինչ չափով, չեմ կարող ասել։

Մենք ունենք երեք-չորս բանկեր, որոնք ունեն իրենց սեփական պրոցեսինգները և այդ բանկերը հայտնի են, թե որոնք են։ Եթե այդ բանկերի հաճախորդներ եք, օգտվում եք այնպիսի սպասարկման կետերից, որոնք նույնպես այդ բանկերինն է, ոչինչ չի լինի։ Բայց, քանի որ մեր համակարգը շատ ինտեգրված է միմյանց միջև, նույնիսկ, եթե դուք այդ բանկերի հաճախորդն եք, բայց օգտվում եք մի այնպիսի ծառայությունից, որը Arca-ի անդամ բանկի հաճախորդ է, այստեղ նույնպես հնարավոր է լինեն խափանումներ։ Խափանումների այնպիսի տեսակներ կան, որոնք տարբերվում են։ Երկար ժամանակ, ինչքան էլ խափանումներ էին մեր երկրում, բայց մեր քարտերը դրսում հենց այդ պահին գործում էին։ Այստեղ շատ հետաքրքիր իրավիճակներ ենք ունեցել տարբեր ժամերին, տարբեր տեղերում։ Այժմ Arca-ն ինքն է ուսումնասիրություն կատարում։ Բայց իրենց հայտարարությունից էլ վստահաբար կարող ենք ասել, որ կայքերը ջարդված չեն, տվյալները գողացված չեն։ Ըստ իրենց հայտարարության՝ խնդիրները տեխնիկական են»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Հայաստանի բանկերի միության ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031