«Ազատություն». Մինչ պաշտոնական Բաքուն լռում է, իսկ Երևանը՝ բավարարվում միայն վարչապետի վաշինգտոնյան այցի մասին տեղեկությունը ո՛չ հերքել, ո՛չ հաստատելով, օտարերկրյա լրագրողները շարունակում են մանրամասներ հրապարակել Սպիտակ տանը օգոստոսի 8-ին սպասվող միջոցառումից:
Նախատեսվում է, որ ուրբաթ օրը Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում կստորագրեն փոխըմբռնման հուշագիր՝ պարտավորվելով ձգտել խաղաղության, մերձավորարևելյան զարգացումները լուսաբանող Middle East Eye կայքի թուրք մեկնաբան Ռագիփ Սոյլուին փոխանցել են հարցին ծանոթ տարածաշրջանային աղբյուրները:
Անկարայում աշխատող լրագրողի աղբյուրները հավելել են, որ երկու ղեկավարները կստորագրեն ոչ թե խաղաղության պայմանագրի նախագիծը, այլ՝ այսպես ասած «մտադրությունների մասին թուղթ», որն ԱՄՆ նախագահ Թրամփի համար կապահովի դիվանագիտական ձեռքբերում, ինչին ձգտում էր անցած ամսվանից:
Ադրբեջանական haqqin.az-ը, հղում անելով նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմին մոտ լրատվամիջոցներին, գրել է, թե Դոնալ Թրամփի հետ Սպիտակ տանը օգոստոսի 8-ին կայանալիք հանդիպմանը ենթադրաբար սպասվում է խաղաղության պայմանագրի ստորագրում, բայց և հավելել Middle East Eye-ի տեղեկությունը փոխըմբռնման հուշագրի մասին:
Կարդացեք նաև
Ըստ Middle East Eye-ի` Սպիտակ տանը նաև ստորագրման արարողություն կլինի:
Վաշինգտոնյան հանդիպման մասին առաջինը հաղորդած ադրբեջանական «Թուրան»-ի թղթակից Ալեքս Ռաուֆօղլուի տեղեկություններով՝ հայ-ամերիկա-ադրբեջանական գագաթնաժողովին ընդառաջ Թրամփը նախ կհանդիպի Հայաստանի վարչապետ Փաշինյանին, ապա՝ Ադրբեջանի նախագահ Ալիևին, դրանից հետո երեք ղեկավարները համատեղ հայտարարություն կանեն: Փաստորեն՝ աղբյուրներից մեկը հաղորդում է եռակողմ, մյուսը՝ երկկողմ՝ հայ – ադրբեջանական հայտարարության մասին:
Մինչ հայաստանյան իշխանական շրջանակները ձեռնպահ են մնում հայտարարություններից, փորձագետները չբացառեցին, որ Վաշինգտոնում հնարավոր է խաղաղության պայմանագրի նախաստորագրում լինի, ինչը, Երևանն ու Բաքուն հաստատել են, քննարկվող տարբերակ է:
Ադրբեջանը չի հրաժարվում դեռ մարտի կեսից համաձայնեցված խաղաղության պայմանագրի ստորագրման համար նախապայմաններից, դրանք երկուսն են՝ Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հղումը հանելը և Ղարաբաղյան կարգավորման համար ստեղծված Մինսկի խմբի լուծարումը:
Բայց վաշինգտոնյան հանդիպման մասին հայտնած երկու օտարերկրյա աղբյուրները այս պահին խաղաղության ձգտումների մասին հայտարարությունից կամ հուշագրից են խոսում, ոչ խաղաղության պայմանագրի նախաստորագրումից:
Կարծիք է հնչում, որ Վաշնգտոնում շաբաթավերջին հնարավոր հայտարարության ընդունումը առավելապես խորհրդանշական քայլ է, որը ընտրություններից առաջ քարոզչական նպատակներով թե՛ Փաշինյանին է պետք, թե՛ Ալիևին, որովհետեւ չպարտավորեցնող է, բայց առավելապես՝ խաղաղության ձգտումների մասին հայտարարող Թրամփին՝ իբրև գործնական քայլ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: