Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը նախնական կալանքի տակ գտնվողների ցուցանիշով առաջատար երկրներից է Եվրախորհրդի տարածքում․ SPACE զեկույց

Օգոստոս 05,2025 15:24

«2024-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում դատապարտյալների ընդհանուր թիվը կազմել է 2465 մարդ՝ 2 991 202 բնակչի հաշվով»,- ամրագրված է Եվրոպայի խորհրդի հրապարակած SPACE I ամենամյա զեկույցում։ 

Փաստաթղթում ներկայացված է 2024-ի ընթացքում քրեական վիճակագրությունը բանտարկյալների թվի, բանտային պայմանների և այլ հարցերի վերաբերյալ։

Զեկույցում ներկայացված վիճակագրությունից պարզ է դառնում, որ ՀՀ-ում վերջին տարիներին դատապարտյալների թիվն աճում է։ 

Սակայն ՀՀ-ում ազատազրկված անձանց թիվը 100,000 բնակչի հաշվով ցածր է եվրոպական միջինից։

Ըստ զեկույցում ներկայացված վիճակագրության՝ 2023-ի տվայլներով՝ ՀՀ-ի բանտերում ինքնասպանությունների թվի ցուցանիշը բարձր է եվրոպական միջինից, իսկ օրինակ՝ Ադբեջանում այդ ցուցանիշը «շատ ցածր» դասակարգման ներքո է։

Ընդհանուր առմամբ`Եվրոպայում կալանավորների թիվը 100 հասանելի տեղի համար 2023-ի հունվարի 31-ից մինչև 2024 թվականի հունվարի 31-ը 93.5 ցուցանիշից աճել է մինչև 94.9, ընդ որում՝ երկրների միջև զգալի տարբերություններով։

500,000-ից ավելի բնակչություն ունեցող երկրներում 15 բանտային վարչակազմեր հայտնել են, որ ավելի շատ կալանավորներ ունեն, քան բանտերում առկա տեղերը: Վեց բանտային վարչակազմեր հայտնել են խիստ գերբնակեցման մասին. Սլովենիա (100 տեղի համար 134 կալանավոր), Կիպրոս (132), Ֆրանսիա (124), Իտալիա (118), Ռումինիա (116) և Բելգիա (113):

Ամենաբարձր բանտարկության մակարդակ ունեցող երկրներն են Թուրքիան (356 դատապարտյալ՝ 100,000 բնակչի հաշվով), Ադրբեջան (264), Վրաստան (261), Մոլդովա (235), Լեհաստան (202), Հունգարիա (195), Ալբանիա (192), Չեխիա (180), Սլովակիա (179), Սերբիա (177), Լատվիա (175) և Մոնտենեգրո (164)։

Լոզանի համալսարանի SPACE հետազոտական ​​խմբի ղեկավար, պրոֆեսոր Մարսելո Աեբին մտահոգություն է հայտնել բանտերի գերբնակեցման առիթով ու նշել․ «Գերբնակեցումը լրջորեն խաթարում է բանտարկյալների կենսապայմանները և բանտային վարչակազմի վերականգնողական ջանքերը: Բացի ազատազրկումը այլընտրանքային պատժամիջոցներով փոխարինելու խթանումից, պատժի տևողության կրճատումը՝ հատկապես ցածր ռիսկի հանցագործների համար, կարող է հզոր գործիք լինել բանտարկության մակարդակը նվազեցնելու համար»։

Ըստ զեկույցում ներկայացված վիճակագրության՝ եվրոպական բանտերում բոլոր կալանավորների 26%-ը նախնական կալանքի տակ գտնվող անձինք են։

Նախնական կալանքի տակ գտնվողների ամենաբարձր ցուցանիշն ունեն հետևյալ երկրների բանտային վարչակազմերը․ Ալբանիա (կալանավորների ընդհանուր թվի 58%), Հայաստան (53%), Չեռնոգորիա (47%), Լյուքսեմբուրգ (47%), Շվեյցարիա (46%), Նիդեռլանդներ (46%), Մալթա (42%), Խորվաթիա (41%), Սլովենիա (40%), Հյուսիսային Իռլանդիա (Մեծ Բրիտանիա) (39%), Ուկրաինա (37%), Դանիա (36%) և Բելգիա (33%): Նախնական կալանքի տակ գտնվողների ամենացածր համամասնությունն ունեն Բուլղարիան (5%), Չեխիան (8%), Լեհաստանը (11%), Լիտվան (12%), Հյուսիսային Մակեդոնիան (12%) և Ռումինիան (13%):

Ըստ SPACE I զեկույցի՝ եվրոպական քրեակատարողական հիմնարկներում կալանավորների միջին տարիքը 37 տարեկան է։ Ընդհանուր առմամբ՝ բանտարկյալների շրջանում կանանց համամասնությունը կազմել է 4.9%։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031