Ջենիֆեր Լոպեսի համերգի վերաբերյալ իշխանությունն ասում է երկու բան: Առաջինը՝ դա փայլուն բիզնես նախագիծ էր: Ներդրել ենք 6 միլիոն դոլար, ստացել ենք ավելի քան 13 միլիոն: Այսինքն, եթե պարզեցնենք՝ լոլիկը Մեյմանդարի շուկայից գնել ենք կիլոգրամը 200 դրամով, վաճառել ենք 300 դրամով: Այստեղ հարցեր են ծագում նախ՝ այդ հաշվարկների ճշգրտության վերաբերյալ՝ որտեղի՞ց է այդ 13 միլիոնն առաջացել: Արդյոք որեւէ մասնավոր անձ անօրինական շահ չէ՞ր ունեցել այդ միլիոնների շրջանառության մեջ՝ դա կիմացվի միայն իշխանափոխությունից հետո: Եվ վերջապես՝ ինչո՞ւ պետք է այդ շահավետ բիզնեսում «ֆռան» հարկատուների գումարները՝ մասնավորի փոխարեն:
Դրանից բխում է երկրորդ փաստարկը՝ այդ համերգը Հայաստանի իշխանությունների իմաստուն քաղաքականության եւս մի աննախադեպ ապացույց է: Այստեղ երկու տարբերակ կա՝ կա՛մ Ջենիֆեր Լոպեսն այնպիսի մի նշանավոր արվեստագետ է, որ իր գալով հարստացրել է մեր հոգեւոր, մշակութային կյանքը, կա՛մ նրա հետ (նրա համար) եկած զբոսաշրջիկները ճանաչեցին ու սիրեցին Հայաստանը: Քանի որ երկու պնդումները, մեղմ ասած, վիճելի են, դրանք թողնում եմ առանց մեկնաբանության: Նկատենք նաեւ, որ Լոպեսն այս մեկամսյա համերգային շրջագայության ընթացքում ելույթներ է ունեցել նաեւ Իսպանիայում, Իտալիայում, Հունգարիայում, Ռումինիայում, Ղազախստանում, Թուրքիայում, ԱՄԷ-ում, Լեհաստանում, Եգիպտոսում եւ Ուզբեկստանում: Արդյո՞ք կարելի է դրանից եզրակացնել, որ այդ երկրների իշխանությունները նույնպես աննախադեպ իմաստուն են:
Նույն իրադարձության հասարակական քննարկումը կարելի է խմբավորել երկու ծայրահեղական բեւեռի շուրջ: Մեկը պայմանականորեն անվանենք «տատիկական»՝ «վա՜յ, գետինը մտնես, էս ո՞նց ես հագնվել, տարիքիցդ ամաչեիր»: Մյուսը չափից դուրս «առաջադեմ» է՝ «տեսեք, հայ կանայք, օրինակ վերցրեք՝ բոլորդ պետք է նմանվեք Ջենիֆերին»: Իմ մոտեցումն այստեղ, ինչպես միշտ, ազատական է. ցանկացած արտիստ ինքն է որոշում «իմիջը», որը կարող է հանդիսատեսների մի մասին դուր գալ, մյուսին՝ ոչ: Մյուս կողմից՝ եթե բոլոր կանայք պետք է նման լինեն Լոպեսին, ապա բոլոր տղամարդիկ, հավանաբար, պարտավոր են նմանվել Առնոլդ Շվարցենեգերին: Ամենայն հարգանքով, իհարկե, բայց ես, օրինակ, իմ առջեւ նման նպատակ չեմ դնում:
…Քանի որ Հայաստանի բյուջեն այդքան հաջող լցվել է Ջենիֆեր Լոպեսի համերգի շնորհիվ (եթե դա այդպես է), կարելի է պետական բյուջեում մշտական տող ունենալ՝ փոփ-աստղեր բերելու մասին, եւ մյուս անգամ բերել, ասենք, Մադոննային ու Բրիթնի Սփիրսին: Այդ գումարներով գուցե հնարավոր լինի կառուցել մետրոյի «Աջափնյակ» կայարանը:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Շատ դիպուկ էր – չնայած ցավոք, քչերը կտեսնեն/կկարդան