Լրահոս
Օրվա լրահոսը

«Խախտվել է «Սոգլասիե-Արմենիա» ՓԲԸ-ի՝ Սահմանադրությամբ երաշխավորված արդար դատաքննության իրավունքը». հայտարարություն

Օգոստոս 05,2025 13:35

«ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ընկերության իրավաբանական խումբ ստիպված է անդրադառնալ ՀՀ գլխավոր դատախազության 2025թ. օգոստոսի 1-ի հայտարարության վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության (Հ1) ռեպորտաժին, քանի որ այն ձևավորել է հանրային թյուր կարծիք և շարունակում է անհիմն շահարկումների առիթ դառնալ, ինչն էլ վնասում է Ընկերության համբավին և անհարկի արծարծում է սեփականատիրոջ՝ ՌՀՄ նախագահ, ՅՈՒՆԵՍՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի անունը:

«ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ն հայտարարում է, որ Հանրային հեռուստաընկերությամբ տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և զուրկ է իրավական ու փաստական հիմքերից։ Մասնավորապես՝ Հ1-ը ներկայացրել է միայն դատախազության տեսակետը: Լրատվականը կապ չի հաստատել «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ընկերության իրավաբանական խմբի կամ մամուլի ծառայության հետ: Նույնիսկ չի անդրադարձել «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ընկերության տարածած հաղորդագրությանը՝ Հակակոռուպցիոն դատարանի վճռի վերաբերյալ:

Դատախազության հայտարարությունը արվել է՝ հենվելով 2025թ. հուլիսի 25-ի ՀՀ հակակոռուպցիոն դատարանի այն վճռի վրա, որը դեռևս օրինական ուժ չի ստացել։ Այսպիսով, խախտվել է «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված արդար դատաքննության իրավունքը։ Հանրային հեռուստաընկերությունը ձևավորել է որոշակի հանրային կարծիք՝ մոլորության մեջ գցելով հասարակությանը։ ՀՀ գլխավոր դատախազության պնդումը, իբր Ընկերությունը չի հիմնավորել, թե ինչու 2859.0 քմ հողամասը չի կառուցապատվել և չի ներկայացրել համապատասխան քաղաքաշինական փաստաթղթեր (ճարտարապետահատակագծային առաջադրանքներ կամ շինարարության թույլտվություններ), չի համապատասխանում իրականությանը։

Դատական պրոցեսի ընթացքում Ընկերությունը ներկայացրել է բոլոր անհրաժեշտ ապացույցները, որոնք փաստում են, որ․

  • 2859.0 քմ հողամասը փաստացի օգտագործվել է կառուցապատման իրավունքով և շարունակում է օգտագործվել:
  • Հողամասը հանդիսացել է 10.000 քմ ընդհանուր հողատարածքի բաղկացուցիչ մաս, որի շուրջ 70 %-ն արդեն կառուցապատվել է։

Ընկերության իրականացրած գործողությունները՝

  • Քանդման աշխատանքներ՝ Երևանի քաղաքապետարանի 20.06.2013թ․ տրված քանդման թույլտվության հիման վրա, փոսորակի ձևավորում և տարածքի նախապատրաստում շինարարության համար:
  • Երեք ճարտարապետահատակագծային առաջադրանքների ստացում՝ 2014թ․-ից մինչև 2018 թվականը:
  • Հյուրանոցային համալիրի նախագծերի պատվիրում և ստացում՝ միջազգային հեղինակավոր նախագծային ընկերություններից:
  • Ներդրումային ծրագիրը իրականացվել է ակտիվ քայլերով, սակայն շինարարության շարունակումը խոչընդոտվել է բացառապես վարչական և դատական վեճերով, որոնք սկսվել են 2012թ․-ից և դեռևս ավարտված չեն։
  • Վեճերի ընթացքում Ընկերությունը բազմիցս դիմել է Երևանի քաղաքապետարան՝ նախագծման և շինարարության թույլտվություն ստանալու համար այդ տարածքում 18 հարկից մինչև 4 հարկ հյուրանոցային համալիրի կառուցման համար, սակայն ստացել է մերժումներ,այն դեպքում, երբ անմիջապես ընկերության հարևանությամբ և ընկերության հողամասով շրջափակված այլ տարածքի համար տրամադրվել է 7 հարկ հյուրանոցի կառուցման շինթույլտվություն: Ներկայումս մերժումները վիճարկվում են ՀՀ վարչական դատարանում։ Այսպիսով, կառուցապատման միակ խոչընդոտը եղել են վարչական և դատական գործընթացները, այլ՝ ոչ թե Ընկերության անգործությունը։ Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ն հանդիսանում է օտարերկրյա ներդրող, որը 2001թ․ սեպտեմբերից ի վեր Հայաստանի Հանրապետությունում իրականացրել է շուրջ 200.000.000 ԱՄՆ դոլարին համարժեք ներդրումներ, այդ թվում՝ «Մանկական աշխարհ» հանրախանութի շենքի և հարակից տարածքների ծրագրերում։

ՀՀ գլխավոր դատախազության կողմից նախաձեռնված անհիմն պահանջներն ու գույքի բռնագրավման գործընթացները

  • հակասում են «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքին, մասնավորապես 8-րդ հոդվածին:
  • հակասում են օտարերկրյա ներդրումների պաշտպանության վերաբերյալ միջազգային պայմանագրերին, որոնք արգելում են օտարերկրյա ներդրումների անօրինական բռնագրավումը կամ խոչընդոտումը
  • վտանգում են Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարումը:

«ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ն ակնկալում է, որ Հանրային հեռուստաընկերությունը հավատարիմ կլինի հանրայինի իր կոչմանը և հանրությանը կներկայացնի նաև «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ընկերության տեսակետը, ինչպես նաև կընդունի, որ վերը նշված ռեպորտաժում խախտել է ընկերության արդար դատաքննության իրավունքը: Մասնավորապես՝ չի նշել, որ առաջին ատյանի դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման՝ չնայած այն բանին, որ «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ընկերությունն իր հայտարարությունում  նշել էր, որ այն բողոքարկվելու է վերադաս ատյաններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031