Լրահոս
Օրվա լրահոսը

Գինին՝ որպես ըմպելի արվեստ․ Ուրարտուից մինչեւ «Երեւանի գինու օրեր»

Օգոստոս 03,2025 18:44

Գինին հայերի համար զուտ ըմպելիք չէ, այն  արվեստ է, ծես, վայելք, անգամ բժշկում եւ, բնականաբար, պատմական ժառանգություն: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշում է պատմական գիտությունների թեկնածու, հնագետ,  ուրարտագետ Միքայել Բադալյանը, Արարատի թագավորությունում՝ Ուրարտուում եղել  է գինու ընկալման բարձր մշակույթ, ինչը թերեւս պայմանավորված էր գերագույն աստված Խալդի պաշտամունքով: «Ասորեստանի թագավոր Սալմանասար 3-րդին վերաբերվող Բալավաթյան դարպասների պատկերագրության մեջ երեւում է, թե ինչպես են  ասորեստանյան զինվորները Ուրարտուից գինու կարաս տանում, ինչը վկայում է այդ ժամանակաշրջանում՝ ՔԱ 9-րդ դարի կեսերին Հայկական լեռնաշխարհում գինու արտադրության բարձր մշակույթի մասին: Ասորեստանյան աղբյուրներում նաեւ հիշատակվում է հայկական լեռնաշխարհից գինու առեւտրի մասին:

Ուրարտուում գինու ընկալումը եւ արտադրությունը բերվել էր նոր չափանիշի, այս համատեքստում շատ կարեւոր էր պետական եւ կայսերական մտածելակերպը. բազմաթիվ ուրարտական գոտիների վրա կան խնջույքի, գինու հեղման ծեսի տեսարաններ: Օրինակ, Մուծածիրի տաճարում, որը Խալդի աստծո կարեւորագույն հոգեւոր կենտրոնն է, համաձայն ասորեստանյան աղբյուրների ՝ կային Խալդի աստծուն նվիրված հեղման ծեսի հետ կապված գինու մեծ կաթսաներ: Շատ կարեւոր են հնագիտական վայրերից հայտնաբերված գինու մառանները, եւ այս առումով Հայաստանի Հանրապետության տարածքում ամենավառ ներկայանալի  հուշարձանը Կարմիր բլուրն է՝ Թեյշեբաինին, որտեղից գտնվել են տասնյակ մառաններ: Նմանատիպ մառաններ կան էրեբունիում, Կարմիր բլուրում, Գետափում, Արամուսում եւ այլուր»,-ասում է հնագետը:

Թեյշեբաինի (Կարմիր բլուր) հնագիտական պեղումների արդյունքում գտնված գինու մառաններ եւ կարասներ

Նաեւ փաստում է, որ Ուրարտուում գինու կարասներն ունեցել են տարողության միավորներ՝ ակարկի, տերուսի, արուսի: Օրինակ, 1 ակարկին մոտավորապես հավասար էր 250 լիտրի, 1 տերուսին ՝ 25 լիտրի, իսկ արուսին՝ 1 լիտրի: Հնագետը նշում է, որ  շատ գեղեցիկ պատմություն կա այն մասին, թե ինչպես է Մենուա արքան իր կնոջը՝ Թարիրիային նվիրում խաղողի այգի՝ Վանա Լճի ափին, որը կոչվում է Թարիրիախինիլի: Սա նրա ձեւակերպմամբ, բացառիկ բան է, քանի որ նախկինում նման նվիրաբերումներ աստվածներին էին անում:

Կարմիր փայլեցված սափոր՝ հայտնաբերված Թեյշեբաինիի պեղումների ժամանակ

Միքայել Բադալյանի խոսքով, վերջին տարիներին Էրեբունիում իրականացված պեղումները մի շարք հարցերի պատասխաններ կարող են տալ: Էրեբունի ամրոցի՝ այսպես կոչված փոքր դահլիճին կից կարասային սրահում իրականացված պեղումների ժամանակ բավական հետաքրքիր հանգամանքներ են պարզվել, գտնվել են մետաղե գամերով շրջանակներով տեքստիլի կամ քաթանի մնացորդներ, որոնք եղել են կարասների ծածկը, կարասների մեջ նաեւ կարմիր փայլեցված ուրարտական սափորներն են եղել, որոնցով գինին հանվել է կարասների միջից: Իսկ Երկրաբանության ինստիտուտում ուսումնասիրություն է իրականացվել, որը կապ ունի կարասներում պահված գինու ֆերմենտացիայի հետ: Մեր զրուցակիցն ասում է, որ գինու մշակույթը արտացոլվել է նաեւ հետուրարտական շրջանում, մասնավորապես Հերոդոտոսը պատմում էր, որ Հայաստանից կարմիր կարասներն արտահանվում էին դեպի Միջագետք:

Արվեստաբան Նաիրա Եղիազարյանի ձեւակերպմամբ, անուշաբույր, բազմաթիվ օգտակար հատկություններով հարուստ, միևնույն ժամանակ գրավիչ ու խորհրդավոր խմիչքը՝ գինին, արվեստում վաղուց արդեն հայտնի «կերպար» է։ Ընդ որում եւ՛ եվրոպական, եւ՛ հայկական կերպարվեստում։

«Գինեգործությունն ու խաղողագործությունն առանձնահատուկ տեղ են գրավել Հելլենիստական աշխարհում։ Հին հունական դիցարանում խաղողագործության, գինեգործության աստված Դիոնիսոսը, նույն ինքը Բաքոսը, բազմիցս պատկերվել է եւ՛ սափորների, գավերի, դրամների վրա, եւ՛ Հռոմեական խճանկարներում, հետագայում իտալական վաղ բարոկկոյում ծնունդ առած Կարավաջոյի նույնանուն հայտնի կտավում, ավելի ուշ իսպանական արվեստում Վելասկեսն է «Բաքոսի խրախճանքը» պատկերել։ 20-րդ դարում իմպրեսիոնիստներն են բազմիցս անդրադարձել գինու թեմային։ Հայկական արվեստը եւս անմասն չի մնացել։ Գինին ամեն կերպ հայտնվել է հայ կերպարվեստում։

