Հոդվածը հրապարակվել է «EVNReport» կայքում՝ անգլերեն տարբերակով։ Այստեղ ներկայացնում ենք հոդվածի հայերեն թարգմանությունը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցվել էր մարտի 13-ին։ Սակայն, ի հեճուկս միջազգային տարբեր գործընկերների՝ մասնավորապես Սպիտակ տան կոչերին և ազդանշաններին, նախագահ Ալիևը շարունակում է հրաժարվել ստորագրել այդ պայմանագիրը։ Նա բացահայտորեն բարձրացրել է իր ստորագրության գինը՝ պահանջելով ոչ միայն հավելյալ զիջումներ Հայաստանից, այլ նաև կոնկրետ քայլեր Վաշինգտոնից և խաղաղությամբ ու տարածաշրջանային երկարաժամկետ կայունությամբ շահագրգռված այլ միջազգային գործընկերներից։
Չնայած Ալիևը հստակորեն բարձրացնում է խաղադրույքները, վերջին զարգացումները բացահայտում են խորապես մտահոգիչ իրականություն՝ Ալիևը որևէ անկեղծ մտադրություն չունի ստորագրելու պայմանագիրը։ Նրա ռազմավարությունն փաստում է, որ նա առավելագույն օգուտ է ստանում գործընթացի երկարաձգումից և նոր պահանջների առաջադրումից։ Մի շարք կարևոր ցուցիչներ վկայում են, որ Ալիևը հանձնառու չէ խաղաղության պայմանագրի վերջնականացմանը, Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչմանը, կամ երկու երկրների և ողջ տարածաշրջանի միջև հարաբերությունների նորմալացմանն ու տևական խաղաղության հաստատմանը։
- Ադրբեջանի կողմից «Արևմտյան Ադրբեջանի» զավթողական օրակարգի ինստիտուցիոնալացումը
Բաքուն միտումնավոր կերպով ինստիտուցիոնալացնում է «Արևմտյան Ադրբեջանի» զավթողական հայեցակարգը՝ մի թեզ, որը Իլհամ Ալիևը սկսեց ակտիվորեն շրջանառել 2022 թվականի դեկտեմբերից՝ ընդամենը երկու ամիս անց այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետը ճանաչեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Այդ ժամանակ Ալիևը հայտարարել էր․ «Հայաստանը երբեք այս տարածաշրջանում չի եղել։ Ներկայիս Հայաստանը մեր հողն է»։
Կարդացեք նաև
Ադրբեջանական դպրոցական դասագրքերի և կրթական ծրագրերի ուսումնասիրությունը, որոնք վերանայվել են 2020 թվականի պատերազմից հետո, բացահայտում է, որ Բաքուն խորը կերպով արմատավորում է զավթողական մի նարատիվ, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունը պատմականորեն «Արևմտյան Ադրբեջան» է։ Նախկինում ծայրահեղ քարոզչական այս մոտեցումը մեծ թափ է հավաքել, հատկապես ավելի քան 100,000 հայերի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանումից հետո։ Այժմ այս զավթողական գաղափարախոսությունն ակտիվորեն ներառվում է դպրոցական ծրագրերում. ադրբեջանական պատմության դասագրքերում հայկական տարածքները ներկայացվում են որպես «պատմականորեն ադրբեջանական»՝ փորձելով ջնջել Հայաստանի պատմությունն ու նրա հարուստ քրիստոնեական ժառանգությունը։
Երեխաների գրականության և հեքիաթների մեջ՝ օրինակ «Իրևանը երեխաների համար» գրքում, Երևան քաղաքի նման վայրերը ներկայացվում են որպես «հին ադրբեջանական հողեր»՝ նենգափոխելո պատմությունը դեռ վաղ նախադպրոցական տարիքից։
