Լրահոս
Օրվա լրահոսը

Մարկոս Գրիգորյանին նվիրված պուրակի հիմնում, ժամանակակից արվեստի եւ մարդկային գիտելիքի հանդիպում. մեկնարկում է Gyumri Art Week-ը

Օգոստոս 06,2025 10:56

Օգոստոսի 8-14-ին արդեն 4-րդ անգամ Գյումրիում կանցկացվի «Gyumri Art Week»-ը, որի համադրողներն են Սարգիս Հովհաննիսյանը, Վիկտորյա Իլյուշկինան (Cyland) եւ Գագիկ Ղազարէն (Բաց հարթակ):

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Սարգիս Հովհաննիսյանը՝ «Գյումրիի արվեստի շաբաթ» 4-րդ միջազգային փառատոնը նվիրված է ժամանակակից արվեստի առաջամարտիկ, հայ նշանավոր արվեստագետ եւ մտածող Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակին։ «Gyumri Art Week»-ը միջազգային արվեստի փառատոն է, որն արդեն ամրագրված է միջազգայնորեն՝ միջազգային արտիստներով, միջազգային կառույցներով: Երբ անցյալ տարի փառատոնը նվիրում էինք Երվանդ Քոչարին, որոշվեց, որ 2025թ.-ին այն նվիրելու ենք մեր կարեւորագույն արվեստագետներից մեկին ՝ Մարկոս Գրիգորյանին: Փառատոնն ամեն տարի ունի իր կոնցեպցիան, գաղափարը, այն չի ընտրում զուտ աշխատանքներ, այլ դինամիկ աշխատում է տարբեր համադրողների հետ: Gyumri Art Week-ի առանձնահատկությունն այն է, որ ստեղծում է ժամանակակից արվեստի հարթակ Գյումրիում», – ասում է Սարգիս Հովհաննիսյանը:

Նա տեղեկացրեց, որ փառատոնի կազմակերպիչներն են GCAW (Գյումրու Ժամանակակից Արվեստի Շաբաթը), Հայաստանի Գեղարվեստի Ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը, Ազգային ճարտարապետության եւ քաղաքային կյանքի թանգարանը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Սերգեյ Մերկուրովի տուն թանգարանը, Բեռլին արտ հյուրանոցը, Բաց հարթակը եւ CYLAND Մեդիա արվեստի լաբորատորիան։

«Մենք նախկինում ունեցել ենք Գյումրիի Բիենալեն, որը, ցավոք սրտի, ինչ-ինչ պատճառներով շարունակություն չի ունեցել: Ինչ վերաբերում է Gyumri Art Week-ին, ամեն տարի մեր փառատոնի հետ համագործակցող կառույցների թիվը կարող է փոփոխվել, բայց որ ամենակարեւորն է, պետք է հասնել նրան, որ այն դառնա ամեն տարի կազմակերպվող ինստիտուցիոնալ փառատոն», – ընդգծում է մեր զրուցակիցը:

Սարգսիս Հովհաննիսյանը հավելում է, որ Gyumri Art Week-ի նպատակը ժամանակակից արվեստի եւ մարդկային գիտելիքի տարբեր ոլորտների (մարդաբանություն, էկոլոգիա, երկրաբանական գիտություններ, ճարտարապետություն, քաղաքաշինություն, դիզայն, սոցիոլոգիա, պատմություն և նորարար տեխնոլոգիաներ), միջեւ կապերի ստեղծումն է։ Նշում է, որ այս միջառարկայական մոտեցումը ներկայացնում է փոխկապակցված էկոհամակարգերի մի ցանց, որտեղ ստեղծագործական գործելակերպերը ծառայում են որպես խթան՝ գլոբալ կլիմայական եւ էկոլոգիական խնդիրներին դիմակայելու համար։

Նա ուրախությամբ փաստում է, որ վերջին 3 տարիներին վիդեոարտը, ինստալացիաները, նոր մեդիաները եւ նոր արվեստն ընդհանրապես առկա են Գյումրում, իրենք, ի թիվս այլոց, համագործակցում են Գերմանիայի գեղարվեստի ակադեմիայի նոր մեդիայի լաբորատորիայի հետ, որտեղից հրավիրված մասնագետները, բացի իրենց մասնակցությունից՝ այս տարի նաեւ դասախոսություններ կկարդան:

«Ես բազմիցս ասել եմ, որ ժամանակակից արվեստը կարեւոր դերակատարություն ունի, առանց ժամանակակից արվեստի գոյության, ընկալման եւ ընկալելի դաշտ բերելու՝ աշխարհի հետ հարաբերվելու առումով դու հետ ես մնում: Բացի Գյումրիում միջազգային արվեստագետների մասնակցությունից, կարեւոր է նաեւ այն, որ փորձում ենք փառատոնում իրենց ներգրավվածությունն ունենան նաեւ հայ ժամանակակից արվեստագետները, որոնք ապրում եւ ստեղծագործում են դրսում: Շատերը ստեղծագործում, ցուցադրվում, կայանում են դրսում, բայց Հայաստանի հետ կապ չունեն: Մեր լավագույն փորձառություններից մեկն այն է, որ արդեն երրորդ տարին փառատոնի հետ է Գոռ Մարգարյանը, որը Գերմանիայի Քիլ քաղաքի գեղարվեստի ակադեմիայում բաժնի ղեկավար է: Նա իր փորձն ու ռեսուրսները ներդնում է Հայաստանում», – փաստում է մեր զրուցակիցը:

