Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանի հրատապ հարցումը` Ստեփան Սամվելյանի առողջական վիճակի վերաբերյալ

Օգոստոս 05,2025 21:12

Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հարցումն ուղղված`

ՀՀ Արդարադատության նախարարության ՔԿ ծառայության պետին,

ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» ՔԿՀ պետին,

ՀՀ Արդարադատության նախարարին,

ՀՀ Առողջապահության նախարարին,

ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին։

 

 

Տիկին Ծովինար Թադևոսյան,

Սույնով արձագանքում եմ իմ նախորդ՝ 2025 թվականի օգոստոս 1-ի, գրությանը, որը վերաբերում էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող պարոն Ստեփան Սամվելյանի առողջական վիճակին։

Չնայած Ձեր պատասխանում նշվել էր, որ բժշկական հարցերը գտնվում են Առողջապահության նախարարության իրավասության ներքո՝ հարկ եմ համարում հիշեցնել, որ կալանավորված անձանց նկատմամբ պետության դրական /պոզիտիվ/ պարտականությունները՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների, ենթադրում են միասնական պատասխանատվություն՝ անկախ պետության ներպետական վարչական բաշխումից։

ՄԻԵԴ-ը բազմիցս հաստատել է, որ «կալանավորման պայմանները» ներառում են նաև առողջապահական համապատասխան խնամքի ապահովումը։ Կալանավորված անձը գտնվում է բացառապես պետության վերահսկողության ներքո, և այս իրավիճակում ոչ մի գերատեսչական տարանջատում չի կարող արդարացնել գործողությունների բացակայությունը կամ հապաղումը։

Այս համատեքստում, և ընդգծելով մարդու կյանքի ու ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ պետության պարտականությունները՝ խնդրում եմ սույն հարցման հասցեատեր բոլոր անձանց հրատապ կերպով պատասխանել ստորև ներկայացված հարցերին՝ ամբողջությամբ և փաստարկված։

 

«Արմավիր» ՔԿՀ ընդունման պահի բժշկական զննում

  • Կոնկրետ երբ է (օր և ժամ) պարոն Ստեփան Սամվելյանը տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ:
  • Իրականացվե՞լ է արդյոք համալիր բժշկական զննում ընդունման ժամանակ՝

Եթե այո, ապա ո՞վ է այն անցկացրել և ե՞րբ,

Եթե ոչ, ապա ինչո՞վ է դա պայմանավորված։

 

  • Մուտքի պահին արձանագրվե՞լ են արդյոք նրա երիկամային անբավարարությունը և 34% հաշմանդամության կարգավիճակը։
  • Պահանջվե՞լ կամ ստացվե՞լ է Ստեփան Սամվելյանի նախկինում այցելած բուժհաստատություններից բժշկական փաստաթղթերը։
  • Արձանագրվե՞լ են արդյոք առողջական որևէ ռիսկի գործոններ։
  • Նշանակվե՞լ է արդյոք հատուկ բժշկական հսկողություն՝ օրական զննություններ և մշտադիտարկում։
  • Պարոն Ստեփան Սամվելյանն ունեցել է ինսուլտ (ուղեղային արյան շրջանառության խանգարում), որի հետևանքները շարունակում են ազդել նրա առողջական վիճակի վրա՝ մասնավորապես հիշողության, խոսքի և շարժողական համակարգի դանդաղման տեսանկյունից։ Այս իրավիճակը կարող է վկայել ուղեղի գործունեության խանգարման կամ նյարդաբանական լուրջ խնդրի մասին։
  • Ե՞րբ են այս նշաններն առաջին անգամ արձանագրվել բժշկական իրավասու անձնակազմի կողմից։
  • Արդյոք նշվե՞լ են այս խնդիրները «Արմավիր» ՔԿՀ-ի կողմից պահվող բժշկական փաստաթղթերում կամ դիտարկումներում։
  • Արդյոք իրականացվե՞լ են նյարդաբանական կամ ուղեղի հետազոտություններ՝ օրինակ՝ ՄՌՏ (մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա), ԿՏ (կոմպյուտերային տոմոգրաֆիա) կամ այլ նմանատիպ պատկերազննումներ։
  • Եղե՞լ է արդյոք նյարդաբանի կամ նյարդավիրաբույժի խորհրդատվություն։ Եթե այո՝ ե՞րբ, և ի՞նչ եզրակացություն է տրվել։
  • Վերը նշված նյարդաբանական խնդիրները գնահատվե՞լ են որպես շարունակական կալանքի իրավաչափության կամ առողջության վրա հնարավոր անդառնալի հետևանքների ռիսկի գործոն։
  • Բացի այդ, նրա մոտ առկա է արյան շաքարի բարձր մակարդակ, ինչը կարող է վկայել շաքարային դիաբետի կամ դրա նախնական փուլերի մասին։
  • Արյան շաքարի մակարդակը ինչպիսի՞ն է եղել վերջին օրերին։ Խնդրում եմ ներկայացնել կոնկրետ ցուցանիշներ։
  • Արձանագրվե՞լ է շաքարային դիաբետ կամ նախադիաբետիկ վիճակ։ Եթե այո՝ ինչ բուժում է նշանակվել։
  • Արդյոք իրականացվո՞ւմ է շաքարի մակարդակի կանոնավոր մոնիտորինգ։ Եթե այո, ապա ի՞նչ հաճախականությամբ և ում կողմից։

 