Այս քարոզչությունը դուրս է գալիս դասասենյակից՝ ընդգրկելով նաև բարձրագույն կրթությունը և պետական ինստիտուտները։ 2023 թվականին Բաքվի Պետական Համալսարանում ստեղծվեց «Արևմտյան Ադրբեջանի ուսումնասիրության կենտրոն», որի նպատակը այս նարատիվը «օրինականացնելն է»։ Քաղաքական առումով այս ռազմավարությունն իրականացնում է մի շարք նպատակներ՝ դառնալով խաղաղության բանակցությունները ձգձգելու պատրվակ՝ «խաղաղ վերադարձի» անվան տակ, ապահովում է ներքաղաքական համախմբում հնարավոր իշխանափոխության ֆոնին և աստիճանաբար հող է նախապատրաստում է տարածքային լայնածավալ հավակնությունների համար։
Այս էքսպանսիոնիստական առասպելի ինստիտուցիոնալացումը ազդանշան է, որ առանց Հայաստանի և միջազգային հանրության՝ դիվանագիտական, իրավական և կրթական խիստ հակազդման, այս պահանջները կարող են նորմալացվել և լուրջ սպառնալիք դառնալ Հայաստանի ինքնիշխանության համար։
- Խաղաղության քրեականացումը. երբ հաշտեցումը դիտարկվում է որպես դավաճանություն Ադրբեջանում
Վերջերս Բահրուզ Սամադովը՝ խաղաղության կարևոր ջատագովներից մեկը, դատապարտվեց 15 տարվա ազատազրկման՝ դավաճանության մեղադրանքով և հայերի հետ ենթադրյալ կապերի հիմքով։ «Ալիևն ինքն է բացահայտ ասել, թե ինչու է պատժվում Բահրուզը. որովհետև նա շփվել է հայերի հետ, որովհետև նա հրաժարվել է ատել, որովհետև նա համարձակվել է սիրել խաղաղությունը մի երկրում, որտեղ խաղաղությունը դարձել է հանցագործություն», – գրել է ադրբեջանցի պատմաբան Ալթայ Գոյուշովը իր X էջում։ Գոյուշովը, ով Ալիևի բացահայտ քննադատներից է, այժմ բնակվում է արտերկրում։
Դատավճռից հետո Սամադովը հարցազրույց է տվել լրագրող Ուլվիյա Ալիին, ով կալանավորված է «Meydan TV-ի գործով» և այս պահին պահվում է Բաքվի Քրեակատարողական կենտրոնի բժշկական բաժանմունքում։ Հարցազրույցի ընթացքում Սամադովը իր խիստ պատիժը հակասական է համարել խաղաղության գործընթացի համատեքստում. «Սկզբից էլ ասում էի, որ այս մեղադրանքը հակասում է հենց պետության շահերին։ Գիտնականին դավաճանության մեջ մեղադրելն ու նրան խոշտանգումների ենթարկելը վնասում է երկրի հեղինակությունը և վարկաբեկում այսպես կոչված խաղաղության օրակարգը»։
Երբ նրան մեղադրում էին «հայամետ» լինելու մեջ, Սամադովը հստակեցրել է, որ իր գրառումները կենտրոնացած էին պատերազմի հետևանքով ադրբեջանական հասարակության կրած տրավմաների վրա։ «Նրանց, ովքեր ինձ մեղադրում են հայամետ լինելու մեջ, խորհուրդ եմ տալիս իրականում կարդալ իմ հոդվածները։ Ես բացեիբաց գրել եմ ադրբեջանական ժողովրդի կրած տրավմաների մասին», – ասել է նա։
Սամադովը հույս է հայտնել, որ կկարողանա ողջ դուրս գալ բանտից, սակայն նշել է, որ երբեք չի մոռանա իրեն հասցված տրավման և խաղաղության պաշտպան լինելու համար ստացած պատիժը։ «Հուսով եմ՝ ողջ դուրս կգամ, բայց երբեք չեմ մոռանա այդ տրավման, այն, թե ինչպես պետությունը ինձ վերաբերվեց որպես ահաբեկչի, և որ ինձ պատժեցին՝ խաղաղության օգտին խոսելու համար», – ասել է նա։
Բահրուզը միակը չէ, ում մեղադրել են որպես ենթադրյալ «հայ լրտես»։ Այս տարվա ապրիլին «Cambridge University Press»-ի կողմից հրապարակված հետազոտությունը հաստատել է, որ հակապատերազմական նարատիվները՝ պատերազմը քննադատող և հայերի հանդեպ ատելությունը մերժող ձայները, ներկայացված են եղել միայն անհատների և որոշ քաղաքական ակտիվիստների փոքր խմբի կողմից։ Այս հակապատերազմական ձայները ենթարկվել են խիստ հասարակական ճնշումների՝ հաճախ պիտակավորվելով որպես «հայրենիքի դավաճաններ», «հայամետներ» կամ պարզապես «հայեր»։
