Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Արարատի մարզի Արարատ համայնքում գտնվող նախկին կինոթատրոնի շենքը եւ տարածքը, որ ժամանակին նվիրաբերվել էին Մայր Աթոռին, ներկայումս անմխիթար վիճակում են, շենքը քանդման ենթակա է, լուրջ կառուցվածքային խնդիրներ ունի:
Aravot.am-ը այցելել է տարածք, որտեղ մեր այցելության պահին մաքրման աշխատանքներ էին կատարվում:
Արարատ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Արծրուն Քահանա Միքայելյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ Արարատ քաղաքի նախկին կինոթատրոնի շենքը ՀՀ կառավարության որոշմամբ տարիներ առաջ փոխանցվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, իսկ 2022թ. անցել է Արարատյան թեմից անջատված Մասյացոտնի թեմին:
շ
Կարդացեք նաև
«Երբ տարածքը փոխանցվել է Մայր Աթոռին, ի սկզբանե նախատեսված է եղել, որ այդտեղ պետք է Հայորդաց տուն կառուցվի, որը կնպաստի Արարատ քաղաքի պատանիների ազգային-հոգեւոր գիտելիքների ամրապնդմանը եւ բարձրացմանը:
Տարածքը մշտապես գտնվում է Մասյացոտնի թեմի ուշադրության ներքո, այստեղ պարբերաբար կատարվում են մաքրման աշխատանքներ»,-ասաց Արարատ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգեւոր հովիվը:
«Մաքրելուց հետո տարածքը կրկին կեղտոտվում է, ինչը եւ համայնքի խնդիրն է, եւ եկեղեցու, եւ դպրոցի, եւ ընտանիքի…Մենք մեր սերունդներին այնպես պետք է դաստիարակենք, որ հանրային տարածքների նկատմամբ լինեն ուշադիր եւ մաքուր պահեն»,-նշեց տեր Արծրունը:
Հետաքրքրվեցինք, թե ովքեր են տարածքում աշխատող երիտասարդները: Նա ասաց, որ եկեղեցու Երիտասարդաց միության անդամներն են, որոնք ակտիվորեն մասնակցում են բոլոր նախաձեռնություններին. «Այստեղ առաջին անգամ չէ, որ աշխատանքներ ենք կատարում, ու որպեսզի տարածքը կրկին չաղտոտվի, Մասյացոտնի թեմի առաջնորդի կարգադրությամբ այն շուտով կցանկապատվի»:
Ինչ վերաբերվում է Արարատ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն, տեր հայրն ասաց, որ այն օծվել է 2022թ, Մասյացոտնի թեմի առաջնորդի ձեռամբ. «Եկեղեցին համարվում է արարատցիների ամենասիրելի վայրը, որտեղ գալիս են ոչ միայն պատարագներին, ժամերգություններին կամ ծիսական արարողություններին մասնակցելու, այլեւ նորոգ ու գեղեցիկ տարածքում զբոսնելու: Իսկ այս շենքը, որ նախատեսված է Հայորդաց տան համար, առաջիկայում կկառուցվի եւ կրկին կծառայի Արարատ քաղաքի պատանիների համար որպես կրթադաստիարակչական կենտրոն եւ արարատցիների սիրելի վայր»:
Քահանան նշեց, որ տարածքի մաքրության հարցով ոչ միայն եկեղեցին պետք է զբաղվի, այլեւ համայնքապետարանը օգնի, որպեսզի եկեղեցուն պատկանող գույքը, շինությունները, որոնք նախատեսված են համայնքին ծառայելու համար, լինեն նորոգ եւ մաքուր:
Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ շենքի՝ սեյսմիկ ծառայության իրականացրած փորձաքննությանը:
«Համացանցում տեղեկություն էր տարածվել Արարատի քաղաքապետարանի աշխատակցի կողմից, որ շենքը փորձաքննության է ենթարկվել եւ պիտանի չէ շահագործման համար, պետք է քանդվի, մինչդեռ ԱԻՆ-ի եզրակացության համաձայն՝ շենքը հնարավոր է օգտագործել եւ նպատակին ծառայեցնել, քանի որ լուրջ վնասվածքներ չունի: Աղոթք ենք վերառաքում առ բարձյալն Աստված, որ հայտնվեն բարերար անձինք, որոնք կստանձնեն շենքի շինարարության նյութական պատասխանատվությունը, եւ շենքը վերակառուցվելուց հետո կներկայանա արարատցիներին՝ որպես Հայորդաց տուն»,-նշեց Արարատ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգեւոր հովիվը:
Aravot.am-ը Մասյացոտնի թեմի ճարտարապետ Գարեգին Կնյազյանից էլ մեկնաբանություն խնդրեց: «Սա Խորհրդային շրջանում կառուցված կինոթատրոնի շենք է, որը տարիների ընթացքում լքվել էր, իսկ 2022թ նվիրատվություն արվել Մայր Աթոռին:
Թեմը որոշել է այստեղ կառուցել Հայորդաց տուն: Ամբողջ ուսումնասիրությունները կատարելուց հետո պատրաստել ենք էսքիզային առաջարկ, որն առաջիկայում կքննարկվի, կունենանք վերջնական տարբերակը: Կարծում եմ՝ կունենանք շատ հետաքրքիր ժամանակակից լուծումներով, այսօրվա պահանջներին համապատասխան Հայորդաց տուն, որը ծառայելու է մեր ժողովրդին, մեր երեխաների հայեցի կրթությանն ու դաստիարակությանը»,-ասաց ճարտարապետը:
Հարցրինք՝ շենքի տեխնիկական վիճակը թո՞ւյլ է տալիս դրա հիմքի վրա կառուցապատում սկսել:
«Ժամանակին, երբ սեյսմիկ ուսումնասիրություն է կատարվել, եզրակացությունում գրվել է, որ շենքը պիտանի է հետագա շահագործման համար, ուստի քանդման ենթակա չէ ոչ մի շինություն եւ ոչ մի կոնստրուկցիա: Սա կարող է միայն քանդվել այն դեպքում, եթե պայթեցվի, նույնիսկ երկրաշարժեր են եղել, ու շենքը չի տուժել: Կոնստրուկցիաները, ինչպես նշեցի, ամուր են, կառուցման ժամանակ էլ ավելի կուժեղացվեն»,-ընդգծեց Գարեգին Կնյազյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