«Կարծում եմ՝ եթե ամեն ինչ հասնի հերթական ընտրություններին, ապա Նիկոլը վերարտադրվելու է»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը։
Նա, հղում կատարելով նախկին ԽՍՀՄ տարածքի երկրներում ընդունված փորձին, ասաց․ «Միշտ այդ պահի իշխող ուժը վերարտադրվում է։ Նա ունի իր Հ1-ը, ֆեյքերի ՊՈԱԿ-ը, իր հաշվողները, քվեների, իր քրեական ուղղորդողներին, վարչական ռեսուրսը։ Այս ամենը միասին բերելու է նրան, որ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի։ Կսկսի կաշառքներ տալ, տուգանքները կհանի, վարկերի համար պայմաններ կստեղծի»։
Աղասի Ենոքյանի համոզմամբ՝ եթե Սամվել Կարապետյանը փորձելու է լուրջ քաղաքական հայտ ներկայացնել, ապա դա կարող է լինել միայն արտահերթ ընտրությունների միջոցով․ «Այս ընտրությունները, ինչպես վերջին երկուսը, լինելու են հակավարկանիշի վրա հիմնված․ ձայն են տալու նրան, որին ավելի քիչ չեն սիրում։ Ժամանակին Նիկոլին էին ավելի շատ ձայն տվել, քանի որ նրան ավելի քիչ չէին սիրում, քան Ռոբերտ Քոչարյանին։ Սամվել Կարապետյանն այս պահին հակավարկանիշ չունի ՀՀ-ում։ Դա իր մեծագույն առավելությունն է։ Եթե ամեն ինչ գնա նույն տրամաբանության մեջ, ապա հակավարկանիշ չունենալը նրան բերելու է ընտրվելու լուրջ հնարավորության։ Բայց խնդիրն այն է, որ դեռ պարզ չէ, թե ովքեր են նրա թիմը։ Թիմ ստեղծելու համար պետք է քիչ թե շատ հանրությանը հայտնի մարդիկ մտցնեն թիմի մեջ, իսկ այսօր այնպես է, որ քիչ թե շատ հայտնի մարդիկ բոլորն էլ վարկաբեկված են։ Կարելի է սկսել մաքուր թղթից, բայց պետք է շատ արագ այդ մարդկանց առաջ մղել»։
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում հնչեցված դիտարկումներին՝ քաղաքագետն ասաց․ «Վտանգավոր միտում տեսա, որ նա փորձեց իր գլխավորած քաղաքական ուժը համադրել կամ համեմատել Սամվել Կարապետյանի հետ։ Նա սրանով վատ ծառայություն է մատուցում Սամվել Կարապետյանին։ Փաստորեն փորձում է նրա հետ զուգակցվելով՝ Սամվել Կարապետյանի վարկանիշն իջեցնել։ Սա վտանգավոր միտում է»։
Կարդացեք նաև
Աղասի Ենոքյանի համոզմամբ՝ պետք է լինի շարժում հակառակ դեպքում հերթական ընտրություններում ՔՊ-ն հաղթելու է։ Անդրադառնալով Սամվել Կարապետյանի կալանավորմանը՝ Աղասի Ենոքյանն ասաց․ «Նրան բանտ նստեցնելով՝ Նիկոլ Փաշինյանը Սամվելի Կարապետյանին մտցրեց քաղաքական դաշտ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