Այս քննադատական ձայների միտումնավոր լռեցումը և խաղաղության դիսկուրսի ճնշումը լուրջ հետևանքներ են ունենում տարածաշրջանային կայունության համար։ Քննադատական մտքի համար տարածք վերացնելու միջոցով Ադրբեջանը սահմանափակում է հանրային երևակայությունը և ամրապնդում է կոշտ ազգայնական ինքնությունը, որը կառուցված է վտանգավոր զավթողական նարատիվի վրա և մերժում է դիվանագիտական ներգրավվածությունը։ Այսպիսի միջավայրը լրջորեն խաթարում է իմաստալից երկխոսության և կայուն խաղաղության հնարավորությունները։
Խաղաղության ջանքերը ճնշելու և Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացմանը պատերազմից հետո՝ 2020-ից ի վեր, փաստացի արգելք դնելու Ադրբեջանի պետական քաղաքականությունը էլ առավել է ստվերում հաշտեցման հեռանկարները։ Սա վկայում է Ալիևի՝ խաղաղ մթնոլորտ ձևավորելու կամքի հստակ բացակայության մասին։ Թեև որոշ վերլուծաբաններ նախկինում միգուցե կարող էին «հասկանալ» նման դիրքորոշումը 2020-ից առաջ, պատերազմից և Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանությունից հետո այդ մոտեցման շարունակությունը գնալով ավելի դժվար է արդարացնել՝ հատկապես հաշվի առնելով Ալիևի գործողությունների նկատմամբ քաղաքական կամ իրավական լուրջ հետևանքների բացակայությունը։
- Բեմադրված դատավարություններ՝ օգտագործված հայերին վարկաբեկելու նպատակով
Ադրբեջանում հայերի նկատմամբ ընթացող կեղծ դատավարությունները ծառայում են նրանց դեհումանիզացնելու (ապամարդկայնացնելու) և վարկաբեկելու նպատակին։ Ալիևը բազմիցս հայերին անվանել է ապամարդկայնացնող և ատելություն հրահրող բառերով, ինչպես օրինակ՝ «ճագարներ», «արյունարբու թշնամիներ» և «վանդալներ»։ Այս հռետորաբանությունը նպաստում է ատելության տարածմանը և ձևավորում թշնամու կերպար հայերի մասին։ Շինծու «դատավարությունների» նպատակն է Ալիևին տալ հնարավորություն վերաշարադրելու պատմությունը՝ Հայաստանին ներկայացնելով որպես «ագրեսոր» և միաժամանակ շեղելով ուշադրությունը Ադրբեջանի կատարած փաստագրված իրավախախտումներից, այդ թվում՝ հայերի բռնի տեղահանությունից և տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացումից։
Վերջերս դեռևս հնարավոր էր մահապատժի կիրառումը այս գործերով։ Քաղաքական և իրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Խայալ Բաշիրովը խոստովանել է այս հավանականությունը։ Նա ընթացող շինծու դատական գործընթացը անվանել է «Բաքվի գործընթաց»՝ նշելով, որ մեղադրյալները մեղադրվում են Ադրբեջանի քրեական օրենսգրքի ավելի քան 20 հոդվածներով, որոնցից շատերը նախատեսում են ցմահ ազատազրկում. «…1998 թվականից սկսած՝ մահապատիժը հանվել է Ադրբեջանի քրեական օրենսգրքից որպես առավել խիստ պատժամիջոց։ Այնուամենայնիվ, այն լիովին բացառված չէ Ադրբեջանի Սահմանադրությամբ։ Սա նշանակում է, որ ապագայում հնարավոր է մահապատիժը վերականգնվի Քրեական օրենսգրքում»։
