Aravot.am-ը ճանաչված պրոդյուսեր, Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է զգում իրեն Գյումրու ավագանու կազմում։
«Անկեղծ պիտի խոստովանեմ, որ իմ համար նվազագույնը հետաքրքիր է, որովհետև համայնքային կառավարումը տեսնում ես ներսից և տեսնում ես բոլոր խորդուբորդերը, տեսնում ես բոլոր թաքնված բաները, որոնք կան, և եթե այդ պահին այդ շենքում չես, ներսում չես, էնքան էլ լավ չես պատկերացնում։
Դե հաշվի առնելով, որ տարվա կեսից է աշխատանքը սկսվել, և իրական աշխատանքը կոպիտ ասած 2026 թվականի բյուջեի քննարկման արդյունքում է լինելու և ապագայի հինգ տարվա զարգացման ծրագրի առումով է, այս պահին կարող եմ ասել, քաղաքապետարանն աշխատում է այնպես, ինչպիսի հնարավորություն որ իրեն տրվել է համապատասխան վայրիվերումներից անցնելուց և ընտրություններից հետո։ Իրական գնահատականն աշխատանքի մենք պիտի փորձենք տալ 2026 թվականին՝ բյուջեի քննարկմամբ և 2026 թվականի արված աշխատանքի արդյունքներով, որպեսզի մաքսիմալ օբյեկտիվ լինենք։
Մենք ո՛չ կոալիցիոն իշխանության մեջ ենք, ո՛չ դաշինքի մեջ ենք, ո՛չ մի նմանատիպ բան չկա, ինքներդ գիտեք, որ մենք ընդամենը մեր մանդատներով ապահովել ենք ոչ նիկոլական թեկնածուի, ընդդիմադիր թեկնածուի քաղաքապետ ընտրվելը։ Դա չի նշանակում, որ բոլոր հարցերում անխտիր համաձայն ենք քաղաքապետի հետ, ու դա չի նշանակում, որ բոլոր հարցերում էլ անհամաձայն ենք, էդպես չէ։
Կարդացեք նաև
Աշխատանքային պրոցես է, մեր հիմնավորումները եթե ընդունում են, շնորհակալ ենք լինում, չեն ընդունում, այս պահին քաղաքը իրենք են ղեկավարում, ի վերջո, իրենք են պատասխանատու։
Այնպես որ, աշխատանք տեղի է ունենում, էս փուլի համար էդ աշխատանքը գնահատում եմ նորմալ, գործընկերային, ապագան մնացածը ցույց կտա»,-ասաց մեր զրուցակիցը։
Հարցին՝ եղե՞լ է մի պահ, որ փոշմանած լինեք Վարդան Ղուկասյանին սատարելու համար, Ռուբեն Մխիթարյանը պատասխանեց․ «Անձից եթե վերանանք, որովհետև ինչ-որ մեկին կարող է Վարդան Ղուկասյանը դուր չի գալիս, մի երեք հոգու էլ՝ Ռուբեն Մխիթարյանը դուր չի գալիս, 2,5 միլիոն մարդու էլ՝ Նիկոլ Փաշինյանը։
Եթե անձերից վերանանք, ապա իմ համար շարունակում է կարևոր մնալ, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքը՝ հայրաքաղաքը, չունենա նիկոլական քաղաքապետ։ Գոնե էդ առումով, ես համարում եմ, որ ամեն ինչ նորմալ է։
Իսկ ներքաղաքային աշխատանքի առումով, էլի եմ ասում, ժամանակ է պետք տալ, որովհետև նույնիսկ կառավարությունների աշխատանքի գնահատական տալուց, հարյուր օր սպասում են։
Գյումրու քաղաքապետը պաշտոնը ստանձնել է մայիսի 2-ից, հարյուր օրվա իր ցուցանիշներն ասելուց հետո եկեք նաև էդ ժամանակահատվածն էլ հասկանանք, իր հիմնական աշխատանքի փուլը ընկել է ամառվա հատվածում։
