«Հենց նոր բանավոր տեղեկացանք, որ մեր բողոքը մերժվել է։ Դեռևս գրավոր պատասխան չունենք։ Անկեղծ ասած՝ դա էլ սպասում էինք»,- Aravot․am-ի հետ զրույցում տեղեկացրեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
Հիշեցնենք՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանավորման որոշման դեմ բողոքի քննության հարցը հետաձգվել էր հուլիսի 24-ին՝ պատճառաբանությամբ, որպեսզի մանրամասն ուսումնասիրվի ժամանակի հետ կապված։ Այսօր արդեն ստացվել է մերժման որոշում։ Սերգեյ Հարությունյանը նշեց․ «Ես բազմիցս իմ հարցազրույցներում նշել եմ, որ մենք այլևս գործ ունենք իրավաբանական անզորության հետ։ Ի սկզբանե մենք գիտենք՝ ինչ է լինելու, ոնց է լինելու։ Ցավոք, հերթական անգամ համոզվեցինք, որ մենք իրավացի ենք, և հերթական անգամ եղավ այն, ինչ ակնկալում էինք»։
Մեր փաստմանը՝ ներկայացրել էիք կալանավորման որոշման դեմ բողոք և հիմա էլ նշում եք, որ գործ ունեք իրավաբանական անզորության հետ, հետևաբար Դուք այստեղ ա՞յլ միտում եք տեսնում, փաստաբանն արձագանքեց․ «Նույն կալանավորման օրվանից սկսած՝ ասել եմ, որ սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է։ Հենց սկզբից, որ գործը մակագրվեց այս դատավորին, զարմանալի զուգադիպությամբ այդ նույն դատավորին մակագրվեց նաև մյուս Սրբազանի գործը, արդեն պարզ է, չէ՞, որ ողջամիտ կասկած ունենալու հիմքեր մենք միանշանակ ունենք։ Եվ այդ կասկածները փարատվում են, համոզվում ենք, որ մենք այլևս ոչ թե գործ ունենք արդարադատության հետ, իրավական, իրավաբանական ճանապարհով արդարադատության հասնելու, այլ մենք գործ ունենք խտրական արդարադատության հետ, գործ ունենք քաղաքական հետապնդման ցայտուն դրսևորման հետ։ 16 անձի հետ կապված դիմել էին, 16-ն էլ կալանավորվեցին, բարեբախտաբար Վերաքննիչ դատարանի դատավորի օբյեկտիվ որոշմամբ՝ Նվեր սարկավագն ազատության մեջ է։ Ի սկզբանե բոլորի որոշումը կալանքն է եղել։ Արդեն պարզ է, չէ՞, որ մենք ունենք այս կասկածների հիմնավոր հիմքը»։
Հարցին՝ ի՞նչ ընթացակարգ է սպասվում, Սերգեյ Հարությունյանը պատասխանեց․ «Այս բողոքարկման հետ կապված ամենայն հավանականությամբ այլևս ժամանակավրեպ կլինի, քանի որ այսօր արդեն գործի ավարտ է տրվում։ Քիչ անց կծանոթանանք գործի նյութերին, և մի քանի օր անց գործն արդեն կլինի դատարանում։ Հիմա ես ճանապարհին եմ, հասնում եմ Քննչական կոմիտե, որ ծանոթանամ նյութերին»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