Սևանա լճի հարավային կողմում՝ Վարդենիսի լեռնաշղթայի հարավարևելյան հատվածում է Սև սար կոչվող լեռնագագաթը (բարձրությունը՝ ծովի մակերևույթից 3063 մ)։ Լեռան հյուսիսարևելյան ստորոտում՝ ծովի մակերևույթից 2500-2700մ բարձրության վրա մեծ հատվածում (ավելի քան 70հա տարածք), կան ժայռապատկերներ, բնակավայրի հետքեր, դամբարաններ, հնադարյան մարդու թողած այլ հետքեր։ Հնավայրում առավել կարևոր է մի շարք գիտնականների կողմից որպես «աստղադիտարան» նշված 3 քարերի համալիր ժայռապատկերը: Կենտրոնական քարը, որի վրա տարբեր պատկերներ են քանդակված, ուսումնասիրողների կողմից համարվում է երկնքի քարտեզ։ Իհարկե, կարծիքները տարբեր են, բայց մոտ 6 ք/մ մակերեսով քարի վրայի քանդակները ցանկացած մարդու հուշում են՝ այն իր ժամանակի կարևոր գիտական կենտրոններից է եղել, և միակն է ողջ Հայաստանում, հնարավոր է՝ ամբողջ աշխարհում։
Իմ ծննդավայր Գեղհովիտ գյուղի վարչական տարածքում է հնավայրը, որտեղ եղել եմ մանկությանս տարիներից։ Լուսահոգի Մարգար պապս, որը նաև հովիվ էր եղել ու ոչխարի հոտը հիմնականում այս հատված էր տանում, հաճախ էր հիշատակում «Սև սարի աստղադիտարանի» մասին։
Կարդացեք նաև
Երջանկահիշատակ հայրս էլ հպարտությամբ էր խոսում, որ մեր բնակավայրի տարածքում կա հնադարյան գիտական կենտրոն-աստղադիտարան։ Երեք քարաբեկորները, որոնց վրա է համալիր քանդակը, գտնվում են մեր՝ տեղացիների կողմից «Կազոնի գուփ-փոս» կոչվող լայնահուն ձորակի հարավարևելյան ոչ բարձր բլրակի վրա։ Տարածքում կան տասնյակ այլ ժայռապատկերներ։ Բացի աստղադիտարանից, որն է հնավայրում հիմնականում այցելուների և ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում, կան ուսումնասիրման ենթակա այլ օբյեկտներ ևս։ Հնավայրում շատ են հրաբխից առաջացած քարացրոնները՝ մեր խոսվածքում՝ խնջիկները։ Հին ժամանակներում էլ մարդը նշված խնջիկներն օգտագործել է տարբեր նպատակներով։ Որոշ քարերի վրա պատկերներ է նկարել, ավելի մեծ չափերով քարասալերն օգտագործել է որպես փոքր խցերի ծածկ։ Երբ շրջում էի խնջիկներում, մի քանի նման պատկեր հանդիպեցին՝ մոտ 10 ք/մ մակերեսով քարերը դրված են շարված խցերի վրա։ Իմ կարծիքով խցերը եղել են ապաստարան կամ՝ դամբարան-դոմլեն։ Կան քարեր, որ մշտապես ենթարկվելով կայծակի հարվածին, բավականին հարթ ու կապտավուն մակերես են ստացել։ Որոշների վրա կան ջրահավաք փոսորակներ։
Տարիներ առաջ երջանկահիշատակ քեռուս ուղեկցությամբ դարձյալ հնավայրում էի։ Սև սարի հյուսիսարևելյան ստորոտում է գտնվում մեր գյուղի Զոզներ կոչվող ամառանոց-յայլան, որտեղ ամռանը գալիս էին անասունները պահելու նպատակով։ Ցավոք, մի քանի տարի է՝ արդեն ամայի է Զոզները։ Քեռիս էլ ամառներն այստեղ էր անցկացնում ու լավ տեղյակ էր հնավայրի ժայռապատկերների մասին։ Նրա ուղեկցությամբ գտանք ժայռապատկերները, լուսանկարեցի։ Հնավայրի տարածքում կան նաև բավականին մեծ չափերով քարաժայռեր։ Նույն օրը բարձրացանք նաև Սև սարի գագաթը, որտեղից երևում է Սևանա լճի ավազանի մեծ մասը, Արարատ լեռը, այլ տարածքներ։ Ու գագաթից մի հետաքրքիր տեսարան նկատեցի։ Նշված քարաժայռերի մի շարան՝ 6 քար, գտնվում են մի շարքի վրա՝ միմյանցից գրեթե հավասար հեռավորությամբ։ Առաջին հայացքից՝ քարեր են ձորալանջի։ Այս տարի Վարդավառի օրը դարձյալ Գեղհովիտում էի, ու սովորության համաձայն հարազատներիս հետ բարձրացանք Սև սար՝ աստղադիտարան։ Նշված քարերը գտնվում են աստղադիտարանից հյուսիս-արևելք՝ Կազոնի գուփ ձորակի հարավային լանջին՝ արևելք-արևմուտք ուղղությամբ։ Վերջին՝ արևմտյան քարը, որը մնացածից համեմատաբար ավելի մեծ է, տակը պատվանդաններ ունի։ 2 մեծ քարի վրա է։
Կրտսեր եղբորս որդին՝ Մհերը, հանգիստ անցավ քարի տակով։ Իսկ ավագ եղբորս թոռնուհին՝ Մերին, ուրախ-ուրախ կանչեց․ օձի քանդակ էր տեսել մոտակա քարին։ Հողի մեջ է օձաքանդակ քարի մի մասը, իսկ վերին հատվածում օձ-վիշապ է քանդակված։ Հետաքրքիր է՝ նույն օձի քանդակը կա նաև աստղադիտարանի գլխավոր քարի արևելյան կողմի, այլ քարերի վրա։ Մեծ քարերի շարանը նույնպես պետք է դառնա ուսումնասիրման առարկա։ Հնարավոր չէ, որ քարերը բնականորեն են նույն շարքում հայտնվել, ու վերջինն ունի պատվանդան, որի տակավ մարդը կարող է անցնել։ Նման քարեր տեսել եմ նաև Քաշաթաղի շրջանի հնավայրերում՝ Միրիկի ամրոցի տարածքում, Աղավնու ամրոցում՝ Ղուշչիղալայում, Որոտանի ափամերձ Բարկուշատի ամրոցում։ Բոլորն էլ ունեն պատվանդան, և տակով հնարավոր է անցնել։ Աստղադիտարանի քարերին արեգակնային ժամացույցի 12 ժամի քանդակն է։
Նշված Կազոնի գուփ ձորակի հյուսիսային լանջին մի ժայռ կա, որի վրա դարձյալ եռաշարք 12 փոսորակ է քանդակված։ Գիտնական-ուսումնասիրողների գործն է՝ ճշտել՝ այս քարը կապ ունի աստղադիտարանի հետ։ Ամեն դեպքում հավատացած եմ՝ աշխարհում եզակի այս հնավայրը, որի կենտրոնական հուշարձան-աստղադիտարանը, ըստ գիտնականների, ունի մոտ 18 հազար տարվա պատմություն, լուրջ ուսումնասիրման ու առավել հռչակման կարիք ունի։
Զոհրաբ Ըռքոյան