Հաշմանդամության կարգավիճակի վերաբերյալ

  • Ինչպիսի՞ համապատասխանեցումներ են արվել հաշմանդամության կարգավիճակից ելնելով։
  • Կազմվե՞լ է արդյոք անհատական խնամքի պլան։ Եթե այո՝ խնդրում եմ ներկայացնել դրա բովանդակությունը։
  • Կա՞ արդյոք հաշմանդամության մասնագետի ներգրավում։

 

III. Բուժում և դեղորայք

Ի՞նչ դեղորայք է նշանակվել Ստեփան Սամվելյանի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակ։

Արդյոք դեղորայքը նշանակվել է լիցենզավորված բժշկի կողմից,

Հաշվի անվե՞լ է Ստեփան Սամվելյանի երիկամային խնդիրները։

Եղե՞լ են արդյոք դեղորայքի տրամադրման ընդհատումներ։

Կալանավորը որևէ պահի եղե՞լ է առանց անհրաժեշտ դեղորայքի։

 

Առողջական վիճակի վատթարացում

  • Ե՞րբ է առաջին անգամ արձանագրվել առողջության վատթարացում։
  • Արձանագրվե՞լ են արդյոք հետևյալ նշանները՝
  • Սրտի սեղմում/ցավ,
  • Գիտակցության կորուստ,
  • Խոսքի կամ քայլելու դժվարություն և այլն։
  • Նշանակվել և իրականացվել են արդյոք մեզի անալիզներ՝ երիկամների և միզուղիների առողջության ստուգման համար։
  • Քննիչ Սևակ Խաչատրյանի մոտ տեղի ունեցած դեպքը ՝ Ստեփան Սամվելյանի առողջական վիճակի վատացումը

 

Հուլիսի 31-ին տեղի ունեցած հարցաքննության ընթացքում պետությունը ներկայացնում էր քննիչ Սևակ Խաչատրյանը: Հաշվի առնելով Ստեփան Սամվելյանի հստակ տեսանելի առողջական վիճակի վատացումը՝

Ինչո՞ւ քննիչ Սևակ Խաչատրյանը չի հրավիրել շտապ օգնություն,

Ինչո՞ւ է քննիչ Սևակ Խաչատրյանը նրան մերժել ջուր տրամադրել։

Իմ կողմից կատարված զանգից հետո, ինչ արձանագրություն է կազմվել շտապ օգնության կողմից։ Խնդրում եմ ներկայացնել։

Ինչո՞ւ շտապ օգնության բժշկի հստակ խորհրդով, Ստեփան Սամվելյանին անմիջապես չի հետազոտել սրտաբանը։

 

«Արմավիր» ՔԿՀ-ի բժշկական արձագանք

  • Այս ամենից հետո ի՞նչ քայլեր են ձեռնարկվել․
  • Կոնկրետ երբ է Ստեփան Սամվելյանը տարվել «Արմավիր» ՔԿՀ:
  • Եղե՞լ է սրտաբանի կողմից զննում,
  • Տրվել ե՞ն լրացուցիչ անալիզներ կամ սարքավորումների հետազոտություններ։
  • Ո՞ր օրն է կայացվել հիվանդանոց տեղափոխման որոշումը։

 

. Վիրահատություն և ներկայիս վիճակ

 

  • Հաստատում ե՞ք արդյոք, որ օգոստոսի 4-ին իրականացվել է սրտի ստենտավորում։ Ի՞նչ բժշկական հիմնավորում է տրվել։
  • Ի՞նչ հետվիրահատական խնամք է իրականացվում։
  • Վիրահատությունից հետո որտե՞ղ է պահվում Ստեփան Սամվելյանը։
  • Ստանում է արդյոք հակաբիոտիկներ։
  • Ո՞րն է Ստեփան Սամվելյանի կրեատինինի ներկայիս մակարդակը։
  • Եղե՞լ է զննում նեֆրոլոգի կողմից։
  • Արդյո՞ք Ստեփան Սամվելյանը տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ և արդյոք այդ հաստատությունը ունակ է վերահսկել հիվանդության այդքան բարձր ռիսկով հիվանդին։

 

. Հետագա քայլեր

  • Ինչպիսի՞ բուժական պլան է սահմանված.
  • Շարունակական արյան և երիկամների ֆունկցիայի ստուգում,
  • Զննություններ սրտաբանի և նեֆրոլոգի կողմից,
  • Սննդակարգային սահմանափակումներ։
  • Կատարվե՞լ է գնահատում՝ արդյոք Ստեփան Սամվելյանի վիճակում ազատազրկումը համատեղելի՞ է նրա առողջական վիճակի հետ։

 

Հաշվի առնելով, որ Ստեփան Սամվելյանը գտնվում է պետության բացառիկ վերահսկողության ներքո, կոչ եմ անում ձեզ ամբողջությամբ և համադրված կերպով ստանձնել պատասխանատվությունը և ներկայացնել վերը նշված հարցերին հրատապ գրավոր պատասխաններ։ Խնդրում եմ, որ ներկայացվեն վերոնշյալ հարցերի ամբողջական և փաստական պատասխաններ։ Կալանավորված անձի կյանքի համար վտանգ ներկայացնող այս առողջական վիճակի պարագայում ցանկացած անգործություն կամ ուշացում կարող է դիտվել որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում, մասնավորապես՝ 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (խոշտանգումներից զերծ մնալու և անմարդկային վերաբերմունքի արգելք) հոդվածների շրջանակում։

 

Հարգանքով՝

Զարուհի Փոստանջյան Ստեփան Սամվելյանի պաշտպան

 05 օգոստոսի, 2025թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031