News.am. Դեռեւս մի քանի ամիս առաջ Վանաձորից 16-ամյա Կարեն Պողոսյանը վստահ չէր, թե ինչով է ցանկանում զբաղվել ապագայում։ Այսօր նա արդեն հստակ գիտի, որ իր ճանապարհը ՏՏ ոլորտում է։ Պատանու համար մեկնարկային կետ դարձավ Yandex Ծրագրավորման դպրոցը, որն արդեն ութերորդ տարին է՝ գործում է Վանաձորի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոններում։
Հայերեն դասավանդվող այս անվճար ծրագիրը, որը նախատեսված է 14-17 տարեկան դպրոցականների համար, սովորեցնում է ոչ միայն Python լեզվով ծրագրավորել, այլև զարգացնում է տրամաբանական մտածողություն և իրական խնդիրներ լուծելու հմտություններ։ Յոթ ամսվա ընթացքում աշակերտները, պրոֆեսիոնալ դասավանդողների ղեկավարությամբ, յուրացնում են մշակման, տվյալների հետ աշխատանքի և հավելվածների ստեղծման հիմունքները։ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի աջակցությամբ գործարկվելուց ի վեր դպրոցն ունեցել է ավելի քան 400 շրջանավարտ, որոնցից շատերն արդեն կարիերա են կառուցում ՏՏ ոլորտում։
Կարենը, թերևս, վառ օրինակ է, թե ինչպես է Yandex Ծրագրավորման դպրոցը կյանքեր փոխում։ Այստեղ նա ստացել է գիտելիքներ, որոնք արդեն այսօր կիրառում է գործնականում. վերջերս նա մասնակցել է TechWeek-ի շրջանակում կազմակերպված հաքաթոնին, որտեղ նրա թիմը մշակել է շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու համար նախատեսված հավելված։ Նա նաև ստեղծել է Telegram-բոտ՝ լեզուներ և ծրագրավորում սովորելու համար։
NEWS.am Tech-ի հետ հարցազրույցում Կարենը պատմում է իր փորձի, դժվարությունների և այն մասին, թե ինչպես է Yandex Ծրագրավորման դպրոցն օգնել իրեն վստահություն ձեռք բերել մասնագիտության ընտրության հարցում։
Կարդացեք նաև
Yandex Ծրագրավորման դպրոց ընդունվելու մասին
Կարեն, ինչպե՞ս ստացվեց, որ հայտնվեցիր Yandex Ծրագրավորման դպրոցում։ Ի սկզբանե ցանկություն ունեի՞ր ծրագրավորում սովորելու, թե՞ դպրոցի մասին իմացար ու որոշեցիր տեսնել, թե ինչ է դա։
«Տեխնոլոգիական ոլորտը և ծրագրավորումը վաղուց էին ինձ հետաքրքրում, բայց չգիտեի, թե որտեղից սկսել և ծրագրավորման որ լեզուն ընտրել ուսումնասիրելու համար։ Երբ իմացա Yandex Ծրագրավորման դպրոցի մասին, որոշեցի փորձել ուժերս։ Եվ չզղջացի»։
Դժվա՞ր էր դպրոց ընդունվելը։ Անհրաժե՞շտ էր ընդունելության քննություններ հանձնել։ Ինչպե՞ս ես պատրաստվել դրանց։
«Ընդունվելը հեշտ չէր, բայց գործընթացը լավ կազմակերպված էր։ Ընդունելության քննությունը բաղկացած էր երկու փուլից։ Առաջինը՝ առցանց թեստ, որը ստուգում էր տրամաբանական մտածողությունը և մաթեմատիկայի բազային գիտելիքները։ Երկրորդ փուլը՝ հարցազրույց, որպեսզի ավելի լավ հասկանային թեկնածուի անհատականությունը, նրա մոտիվացիան և ընտրեին ուսուցման համար համապատասխան խումբ։ Ես նախապես պատրաստվել էի թեստին՝ լուծելով տրամաբանական և ծրագրավորման խնդիրներ, որոնք գտնում էի համացանցում։ Ինքը՝ թեստը, տարբեր մակարդակի բարդության խնդիրներ ուներ. կային և՛ պարզ, և՛ այնպիսի խնդիրներ, որոնց շուրջ պետք էր լուրջ մտածել։ Թեստը տևեց 90 րոպե, և ես փորձում էի կենտրոնանալ և չշեղվել։ Ի վերջո, առաջին փուլում ես 100-ից հավաքեցի 99 միավոր»։
Yandex Ծրագրավորման դպրոցում սովորելու մասին