Եթե ես լինեի քաղաքապետ, իր ընտրողներին և քաղաքացիներին ասելու էի՝ ժողովուրդ ջան, 2025 թվականի մեջտեղից, որ սկսել ենք աշխատել, մենք փորձելու ենք սաղ՝ ինչ կա-չկա մաքրենք, նախկինում եղածները՝ պարտքեր, դատավարություններ, խնդիրներ, մեր վերջնական տեսլականը ձևավորենք ու արդեն սկսենք 2026 թվականի մեր առաջարկը, որը ձեզ կներկայացնենք, դուք կքվեարկեք, նոյեմբերին կամ դեկտեմբերին էդ բյուջեն կհաստատենք, արդեն 2026 թվականի կատարողականով դուք բացարձակապես իրավունք ունեք մեզ գովելունը գովեք, անպատվելունը՝ անպատվեք, դժգոհությունը՝ դժգոհություն ասեք, առաջարկությունը՝ առաջարկություն արեք։
Դրա համար ես այս՝ 25 թվականի աշխատանքներին մի քիչ ըմբռնումով եմ մոտենում, չնայած որ ինչ խնդիրներ, որ տեսնում ենք, որոնք արագ կարելի է լուծել, իհարկե, բարձրաձայնում ենք։
Մի բան ասեմ․ նիստերն ամիսը մեկ են տեղի ունենում, խնդիր է լինում, ես հեռախոսով զանգում եմ փոխքաղաքապետին, ասում եմ՝ հարգելի պարոն փոխքաղաքապետ, էսպիսի բան եմ տեսել, լուծում էլ էսպես եմ տեսնում։ Չի եղել դեպք, որ ես հեռախոսով զանգեմ, այդ մարդուն կամ X բաժնի պետին, քաղաքապետին, ասեմ՝ այսպես մի հատ խնդիր կա, էդ հարցը պիտի լուծել, իրենք այդ հարցին ընթացք չտան։ Չի եղել նման դեպք։
Ուրիշ խնդիր է, որ ես դա չեմ բարձրաձայնում, չեմ դարձնում շոուի էլեմենտ, իմ համար խնդիր է, որ քաղաքում էդ հարցը լուծվի, իմ համար խնդիրն այն չէ, որ մի 6-7 հոգի տեսնի, որ ես ավագանու նիստի ժամանակ մի հատ հարց տվեցի, մի քիչ էլ մուննաթ եկա քաղաքային իշխանության վրա, այ էդքան լավ ավագանի եմ։
Ես խնդիր չունեմ հանրայնացման, հարթակներն ունեմ, որոնցով կարող եմ ինքնադրսևորվել, սկզբունքը հետևյալն է՝դու ուզո՞ւմ ես, որ քաղաքում ինչ-որ մի բան առաջ գնա, թե՞ դու ուզում ես, որ դու առաջ գնաս։ Եթե դու ուզում ես, որ դու առաջ գնաս, ուրեմն դու մի ամիս համբերում ես, խնդիրները սաղ հավաքում ես, գալիս ես, նստում ես ավագանու նիստին ու մուննաթ ես գալիս քաղաքային իշխանության վրա։
Եթե դու ուզում ես քաղաքն առաջ գնա, դու հենց պահին տեսած քո խնդիրը զանգում ես քաղաքապետարան՝ ստորաբաժանմանը կամ փոխքաղաքապետերից մեկնումեկին, ասում ես՝ եղբայր, էս տեսակի խնդիր կա, կարծում եմ՝ արագ կարելի է լուծել։
Ասում եմ՝ չի եղել գեթ մի անգամ, որ լուծում չստանա, ըստ այդմ՝ ինքնահաստատվելու խնդիր ես ավագանու նիստերի ընթացքում չունեմ։
Մի փոքրիկ օրինակ բերեմ․ Երևանից Գյումրի էի մտնում, չհասած Ստրոմմաշ, մի հատ դիտահոր էր, որ մեջտեղում ռեզինե անիվ էր դրված ու մեջտեղում մեծ ծառ էր տնկած, ու վրան էլ ժապավեն կապած, որ վարորդները տեսնեն հեռվից։
Տեղում վերցրել եմ հեռախոսը, զանգահարել եմ, ասել եմ՝ ժողովուրդ ջան, էս հասցեով էս տեսակի բան կա, գիշերը զբոսաշրջիկը մեքենայով գա, փորձանքի կգա, կարծում եմ ընդհանրապես խնդիր չէ, հենց հիմա կոմունալ բաժնի պետին ասեք, գնան պահեստից մի դիտահոր վերցնեն, գան, փակեն, ասին՝ խնդիր չէ։
15 րոպեից նկարել, ինձ ուղարկել են, որ այդ խնդիրը լուծված է։
Այսինքն՝ ես այդ փոքր խնդիրը պիտի վերցնեի, մի ամիս սպասեի, ասեի՝ ես էն օրը գալիս էի, տեսա դիտահորը չկա, սրտացավության խնդիր կա, դու ուզում ես դո՞ւ առաջ գնաս, թե՞ քաղաքդ առաջ գնա»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