Լրահոս
Օրվա լրահոսը

Հրատապ պահանջ` մեղադրյալ Ստեփան Սամվելյանի անձի առողջական վիճակի և բժշկական օգնության վերաբերյալ

Օգոստոս 01,2025 20:30

Տիկին Ծովինար Թադևոսյան,

Սույնով դիմում եմ Ձեզ որպես Արմավիր քրեակատարողական հիմնարկում նախաքննական կալանքի տակ գտնվող Ստեփան Սամվելյանի պաշտպան։

2025 թ․ հուլիսի 31-ին մասնակցել եմ իմ վստահորդի վերաբերյալ կատարվող քննչական գործողությանը՝ հարցաքննությանը։ Հարցաքննության ընթացքում անձամբ արձանագրել եմ իմ վստահորդի առողջական վիճակի տեսանելի վատթարացումը։ Նա ուներ խոսքի դժվարություն, հիշողության կորուստ, ինչպես նաև ընդհանուր թուլություն։

Չնայած նրան, որ ես այդ մասին տեղեկացրեցի վարույթն իրականացնող քննիչին, վերջինս շտապ օգնություն չկանչեց։ Ստիպված եղա անձամբ զանգահարել շտապ բուժօգնության։ Ժամանած բժիշկը արձանագրեց ճնշում՝ 170, սրտի զարկեր՝ 55, և շեշտեց, որ անհրաժեշտ է սրտաբանի կողմից զննություն։

Դրանից հետո ես որևէ տեղեկատվություն չեմ ստացել՝ արդյոք համապատասխան բժշկական խնամք տրամադրվել է իմ վստահորդին, թե ոչ։ Այս հիմքով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը և մասնավորապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով նախատեսված պարտավորությունները, հայցում եմ պատասխանել հետևյալ հարցերին։

  1. 2025 թ․ հուլիսի 31-ի շտապ բուժօգնության միջամտությունից հետո կատարված գործողություններ
  • Արդյո՞ք Ստեփան Սամվելյանը զննվել է սրտաբանի կողմից շտապ օգնության բժիշկի ցուցումով։

Եթե այո՝ խնդրում եմ նշել.

  1. Զննության ամսաթիվը և վայրը։
  2. Բժշկի անունը և մասնագիտացումը։
  3. Ինչպիսի՞ ստուգումներ կամ անալիզներ են իրականացվել։
  4. Ինչպիսի՞ եզրակացություններ և բուժման հանձնարարականներ են տրվել։

Եթե ոչ՝ խնդրում եմ հայտնել մերժման պատճառները և արդյոք նախատեսվում է զննում։

  1. Առողջական վիճակի մշտադիտարկում
  • Արդյո՞ք 2025 թ․ հուլիսի 31-ից առաջ և հետո Ստեփան Սամվելյանին զննել է քրեակատարողական հիմնարկի բժիշկ։
  • Արդյո՞ք արձանագրվել են խոսքի խանգարում, հիշողության կորուստ կամ այլ նյարդաբանական ախտանիշներ։
  • Արդյո՞ք իրականացվել է նյարդաբանի զննում կամ նախատեսվում է այդպիսի զննում։

III. Բուժման և դեղորայքի հասանելիություն

  • Ի՞նչ դեղորայք է նշանակվել Ստեփան Սամվելյանին նրա կալանավորումից ի վեր։
  • Արդյո՞ք դեղորայքը տրամադրվում է կարգավորելի և պարբերական եղանակով՝ բժշկական ցուցումով։
  • Արդյո՞ք երբևէ մերժվել է բուժօգնություն կամ դեղորայք՝ վարչական կամ տեխնիկական պատճառներով։
  • Արդյո՞ք կատարվել կամ մերժվել է բուժհաստատություն տեղափոխման առաջարկ։
  1. Ուղեգրումներ արտաքին մասնագետների մոտ
  • Արդյո՞ք Ստեփան Սամվելյանը ուղեգրվել է արտաքին մասնագետների մոտ՝ օրինակ՝ սրտաբանի, նյարդաբանի, ուրոլոգի և նեֆրոլոգի։

Եթե այո՝ խնդրում եմ ներկայացնել ամսաթիվը, մասնագետի տվյալները, և զննության արդյունքները։

  1. Պահպանման պայմաններ և դրանց համարժեքությունը առողջական վիճակին
  • Արդյո՞ք Ստեփան Սամվելյանը պահվում է իր առողջական վիճակին համարժեք պայմաններում։

Հաշվի առնելով շտապ բուժօգնության արձանագրած ցուցանիշները և հնարավոր կյանքին վտանգ սպառնացող ախտանշանները, խնդրում եմ Ձեր կողմից անհապաղ տրամադրել գրավոր պատասխան մինչև 2025 թ․ օգոստոսի 2-ը։

Հուսով եմ, որ Ձեր ղեկավարության ներքո, ինչպես նաև պետության պոզիտիվ պարտականությունների շրջանակներում կկատարվեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ապահովելու համար ձեր հսկողության ներքո գտնվող Ստեփան Սամվելյանի կյանքի, առողջության, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու իրավունքները։

 

Հարգանքով՝

Զարուհի Փոստանջյան

Ստեփան Սամվելյանի պաշտպան

1 օգոստոսի, 2025թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031