Հունիսի 24-ին «Նոյեմբերի 8» ՀԷԿ-ի բացման պաշտոնական արարողության ժամանակ, որը տեղի ունեցավ Մինգեչաուրում, ի հայտ եկավ հերթական վտանգավոր ազդանշանը։ Այս միջոցառման ընթացքում Ալիևը կրկին հանդես եկավ Հայաստանի դեմ ուղղված հայտարարություններով՝ Հայաստանը կոչելով «պատերազմական հանցագործ պետություն»։ Այս մեղադրանքը արժանի է քննության․ եթե Ադրբեջանն իսկապես ունենար հիմնավոր ապացույցներ, որ հայկական պետության ղեկավարները վարել են հակաադրբեջանական քարոզչություն կամ եթե իր «պատերազմական հանցագործ պետության» վերաբերյալ պնդումները փաստարկված լինեին, ապա նա չէր փորձի հարկադրել Հայաստանին հետ վերցնել բոլոր հայցերը միջազգային դատարաններից։
Երկու պետություններն էլ փոխադարձ հայցեր են ներկայացրել ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարան (ICJ), մեղադրելով միմյանց Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի (CERD) խախտման մեջ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։ Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին՝ հայերի նկատմամբ էթնիկ զտում իրականացնելու մեջ, մինչդեռ Ադրբեջանը Հայաստանի դեմ է ներկայացրել նմանատիպ մեղադրանքներ՝ ադրբեջանցիների նկատմամբ։ Երկու գործերն էլ դեռևս գտնվում են քննության փուլում։
Միջազգային արդարադատության դատարանը Ադրբեջանին հնարավորություն է տալիս ներկայացնել իր պատմությունը աշխարհին, սակայն Ադրբեջանը ոչ մի հետաքրքրություն չի ցուցաբերում դա անել։ Բաքվում պատանդ պահվող հայերի նկատմամբ բացահայտ ատելության քարոզն ու նախապես որոշված դատավճիռները վկայում են, որ Ադրբեջանը իրականում շահագրգռված չէ խաղաղության գործընթացող։ Այս դատավարությունները չեն ծառայում արդարության հաստատմանը, այլ օգտագործվում են ատելություն և ագրեսիա հրահրելու նպատակով՝ Ադրբեջանի հասարակության ներսում։ Միևնույն ժամանակ, դրանք խորացնում են հայ հանրության զայրույթն ու կասկածամտությունը՝ քայքայելով վստահությունը սեփական կառավարության խաղաղության նախաձեռնությունների նկատմամբ, հատկապես՝ Արցախի հայ բնակչության հարկադիր տեղահանությունից և էթնիկ զտումից հետո։
- Ադրբեջանը սրում է սպառնալիքները՝ խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացումից հետո
Մարտի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ ավարտվել են «Հաշտության և Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունները։ Նախարարության հաղորդմամբ՝ խաղաղության պայմանագիրը պատրաստ է ստորագրման, քանի որ Հայաստանը ընդունել է Ադրբեջանի առաջարկները մնացած երկու հոդվածների վերաբերյալ։ Ըստ հաղորդումների՝ այդ հոդվածներն ընդգրկել են Բաքվի պահանջները՝ հրաժարվել միջազգային դատական գործերից և արգելել երրորդ կողմի դիտորդների կամ զորքերի տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։