Հնարավոր չէ թվարկել բոլոր հայ նկարիչներին, որոնք անդրադարձել են այս թեմային, ուղղակի հանպատրաստից կասեմ հենց նրանց անունները, որոնք առաջինն են միտքս գալիս, իսկ դա նշանակում է նաեւ, որ ամենաշատն են տպավորվել։ Ովքեր երբեւէ եղել են Պատմության թանգարանում, հաստատ տեսած կլինեն գինու հետ առնչվող Անտիկ շրջանի բազմաթիվ նմուշներ` սափորներ, արծաթե թասեր, անոթներ, արձանիկներ, դրամներ։ Այնուհետև գինու պատկերը մենք տեսնում ենք մանրանկարչության, որմնանկարչության մեջ։ Ի վերջո, Ավետարաններում պատկերված «Խորհրդավոր ընթրիքի»  տեսարանում Քրիստոսը հայտնում է իր մոտալուտ մատնության մասին, միեւնույն ժամանակ, օրհնում է հացն ու գինին՝ սահմանելով հաղորդության խորհուրդը: «Խորհրդավոր ընթրիքի» պատկերագրության մեջ գինին անպակաս է։

Հովսեփ Կարալյան, «Գինեվաճառը»

Հայ գեղանկարչության մեջ մշտապես առկա է խաղողը, իսկ այս քաղցրահամ միրգը գինու հիմքն ու հումքն է։ Այս պահին միանգամից հիշում եմ երեք նկարչուհիների` Մարիամ Ասլամազյանի, Արփենիկ Նալբանդյանի, Գոհար Ֆերմանյանի վառ նատյուրմորտները, որտեղ շողում է խաղողը։ Այս հյութեղ ու գեղեցիկ միրգը շատ գունեղ պատկերել են Աշոտ Զորյանը, Հմայակ Հակոբյանը, Մինաս Ավետիսյանը։ Բաբկեն Քոլոզյանը ունի աներեւակայելի գեղեցիկ խաղողով նատյուրմորտ։ Մհեր Աբեղյանն է շատ հաճախ օգտագործել խաղողի պատկերը իր նկարներում։ Ես որպես սարյանապաշտ, իհարկե, լավագույնն ու հրաշալին համարում եմ Մարտիրոս Սարյանի նատյուրմորտներում պատկերված խաղողի ողկույզները, որոնք լի են արևով, կյանքով, ջերմությամբ, Հայաստանով ու հայկականով։ Իսկ հենց գինին, հայ կերպարվեստում շատ հաճախ հանդիպում ենք սփյուռքահայ նկարիչների, օրինակ` Գրիգոր Շլդյանի, Սարգիս Խաչատուրյանի եւ այլոց նատյուրմորտներում։Մհեր Աբեղյանի լինոփորագրություններում կան հենց գինու եւ սափորների պատկերներ։ Իսկ ամենագինառատ նկարիչը, կարծում եմ,  Հովսեփ Կարալյանն է՝ իր «Խնջույքով», «Գինեվաճառով»։Առհասարակ թիֆլիսահայ կենցաղը պատկերող այս նկարչի գործերում շատ հաճախ ենք հանդիպում  գինու գավաթների ու սափորների»,-ասում է արվեստաբանը։

 Մհեր Աբեղյանի լինոփորագրությունները

Գինին որպես ըմպելի արվեստ այսօր էլ այնքան ընդգծված է Հայաստանում, որ հենց գինու միջոցով է փորձ արվում կենարար խմիչքը վայելողներին հակել դեպի  Հայաստանի թանգարանները:

Aravot.am-ի հետ զրույցում  Մշակույթի զարգացման հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Ռոզա Գրիգորյանն ասում է, որ Երեւանի գինու օրերի շրջանակներում Մշակույթի զարգացման հիմնադրամը ներկայացրել էր «Գինովցած նամակներ» խորագրով ինտերակտիվ տաղավար: Եվ այս հետաքրքիր նախագիծը այցելուներին առաջարկում էր ընտրել բացիկներ, որոնց վրա հայաստանյան թանգարանային հավաքածուների արվեստի գործերն էին: Գինին վայելած ու գինովցած այցելուները այդ բացիկների վրա գրում էին անձնական հաղորդագրություններ ինչ-որ մեկին՝ առաջարկելով թանգարան այցելությունը որպես յուրօրինակ հանդիպման գաղափար: Այսպիսով, ըմպելի արվեստի՝ գինու շնորհիվ վիզուալ արվեստի գործն ինքնին դառնում էր եւ  հրավեր, եւ հանդիպման վայր: Այդպես կայացել է գինարվեստով  ոգեշնչված 191 հանդիպում:

«Երեւանի գինու օրերի» մասնակիցները  «գինովցած նամակներ»  են գրում

Ի դեպ, անուշ բառը, որ հաճախ ասում ենք գինի ըմպած մարդուն, ունի անմահություն իմաստը, իսկ «անուշ լինի» մաղթանքը նշանակում է՝ խմածդ քեզ անմահություն պարգեւի։ Չմոռանանք նաեւ  «Սասնա Ծռեր»  դյուցազներգությունից հայտնի հերոսներին ուժ տվող «Հացն ու գինին, տեր կենդանին»  ձեւակերպումը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031