Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ձև ենք բռնում, թե չենք նկատում, որ Ռուբենի ու մյուս առաջնորդների, մնացած քաղաքացի-գերիների հարցը դուրս է մղված բոլոր տեսակի սեղաններից ու պրոցեսներից․ Միքայել Նահապետյան

Օգոստոս 03,2025 17:50

Հասարակական, քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Օգոստոսի կիրակնօրյա ցերեկը ծես է։ Ռոբուստայի կծուլեզու դառնությունը տեղ-տեղ կտրելով Նոյեմբերյանի սպիտակ դեղձի պարֆումերիկ քաղցրությամբ, խաղալով համերի ու ժամերի հետ` ինձ հաշիվ եմ տալիս, որ ես տանն եմ։ Եվ դա միանգամից երեք լավ բան է նշանակում. որ ունեմ տուն, ազատություն և ընտրելու հնարավորություն։ Հետաքրքիր է, թե ինչ եմ անելու այդ ազատության ու ընտրության հետ։

Չորս տարի առաջ այս օրերին` իսկ ավելի կոնկրետ 2021-ի հուլիսի 27-ի երեկոյան ժամը 8-ին նստած էինք Ռուբեն Վարդանյանի Դիլիջանի տան պատշգամբում։ Եվ այդ պահին Ռուբենն էլ ուներ տուն, ազատություն և ընտրության հնարավորություն։

2023-ին նրա գերեվարումից հետո ես հաճախ եմ մտածում մեր այդ առաջին ու առ այս պահը միակ հանդիպման մասին։ Մտածում եմ, նախ որովհետև սովոր եմ նեղության պահին մտածել մարդկանց մասին, ում տան շեմքից երբևէ ոտքս ներս եմ դրել և երկրորդ, որովհետև այդ հանդիպման ողջ սովորականությամբ հանդերձ դրան հաջորդել են իրադարձություններ, որոնք փորձության են ենթարկել մեր երկու պետությունները և ազգային բարոյականությունը։

Հիմա մոդայիկ է ծածանել պրագմատիզմի դրոշը։ Ինչքան էլ վուլգար թվա` պրագմատիզմի բացարձակության դրսևորումը բոզությունն է, որովհետև փողը ռեալ է, սերը` աբստրակտ։ Հետևաբար ինչու տրվել սիրով ու մի հոգու, եթե կարելի է տրվել փողով ու շատերին։ Բայց արի ու տես, որ բոլոր ազգերը մահվան սարսուռ սփռող հրթիռներ ստեղծելու, տնտեսական հրաշք գործելու, նենգ դիվանագիտություն վարելու և մնացած բոլոր իրենց պրագմատիկ ձեռնարկումներից առաջ և անդին ունեցել են էպոսի կարիք։ Որովհետև ազգը հակապրագմատիկ երևույթ է։ Այն ստիպում է ինչ-որ միֆերի շուրջ հավաքվել, ճնշել այդ միֆերը քայքայող ռացիոնալիզմը ու գործել միասնաբար` հանուն ավելի մեծ նպատակի, հիանալ արարմունքներով ու մարդկանցով, որոնք ավելին են արել այդ ճանապարհին։

Այս առումով ողբերգական է այն, որ հիմա, երբ Ռուբենը գտնվում է Բաքվի բանտում ու առողջ բանականության վրա հենված ոչ մի նշան չի հուշում, թե կա ազատության իրական պլան` հայ հասարակությունը, միևնույն է, մինչև վերջ հրաժարվում է հավատալ, որ Ռուբենը այդ ճանապարհն անցնում էր սեփական որոշմամբ ու մի բան փոխելու մարդկային վճռականությամբ, այլ ոչ թե ինչ-որ երաշխիքներով ու անվտանգության բարձիկներով։ Մարդիկ կախարդվածի պես դադարել են հավատալ, որ մեր մեջ, մեր կողքին կարող էր լինել մի մարդ, ով էշ-էշ վերլուծություններ անելու փոխարեն պատրաստ էր հանձն առնել անհաստատ, վտանգավոր ու, ինչպես պարզվեց, անհույս մի պատասխանատվություն։

Ասում են` նա շահեր ուներ ու հեռահար պլաններ։ Իհարկե ուներ` Ռուբենը բնավ Ձմեռ պապիկը չէր ու ոչ էլ մարդ էր, որ մտածում էր «ով էշ` մենք փալան»։ Իսկ ո՞վ էր անամբիցիա` Վարդան Մամիկոնյա՞նը, որ Ավարայրից տուն տարավ մյուս իշխանական տների հանդեպ դոմինանտությունը, թե՞ Վազգեն Սարգսյանը, որ քայլ առ քայլ հասել էր մի կետի, որտեղ նախագահական աթոռից կես քայլ էր բաժանում։ Գուցե ամբիցիայից զերծ էր Չերչի՞լը, որ ձախողակի կարգավիճակից հասավ վարչապետի պաշտոնի կամ Լի Կուան Յուն, որ դեռ դարերով կմնա ամենափառավոր առաջնորդների աստղաբույլում։ Էդ ի՞նչ պրագմատիզմ է, որ խորշում է մարդկանց պրագմատիկ լինելուց։

Հիմա բանակցություններ են, բանակցություններ ու բանակցություններ, առաջարկներ, առաջարկներ ու առաջարկներ, զիջումներ, զիջումներ ու զիջումներ, միջնորդներ, միջնորդներ ու միջնորդներ, լավատեսություն, լավատեսություն ու լավատեսություն… բայց մենք ձև ենք բռնում, թե չենք նկատում, որ Ռուբենի ու մյուս առաջնորդների, Վագիֆ Խաչատրյանի ու մնացած քաղաքացի-գերիների հարցը դուրս է մղված բոլոր տեսակի սեղաններից ու պրոցեսներից։ Այդ մարդկանց ազատության հարցի բարձրաձայնումը համարվում է «խաղաղության խոչընդոտ»` ի նկատի ունենալով, որ իբր մենք կարող ենք խաղաղվել, նույնիսկ եթե ամեն օր հեռուստացույցով տեսնենք այդ մարդկանց տանջանքն ու նվաստացումը։

Հիմա, երբ մենք ունենք տուն, ազատություն ու ընտրության հնարավորություն, երբ կիրակնօրյա արևը տաքացնում է մեր սիրտն ու հոգին, երբ ինչ-որ ակնթարթներում մեր տեսած դառնությունը սուրճից է ու մեզ հասու է արևահամ մրգերի շոյող քաղցրությունը… հիմա մենք պիտի ընտրություն կատարենք նախ մեր բարոյական կերպարի ու արժեքների հարցում` արդյո՞ք մենք էն մարդիկ ենք, ով անընդունակ է եղբայրական սիրո ու կարեկցանքի, արդյո՞ք մեզ խորթ է ինչ-որ բան անելու վճռականությունը և արդյո՞ք մենք ընտրում ենք նիկոլական լուռ իներցիան…

Ես ասել եմ ու էլի եմ ասում` գերիները հարցը կլուծվի մի դեպքում, եթե դա դառնա Նիկոլի համար իրական քաղաքական պրոբլեմ և Ալիևը կանգնի Նիկոլին կորցնել-պահելու ընտրության առջև։
Խաղաղ կիրակի ձեր ընտանիքներին։

Հ.Գ. ազատ ժամանակ կարդացեք Արա Թադևոսյանի «Ռուբեն Վարդանյան. Դոն Կիխոտն ու վիշապները» գիրքը` դա կօգնի գոնե մի տեսանկյունից ավելի լավ ճանաչել Ռուբենին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031