Իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը խորհուրդ էր տվել չվախենալ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունից, թեեւ ի սկզբանե ինքն էր խորշում դրանից: Նաեւ հայտարարել էր, թե ըստ էության, քննարկվում է այդ միջանցքը միջազգային, այդ թվում՝ ամերիկյան, որեւէ ընկերության արտապատվիրակելու հնարավորությունը: Ալիեւի կոշտ պատասխանից հետո Փաշինյանի թիմակիցները, կարծես, սկսեցին հող նախապատրաստել, որպեսզի հայկական կողմն էլ դեմ դուրս գա ամերիկյան այդ առաջարկին, իբրեւ թե «դրանում նկատելով ինքնիշխանության զիջման վտանգ»:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Հայլուր» հարցազրույցի շրջանակներում անդրադառնալով Մեղրիի շուրջ առկա խնդրին՝ ասաց. «Պետք է հիշել, որ դրան նախորդել է Կարնեգիի հիմնադրամի հայտնի հրապարակումը, հետո՝ ԱՄՆ դեսպանից արտահոսքը կամ նրա բերանբացությունը: Դրանց հետեւեց սկզբում հերքումը, հետո ԱԳՆ-ը ասաց, որ այո նման բան չենք բացառում: Մի քանի օր հետո հարցազրույցում խոստովանեց նաեւ Նիկոլ Փաշինյանը, որ շատ կոնկրետ թեմա է եւ արդեն ինչ-որ ժամանակ քննարկման սեղանին է դրված: Այստեղ ակնհայտ աբսուրդայնություն կա՝ կապված նրա հետ, թե «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը կամ ճանապարհը ինչո՞ւ է այսօր բանակցային սեղանի վրա դեռ մնում քննարկման թեմա:
Պիտի վերադառնամ 2020 թվականի պատերազմից հետո նոյեմբերի 9-ի հայտարարությանը: Ես ուղղակի տիրապետում եմ այդ ինֆորմացիային: Այդ ճանապարհի թեման Ադրբեջանի պահանջով է դարձել 9-րդ կետ՝ Լաչինի միջանցքին սիմետրիա ստեղծելու համար: Լաչինը 5 կիլոմետրանոց միջանցք էր, որի վրա Ադրբեջանը որեւէ վերահսկողություն չուներ: Եվ դրա ասիմետրիկ տարբերակը եղավ Ադրբեջանը եւ Նախիջեւանը կապող ճանապարհը:
Հիմա Ղարաբաղը չկա, Լաչինի միջանցքը չկա: Ու այդ թեման ինքն իր կյանքով շարունակում է ապրել: Դա խաղաղության խաչմերուկի, առեւտրաշրջանառության առանցքի հետ կապ չունի: Թեման սկսել է ապրել իր կյանքով, թեկուզ այդ թեման կապ ուներ հենց Ղարաբաղի հետ:
Կարդացեք նաև
Ես ուղղակի հիշեցնեմ. Ղարաբաղի կորուստը հիմնականում կապված է հենց այն հանգամանքի հետ, որ Հայաստանը մերժեց 9-րդ կետի կատարումը: Մենք մերժել ենք այդ ճանապարհը, Ադրբեջանն էլ ասում էր. «Պատերազմը դուք եք պարտվել, ամբողջ այդ հայտարարության մեջ կա մեկ կետ, որը Ադրբեջանի շահերից է բխում, եւ այդ կետը դուք մերժում եք»:
Եվ դրան հետեւեց Լաչինի միջանցքի փակումը, Ղարաբաղի կորուստը: Այս ամենը մի կողմ դնել եւ գործընթացը հասցնել այն վիճակին, որ «Զանգեզուրի միջանցքը» ինքն իրենով առանձին թեմա լինի, դա դիվանագիտական ձախողման գլուխգործոց է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