Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյան. «Այն, ինչ կատարվեց Սամվել Կարապետյանի հետ, ուղղակի ֆանտաստիկ ապերախտություն է բարեգործի, գործարարի նկատմամբ եւ հաշվեհարդար»

Օգոստոս 02,2025 15:15

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 5-րդ ալիքին տված հարցազրույցում խոսել է հայտնի գործարար եւ բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալության մասին: «Այն, ինչ կատարվեց Սամվել Կարապետյանի հետ, ուղղակի ֆանտաստիկ ապերախտություն է բարեգործի, գործարարի նկատմամբ: Եվ սա ընդհանրապես հարված է բարեգործությանը որպես հանրային ինստիտուտի: Մեկ վայրկյան մտածեցի, որ, օրինակ, եթե Քըրք Քըրքորյանը 2007 թվականին դժգոհ լինելով իմ ինչ-որ քայլերից, մի բան ասեր իմ դեմ, ի՞նչ պիտի անեի: Պիտի կալանավորեի՞, եթե գար Հայաստան: Սա հիմարության ծայրահեղ աստիճանն է:

Սամվել Կարապետյանն այն մարդն է, որի բարեգործության ծավալների չափը երեւի միայն Քըրքի հետ կարելի է համեմատել: Մի տարբերությամբ, որ Քըրք Քըրքորյանը բիզնեսով չի մտել Հայաստան: Բայց Սամվել Կարապետյանը նաեւ հսկայական ներդրումներ է արել եւ ստեղծել է հազարավոր աշխատատեղեր: Մարդիկ իրենց ընտանիքները պահում են հենց Սամվել Կարապետյանի ներդրումների շնորհիվ: Եվ այն պարագայում, երբ օտարերկրյա ներդրումները կտրուկ նվազել են Հայաստանում, նման հարձակում ունենալ խոշոր ներդրողի նկատմամբ, ուղղակի հիմարություն է: Ավելի մեծ վնաս հասցնել Հայաստանի Հանրապետությանը, նույնիսկ դժվար է պատկերացնել»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Սակայն նա բացատրություն չունի, թե որն է դրա նպատակը: «Այստեղ պետք է ուրիշի աչքերով նայենք այս ամեն ինչին: Եթե ինչ-որ բան դուրը չի եկել, ինքը, վերջապես, կարող էր կապվել Սամվել Կարապետյանի հետ, առաջարկեր հանդիպում եւ փորձեր բացատրվել»,-ասաց երկրորդ նախագահը:

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանի փաստարկն այն է, որ ՀԷՑ-ում ստուգումներն արդեն սկսվել էին, Սամվել Կարապետյանը գիտեր, որ պրոբլեմներ է ունենալու եւ իր  հայտարարությունն արել է քննարկումների հունը փոխելու համար, Ռոբերտ Քոչարյանը հակադարձեց. «Այս ամենը աբսուրդի ժանրից է: Ես գիտեմ, թե ինչ վիճակում են եղել բաշխիչ ցանցերը, երբ եղել են պետական: Իմ ժամանակ են սեփականաշնորհվել: Խայտառակ պատկեր էր: Շատերը կհիշեն, որ «լույսի մարդը» ամենից կարեւոր մարդն էր Հայաստանում, որովհետեւ տեղում ոնց ուզում՝ անում էր, հաշվիչը հետ էր տալիս եւ փող էր աշխատում: Տասնյակ միլիոնավոր դոլարներ պարտք էր կուտակվել ամեն տարի բաշխիչ ցանցերի վրա: Այն ժամանակ սեփականաշնորհեցինք եւ իրավիճակը կտրուկ փոխեցինք:

Հիմա Սամվել Կարապետյանն այն մարդն է, որը հսկայական ներդրումներ է անում ոչ միայն բաշխիչ ցանցերում, այլ նաեւ այլ ոլորտներում: Եվ ներդրողին այս վիճակի մեջ գցել մի նախադասության համար, խայտառակություն է: Իր ասածները որեւէ հիմք չունեն, քանի որ կա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով եւ հանձնաժողովը նման բողոքներ բաշխիչ ցանցերի նկատմամբ չուներ: Սա ուղղակի հաշվեհարդար է եւ, գուցե, նպատակը այն է, որ գալիք ընտրությունների ժամանակ ժամանակավոր տնօրեն ունենան բաշխիչ ցանցերում եւ օգտագործեն այդ համակարգը ընտրական նպատակների համար: Իրենց մարդկանց տեղավորեն, բաշխիչ ցանցերից քամեն հնարավորը, նաեւ ընտրական ռեսուրս դիտեն այդ համակարգը: Իսկ ընտրական ռեսուրսը ինչ- որ խոստումներ տալն է, բաշխիչ ցանցերի հաշվին ինչ-որ լավություն անելը՝ տարբեր բնակավայրերում քվեներ կորզելու համար: Այ սա առարկայական մոտիվացիա կարող է լինել Նիկոլ Փաշինյանի համար»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031