Համաձայնագրի տեքստի վերջնականացումից հետո Ադրբեջանը ուժեղացրեց իր ապատեղեկատվական արշավը։ Թեև այս քարոզչությունը սկսվել էր մինչև մարտի 13-ի հայտարարությունը՝ հիմնականում ադրբեջանական կառավարության հետ կապ ունեցող լրատվամիջոցների միջոցով, այն նոր թափ ստացավ, երբ գործընթացին միացավ նաև Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը։ Այդ պահից սկսած, նախարարությունը պարբերաբար տարածում էր կեղծ և անհիմն հաղորդագրություններ՝ պնդելով, թե հայկական ուժերը տարբեր ուղղություններից կրակ են բացել սահմանի մյուս կողմում։
2025 թվականի մարտի 16-ից մինչև ապրիլի վերջը Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է 26 հաղորդագրություն՝ 16-ը մարտին և 10-ը ապրիլին։ Մինչ այդ, 2025 թվականին ընդամենը երեք նման հայտարարություն էր հրապարակվել՝ երկուսը հունվարի 6-ին և մեկը՝ մարտի 5-ին։ Այս բոլոր հաղորդագրությունները հասանելի են Ադրբեջանի Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է այս բոլոր հաղորդագրությունները՝ նշելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում։ ՀՀ ՊՆ-ն, վարչապետի աշխատակազմի հետ համահունչ, բազմիցս առաջարկել է հետաքննել Ադրբեջանի պնդումների հավաստիությունը, եթե այդպիսի ապացույցներ գոյություն ունեն։ Ադրբեջանը չի արձագանքել այս առաջարկներին։ Միևնույն ժամանակ, հայկական կողմը մարտի 31-ին և ապրիլի 20-ին հրապարակել էր երկու հայտարարություն՝ ներկայացնելով լուսանկարներ, որոնք փաստում են, որ ադրբեջանական ուժերը կրակ են բացել Հայաստանի Սյունիքի մարզի բնակելի շենքերի վրա։
Ահաբեկելու ռազմավարությունն ու սպառնալիքները զանգվածային բնույթ ստացան հատկապես այն բանից հետո, երբ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնությունը ձեռք բերվեց, և Հայաստանը պաշտոնապես հայտնեց, որ պատրաստ է հնարավորինս շուտ ստորագրել այն։ Սակայն, երբ Հայաստանի վարչապետը և պաշտոնյաները նվազեցրին հայտարարությունների հաճախականությունը պայմանագրի ստորագրման վերաբերյալ, Ադրբեջանի քարոզչական արշավը հանկարծակի դադարեց։ Մայիս ամսին նրանք տարածեցին ընդամենը երկու նման հայտարարություն, իսկ հունիսից սկսած՝ լիովին լռել են այս թեմայի շուրջ։
Այս օրինաչափությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը չի ցանկանում, որ խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ հասարակական ու միջազգային ճնշում առաջանա՝ նույնիսկ այն դեպքում, երբ Հայաստանը կատարեց բոլոր նրանց պահանջները և համաձայնեց վերջնական տեքստին։
- Խաղաղության տեքստի համաձայնեցումից հետո Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ զորավարժություններ են անցկացրել
Ադրբեջանի Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ 2025 թվականի հունվարից մինչև հունիս ամիսը Ադրբեջանը իրականացրել է ավելի քան 30 համատեղ և անհատական զորավարժություններ՝ հիմնականում Թուրքիայի, Պակիստանի, Իրանի, Սերբիայի և Ղազախստանի հետ։ Միայն հունվարին և փետրվարին Ադրբեջանը մասնակցել է երկու համատեղ և չորս անհատական զորավարժությունների։
Այն բանից հետո, երբ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնություն ձեռք բերվեց, մարտից մինչև հունիս ամիսը իրականացվել է 26 համատեղ և անհատական զորավարժություն, որոնք կամ իրականացվել են Ադրբեջանի մասնակցությամբ, կամ այդ երկրի տարածքում։
