Սեփական «ես»-ը առաջին պլան մղելը մեծ ռիսկեր է պարունակում
Օգոստոսի 1-ին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց էր տվել TV5 հեռուստատեսությանը: Հարցազրույցի քննադատության պակաս, ինչպես միշտ, չկար: Միանգամից մի կողմ եմ դնում այն քաղաքական եւ հասարակական գործիչների մեկնաբանությունները, որոնք «ի պաշտոնե» պարտավոր են որեւէ վատ բան ասել Քոչարյանի մասին, որովհետեւ դրա դիմաց աշխատավարձ կամ դրամաշնորհ են ստանում: Բայց ընդդիմադիր կամ գոնե՝ իշխանության հանդեպ քննադատական հայացքներ ունեցողներից շատերը նույնպես անկեղծորեն բանավիճում էին երկրորդ նախագահի հետ:
Ես Քոչարյանի որոշ պնդումների հետ համաձայն եմ. օրինակ՝ որ ՀԷՑ-ը խլելը նաեւ հաջորդ ընտրություններում ձայներ ստանալու միջոց է, որ սփյուռքահայերի մուտքը Հայաստան չի կարելի արգելել այն պատճառով, որ նրանք քննադատում են իշխանությանը, կամ՝ որ կուսակրոնությունը որեւէ կապ չունի Հայաստանի անվտանգության հետ, որ Սամվել Կարապետյանի եւ նրա սեփականության վրա հարձակվելը ապերախտություն է եւ «բեսպրեդել»: Մի շարք աշխարհաքաղաքական պնդումներ՝ անցած պատերազմի պատճառների, «Զանգեզուրի միջանցքի», Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին ինձ վիճելի են թվում: «Վիճելիության» պատճառներից մեկը, հավանաբար, այն է, որ Քոչարյանը 10 տարի ղեկավարել է Հայաստանը, եւ նրա այսօրվա դատողությունները չեն կարող չպարունակել իր կատարած բոլոր քայլերն արդարացնելու միտում:
Բայց ես այսօր (ի տարբերություն 2021 թվականի) կարծում եմ, որ ցանկացած մարդ, որը կկարողանա իշխանությունից հեռացնել Փաշինյանին, պետք է դա անի՝ անկախ անձնական համակրանք-հակակրանքներից: Եթե դա Քոչարյանն է, թող նա անի: Բայց արդյո՞ք ի վիճակի է: Իմ մեջ կասկածներ են առաջանում այն պատճառով, որ մենք հիշում ենք նույն 2021 թվականի ընտրությունների արդյունքները: Ինչո՞ւ այն ժամանակ Քոչարյանը հաջողության չհասավ, եւ ի՞նչն է փոխվել ընդդիմադիր դաշտում 4 տարվա ընթացքում: Ցանկալի էր, ի դեպ, TV5 – ի գործընկերն այդ հարցը տար:
Կարդացեք նաև
Այդ առումով, Ռոբերտ Քոչարյանը, կարծում եմ, մարտավարական սխալ թույլ տվեց՝ փաստացի ասելով, որը իր քաղաքական թիմն ամենաազդեցիկներից, մեկն է: Եթե խոսքը «Հայաստան» դաշինքի մասին է, ապա հաստատ կան ավելի կուռ քաղաքական թիմեր: Դաշնակցությունն, անշուշտ, թիմ է, բայց կուսակցությունը հնարավոր չէ համարել 100 տոկոսով Ռոբերտ Քոչարյանի կամ որեւէ այլ գործչի թիմ՝ հաշվի առնելով այդ կուսակցության պատմությունը եւ կառուցվածքը:
Բայց եթե նույնիսկ «Հայաստան» դաշինքն ամենաազդեցիկն է, չարժե դրա մասին այսօր հայտարարել, քանի որ դա հիմա կառաջացնի անհարկի վեճեր՝ բա մե՞նք: Այդ առիթով թույլ տվեք հիշեցնել 1996 թվականի ընտրությունները: Երբ ընտրությունները մոտեցան, մի շարք ընդդիմադիր գործիչներ, այդ թվում՝ Պարույր Հայրիկյանը, հանեցին իրենց թեկնածությունները՝ հօգուտ Վազգեն Մանուկյանի: Ոչ թե այն պատճառով, որ վերջինս ամենափայլուն կամ ամենափորձառու գործիչն էր (Հայրիկյանն ավելի փորձառու էր), այլ որովհետեւ պարզ էր, որ Մանուկյանն ավելի շատ շանսեր ունի: Ի դեպ, թեեւ կոմունիստ Սերգեյ Բադալյանը եւ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, չհանեցին իրենց թեկնածությունները, բայց նրանց ընտրազանգվածի մի մասն էլ, հասկանալով, որ իշխանափոխության համար ամենաիրատեսական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է, ձայնը տվեց հենց նրան: Առաջնային մոտիվացիան Տեր-Պետրոսյանի դեմ քվեարկելն էր:
Պարզ է, որ 30 տարի առաջ եւ հիմա իրավիճակը խիստ տարբեր է, նախագահական ու խորհրդարանական ընտրություններն էլ իրենց յուրահատկությունն ունեն: Բայց բոլոր դեպքերում ընդդիմության գործելաոճի հիմնական սկզբունքը, կարծում եմ, պետք է լինի պրագմատիզմը:
Այն պրագմատիզմը, որը դրսեւորեց նույն Տեր-Պետրոսյանը 2021 թվականի ընտրությունների հետ կապված իր առաջարկներով:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