Վերջերս Գյումրու քաղաքապետարանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջով հայտարարություն էր տարածել, թե քաղաքի տարբեր հատվածներում տեղադրում է բիոզուգարաններ և տրամադրում է սպասարկման տարածքներ։ Այդ նպատակով քաղաքապետարանը հրավիրում է աշխատակիցների՝ սպասարկման աշխատանքներն իրականացնելու համար։
Գյումրիի զբոսաշրջային ընկերություններից մեկի հիմնադիր Գոռ Թորոսյանը, որը պարբերաբար բարձրաձայնում է զբոսաշրջային այս քաղաքում հասարակական զուգարաններ չունենալու հարցը, Aravot.am-ի հետ զրույցում ողջունեց այս մտադրությունը՝ նշելով, որ միայն հայտարարությունն է աչքով ընկել, դեռ գործուն քայլեր չի նկատել։
Ըստ նրա, հասարակական զուգարանների տեղադրումը հրատապ լուծում է պահանջում։
«Որպես տուրիզմի ոլորտի մասնագետ՝ որևէ քննարկման չեն հրավիրել, ու որևէ կարծիք չեմ հայտնել, չեմ տեսել, որ տեղադրված լինեն զուգարանները, տեղյակ չեմ՝ տեղադրվա՞ծ են, թե՞ պատրաստվում են տեղադրել։
Կարդացեք նաև
Լավ կլինի՝ նման հարցերը տուրիզմի ոլորտի ներկայացուցիչների, մասնագետների հետ քննարկեն, մենք էլ, բնականաբար, ավելի շատ դրական խորհուրդներ կարող ենք տալ մեր քաղաքապետարանին, առավել ևս, որ մեր քաղաքապետարանը չունի տուրիզմի բաժին։ Ու քանի որ այդ բաժինը չկա, մենք կարող ենք բացը լրացնել, կամավորական հիմունքներով կարող ենք մեր խորհուրդներով ուղղորդել քաղաքապետարանի աշխատակազմին, որ ինչ քայլեր անում են, ավելի ճիշտ ու արդյունավետ կատարեն։
Այս ձևով և՛ քաղաքը կշահի, և՛ իրենց աշխատանքն ավելի տեսանելի կլինի»,-ասում է Գոռ Թորոսյանը։
Ըստ նրա՝ հասարակական զուգարաններ չունենալը շատ վատ է անդրադառնում Գյումրիի զբոսաշրջային հոսքերի վրա։
«1-2 ամիս առաջ զբոսաշրջիկների մի խումբ, որոնք Գյումրիում եղել էին, մեզանից մի նոր ուղղություն էին ուզում։ Նորից առաջարկեցինք Գյումրի գալ, ամոթ էլ է ասել այդ մասին, բայց կես կատակ- կես լուրջ պատասխանեցին․ «Գիտեք, Գյումրի գանք, զուգարանի խնդիր պիտի ունենանք, ավելի լավ է այլ ուղղություն ընտրենք»։ Մենք էլ կատակի տվեցինք, ասացինք, որ Գյումրիում արդեն եղել եք, գյումրեցու հումորով վարակվեցիք, դուք էլ արդեն հումոր ունեք, բայց իրականում լուրջ խնդիր է։ Հենց զբոսաշրջիկների խումբ ենք ընդունում, խնդրում ենք թանգարանների, սպասարկման օբյեկտների, կրթական կենտրոնների աշխատակիցներին, որ կառույց որ գնում ենք, թույլ տալ օգտվել իրենց զուգարաններից։ Մեզ արդեն բոլորը գիտեն՝ որպես զբոսաշրջային ոլորտի մարդկանց, ու մեկ-մեկ, որ մենակ ենք լինում, կողքերով անցնում ենք, կատակով ասում են՝ էս մեր զուգարանից չե՞ք ուզե օգտվիք»,-պատմեց Թորոսյանը։
Ըստ նրա՝ այդ օբյեկտների աշխատակիցների մեծ մասը բարյացակամ վերաբերմուք է ցույց տալիս, բայց պետք էլ չէ այդ մարդկանց համբերությունը չարաշահել .«30-40-50 հոգանոց խմբեր են, հաճելի էլ չէ, որ 50 հոգանոց խումբն այլ օբյեկտի սանհանգույցից օգտվի, մաքրության, ծախսերի հարցեր կան։ Ճիշտ է՝ գյումրեցիները երբեք չեն ասի անհարմարություններ եք առաջացնում, բայց դե մենք հասկանում ենք, որ անհարմարություններ ենք ստեղծում, ցանկալի չէ՝ մեր գործընկերներին ու ընկերներին դնենք վատ դրության մեջ»,- ասում է մեր զրուցակիցը։
Գոռ Թորոսյանի հաշվարկով՝ Գյումրու պատմական միջուկում ամենաքիչը 5-6 հասարակական զուգարանի անհրաժեշտություն կա։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