Մարտից մինչև մայիս ժամանակահատվածում Ադրբեջանը մասնակցել է 6 միջազգային համատեղ զորավարժությունների և ուսումնական միջոցառումների, այդ թվում՝ Իրանի հետ անցկացված համատեղ վարժանքին։
Նույն ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերը անցկացրել են 14 անհատական (ներքին) զորավարժություն՝ ներառյալ տակտիկական վարժանքներ, պահեստազորի պատրաստություն և կրակային զորավարժություններ։
Հունիս ամսին Ադրբեջանը իրականացրել է երեք համատեղ և երեք անհատական զորավարժություն։
Այսպիսով, միայն 2025 թվականի առաջին կեսին՝ հունվարից մինչև հունիս, Ադրբեջանը ընդհանուր առմամբ անցկացրել է 30 համատեղ և անհատական զորավարժություն։ Սա հստակ ցույց է տալիս երկրի շեշտը ռազմական ուժի վրա։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ մարտի կեսերին ձեռք բերված համաձայնությունից հետո զորավարժությունների թիվը ոչ թե նվազել, այլ ավելացել է։ Այս օրինաչափությունը հուշում է, որ ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի քաղաքականությունը շարունակում է մնալ Ադրբեջանի գործիքակազմում՝ լրջորեն հարցականի տակ դնելով նախագահ Ալիևի՝ խաղաղության կառուցման ցանկության մասին հայտարարությունները։
- Երկու տարվա զենքի գործարքները բացահայտում են Բաքվի ռազմական հավակնությունները
Ադրբեջանի ռազմական բյուջեն շարունակում է կայուն կերպով աճել՝ հակասելով նրա հայտարարած «խաղաղության օրակարգին»։ Եկե՛ք դիտարկենք տվյալները։
2020 թվականին Ադրբեջանի պաշտպանության ծախսերը կազմել են 2.2 միլիարդ դոլար։ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ավարտից հետո այդ թիվը աճել է՝ հասնելով 2.7 միլիարդի 2021 թվականին և 2.8 միլիարդի՝ 2022-ին։ Այս միտումը շարունակվել է նաև 2023-ին՝ կազմելով 3.3 միլիարդ, իսկ 2024-ին՝ 3.7 միլիարդ դոլար։
2024 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում Ալիևը հայտարարել էր, որ 2025 թվականին «ռազմական բյուջեն կհասնի ռեկորդային թվի՝ մոտ 5 միլիարդ դոլարի։ Դա անհրաժեշտություն է։ Եթե չլինեին նման սպառնալիքներ, ապա այս գումարի առնվազն 60 տոկոսը տրամադրելու կարիք չէր լինի»։ Այս աննախադեպ աճը լուրջ կասկածներ է հարուցում Ադրբեջանի՝ իր իսկ կողմից հայտարարած խաղաղ բանակցային գործընթացին իրական նվիրվածության վերաբերյալ։
2024 թվականի փետրվարին Ադրբեջանը ստորագրեց իր ամենախոշոր ռազմական գնումներից մեկը՝ 1.6 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր Պակիստանի հետ JF-17 Block III մարտական ինքնաթիռների ձեռքբերման համար։ Այս համաձայնագիրը ընդարձակվեց 2025 թվականի հունիսին՝ խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացումից հետո, և վերածվեց 4.6 միլիարդ դոլարի գործարքի՝ ներառելով 40 ինքնաթիռ, ուսուցում և զինամթերք։ Վերլուծաբանները նշում են, որ այս գործարքը անշուշտ անհանգստություն է առաջացնելու Երևանում։
Սա ևս մեկ նշան է Ադրբեջանի՝ խաղաղության նկատմամբ կասկածելի նպատակների վերաբերյալ։ Ուշագրավ և անգամ զավեշտալի է, որ մինչ Ադրբեջանում ռազմական բյուջեն աճում է, երկրի ղեկավարությունը՝ հատկապես նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի պաշտպանական բարեփոխումները ներկայացնում է որպես «զենքերի մրցավազք», «տարածաշրջանային սպառնալիք» և «վտանգավոր ճանապարհ»։ Իրականությունն այդ ամենի ճիշտ հակառակն է։