Հավելում է, որ այս տարի փառատոնի շրջանակում ցուցադրություններ են նախատեսված Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, որտեղ հատկապես ներկայացվելու են վիդեո ինստալացիաները: Նրա ձեւակերպմամբ՝ տեխնոլոգիան եւ գաղափարը համատեղել են մի վայրում, եւ հանդիսականը հնարավորություն է ունենալու անգամ գիշերը 12-ին ցանկության դեպքում գալ եւ առնչվել արվեստի գործերի հետ: Ցուցադրություններ են նախատեսված նաեւ Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում, որտեղ «Արեւելքի եւ արեւմուտքի միջեւ» խորագրով ցուցադրությունը կլինի Հայաստանի երկու կարևոր արվեստագետների՝ Մարկոս Գրիգորյանի եւ Համլետ Հովսեփյանի գործերի ցուցադրությունը: Սարգիս Հովհաննիսյանը հիշեցնում է, որ 1990-ականներին Մարկոս Գրիգորյանը կանգնած է եղել Գյումրիի ժամանակակից արվեստի դաշտի զարգացման ակունքներում, նա նաեւ մի գործ ունի Գյումրիի ժամանակակից արվեստի կենտրոնում, որը փառատոնի շրջանակում կցուցադրվի: Նախատեսված է նաեւ ի հիշատակ եւ ի հարգանք Մարկոս Գրիգորյանի՝ ծառատունկ կազմակերպել եւ հիմնել հանրային արվեստի պուրակ, որտեղ տարվա ընթացքում վարպետաց դասեր, աշխատարաններ կլինեն:

Սարգսի ձեւակերպմամբ՝ փառատոնը նաեւ փորձում է հանրային արվեստի միջոցով ձեւավորել ապագայի տեսլականը: Նա տեղեկացնում է, որ Gyumri Art Week-ի շրջանակում միջազգային եւ Հայաստանի տարբեր մարզերում ապրող հայ արտիստները հանրային աշխատարաններ կունենան, որոնցից մեկը՝ հենց Օձունի եկեղեցու բակում: Մեր զրուցակիցը վստահ է, որ մարզերում կայացող ոչ ֆորմալ արվեստային նախագծերը տարիներ անց ունենալու են իրենց հրաշալի արդյունքը:

Մեր զրույցի ընթացքում Gallery 25-ում կայանալիք խմբակային ցուցադրությանն (Դիանա Կարապետյան, Լիզա Օլշանսկայա, Գուրգեն Գինոսյան, Ֆոլրիան Հուբեր, Արտուշ Պետրոսյան, Լեւոն Ֆլջյան) էլ անդրադարձ եղավ, ինչպես նաեւ երիտասարդների «Նռանէ» ֆոլք-ռոք բենդի համերգին. «Փառատոնը փորձում է գեներացնել առկա ներուժը, Գյումրիում հստակ ձեւակերպել փառատոնի կարեւորությունը եւ ստեղծել դինամիկ մշակութային պլատֆորմ, երկխոսություն»:

Սարգիս Հովհաննիսյանն ընդգծում է, որ, օրինակ, երբ տարբեր առիթներով խոսում են զբոսաշրջության մասին, դա չպետք է պայմանավորված լինի զուտ ռեստորաններով, ու որպես նշաձող նշում է ավստրիական Լինց քաղաքում կայացող Ars Electronica փառատոնը, որին նաեւ ինքն է 2019թ.-ին մասնակցել: Նա փաստում է, թե ինչպես է տարբեր երկրներից ժամանած արվեստագետների եւ այցելուների ներկայությունը բարձրացնում այդ քաղաքի անունը: Սարգիս Հովհաննիսյանն ասում է՝ Art Week-եր անցկացվում են աշխարհի տարբեր երկրներում ու քաղաքներում՝ Վինենա, Լոնդոն, Սինգապուր, Տոկիո, իսկ ինչ վերաբերվում է Գյումրիի Art Week-ին, նրա ձեւակերպմամբ, այս փառատոնի կողքին են մարդիկ, կազմակերպություններ, որոնք հավաքվել են գաղափարի շուրջ, եւ որպեսզի փառատոնը կարողանա էլ ավելի զարգանալ եւ տարածվել, կարեւոր է տեղական եւ քաղաքային իշխանությունների ուշադրությունն ու մասնակցությունը: «Նրանք պետք է մտածեն՝ պատրա՞ստ են ժամանակակից արվեստի հետ այս երկխոսությանը, նաեւ պետք է գիտակցեն, թե ինչ մեծ նշանակություն կունենա փառատոնը Հայաստանի մշակութային քաղաքականության զարգացման գործում», – ասում է Gyumri Art Week-ի համադրողը: Սարգիսը նաեւ շեշտում է, որ իրենց նպատակներից մեկն էլ այն է, որ Gyumri Art Week-ը դուրս գա Հայաստանի սահմաններից, իսկ այդպիսի միտումներ արդեն կան:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031