- Ամփոփում
Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացմանը, Ադրբեջանի նախագահ Ալիևը հրաժարվում է ստորագրել համաձայնագիրը։ Փոխարենը՝ նա ավելացնում է իր պահանջները և գործընթացը օգտագործում է Հայաստանից և Միացյալ Նահանգներից նոր զիջումներ ստանալու համար, քանի որ վերջինս հանդես է գալիս տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն ապահովելու ցանկությամբ։ Ադրբեջանի գործողությունները՝ ներառյալ զավթողական «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգի ինստիտուցիոնալացումը, խաղաղության մասին խոսույթի ճնշումը, հայ պատանդների դեմ ընթացող կեղծ դատավարությունները, սպառնալիքների և ապատեղեկատվության համակարգված արշավը, ինչպես նաև ռազմական ակտիվության աճը, հուշում են ռազմավարական մտադրություն՝ իրական հաշտեցումից խուսափելու։
Այս բոլոր զարգացումները միասին ներկայացնում են մտահոգիչ մի օրինաչափություն՝ Ալիևը թվում է ավելի կենտրոնացած է տարածաշրջանային լարվածությունները երկարացնելու և տարածքային հավակնությունները շարունակելու վրա, քան Հայաստանի ինքնիշխանությունը ճանաչելու կամ կայուն խաղաղություն հաստատելու վրա։
Ցավոք, այս խաղը աշխատում է Ալիևի օգտին, ինչի հնարավոր է դառնում գլխավորապես վարչապետ Փաշինյանի կողմից Ալիևի ձեռքին դրած խաղաքարտերի շնորհիվ։ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ համաձայնագրի ստորագրումը ապահովելու անհաղթահարելի ցանկությամբ առաջնորդվելով՝ Փաշինյանը գործել է սխալ կերպով՝ շարունակաբար զիջելով Հայաստանի պետական կարևոր բանակցային խաղաքարտերը, այդ թվում՝ անտեսելով Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը։
Փաշինյանի՝ 2021 թվականից ի վեր դիրքորոշումների շարունակական փոփոխությունները, հատկապես կապված Լեռնային Ղարաբաղի հետ, Ալիևին հուշել են, որ «կենացները գնալով քաղցրանում են» այնքան ժամանակ, քանի դեռ գործընթացը ձգվում է՝ այլ խոսքով՝ բանակցությունների հետաձգումը բերում է ավելի շահեկան պայմանների։ Հենց դրա պատճառով Ալիևը ավելի շահագրգռված է գործընթացը պահպանել, քան կոնկրետ արդյունքի հասնել։ Այս մոտեցմանը նաև նպաստում է տարբեր տարածաշրջանային և միջազգային դերակատարների վտանգավոր քաղաքականությամբ, որոնք ցանկանում են հաշտեցնել կողմերին։
Ալիևի անսպառ քաղաքական համարձակությունը թերագնահատվում է թե՛ Երևանում, և թե՛ այլ մայրաքաղաքներում։ Հենց դրա պատճառով նա մերժում է նույնիսկ մեծ օգուտներ բերող առաջարկները՝ համոզված լինելով, որ կարող է ավելի շատ ստանալ։ Վերջին հինգ տարիների ընթացքում այս համոզմունքը միայն ամրապնդվել է։ Առայժմ, քանի դեռ նա համոզված չէ, որ այլ ձեռքբերումներ հնարավոր չեն, քիչ հավանական է, որ կփոխի իր ներկայիս ռազմավարությունը՝ և այս պահի դրությամբ նրա համար չկա պատճառ այլ կերպ մտածելու։
Տաթևիկ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
պատմական գիտությունների թեկնածու,
Ադրբեջանի հարցերով փորձագետ
Օրական մեկ «աչքալուսանք»եք տպագրում….