Ի՞նչ ես սովորել ծրագրավորման դպրոցում, և ինչպիսի՞ն էր ուսուցման գործընթացը։ Ինչո՞վ էր դա տարբերվում հանրակրթական դպրոցում սովորելուց։
Հիմնական ուշադրությունը Python-ի վրա էր, բայց մեզ նաև սովորեցրին ստեղծել API-ների հետ աշխատող հավելվածներ։ Մենք սովորեցինք վեբ մշակման հիմունքները, ներառյալ HTML, CSS և JavaScript, ինչպես նաև SQL-ի միջոցով տվյալների բազաների հետ աշխատանքը։ Դա տեխնոլոգիաների բավականին լայն սպեկտր էր, որոնք մենք կիրառեցինք իրական նախագծերում։
Իսկ ինչ վերաբերում է ուսուցման գործընթացին՝ այն շատ հետաքրքիր էր և տարբերվում էր հանրակրթական դպրոցից։ Դասերը տևում էին մոտ երկու ժամ. առաջին 20 րոպեին քննարկում էինք նախորդ դասի նյութը, այնուհետև ուսումնասիրում նոր թեմա, իսկ մնացած ժամանակը նվիրում պրակտիկային։ Մենք կոդ էինք գրում և դասավանդողի ղեկավարությամբ սովորում մեր սխալների վրա։ Նրանց, ովքեր արդեն գիտեին տվյալ օրվա նյութը, մեր դասախոս Աշխենը լրացուցիչ առաջադրանքներ էր տալիս և ստուգում դասի վերջում։
Ի տարբերություն սովորական դպրոցի, որտեղ շեշտը հաճախ դրվում է տեսության վրա, այստեղ ավելի շատ պրակտիկա էր՝ ինտերակտիվ առաջադրանքներ և իրական նախագծերի հետ աշխատանք։ Երբեմն դասերն ուղեկցվում էին պրոյեկտորի միջոցով տեսանյութեր դիտելով, որպեսզի նյութն ավելի տեսանելի և հետաքրքրաշարժ լիներ։
Ի՞նչ ես կարծում՝ ի՞նչ պետք է փոխառի սովորական դպրոցը Yandex Ծրագրավորման դպրոցից։
Կարծում եմ՝ արժե, որ հանրակրթական դպրոցներն օրինակ վերցնեն Yandex Ծրագրավորման դպրոցում կիրառվող գործնական մոտեցումից։ Այստեղ մենք ոչ թե տեսություն էինք անգիր անում, այլ անմիջապես կիրառում էինք գիտելիքները գործնականում՝ լուծելով իրական խնդիրներ։ Նաեւ լավ կլիներ, եթե դպրոցներում ավելի հաճախ օգտագործեին ինտերակտիվ մեթոդներ, օրինակ՝ ցուցադրեին տեսանյութեր կամ կազմակերպեին դասերը խաղային ձևաչափով, քանի որ դա նյութն ավելի հասանելի ու հետաքրքիր է դարձնում։ Բայց ընդհանուր առմամբ, շատ բան կախված է ուսուցչից։ Yandex Ծրագրավորման դպրոցում մեզ դասավանդող Աշխենը դասերը դարձնում էր կենդանի ու հետաքրքրաշարժ, ինչը շատ էր օգնում ու մոտիվացնում մեզ։
Դժվար էր համատեղե՞լ Ծրագրավորման դպրոցի և հանրակրթական դպրոցի դասերը։ Կարողացանո՞ւմ էիր ժամանակ գտնել ընկերների հետ շփվելու համար։
Այդ ամենը համատեղելը հեշտ չէր, բայց ես սովորեցի ինչ-որ կերպ բաշխել ժամանակը դպրոցի, ծրագրավորման և անձնական կյանքի միջև։ Բացի այդ, իմ ընկերները նույնպես սովորում էին Ծրագրավորման դպրոցում, այնպես որ մենք հաճախ էինք հանդիպում և շփվում դասերի ընթացքում։ Ի վերջո, ես սովորեցի այդպիսի ռիթմին և ինձ հաջողվում էր ժամանակ գտնել ինչպես ուսման, այնպես էլ ընկերների հետ շփվելու համար։
Կարծում ես՝ արժե՞ այդքան շատ ժամանակ ծախսել սովորելու և ծրագրավորման վրա՝ ժամանցի և ընկերների հետ ժամանակ անցկացնելու փոխարեն։
Կարծում եմ, որ հիմա սեփական հմտությունների մեջ ներդրումներ անելու լավագույն ժամանակն է։ Եթե հիմա ժամանակ չհատկացնեմ ուսմանը, կարող եմ բաց թողնել ապագայի լավ հնարավորություններ։ Իհարկե, ես ժամանակ եմ գտնում ընկերներիս համար, բայց ուսումը և զարգացումն ինձ համար հիմա առաջնահերթություն են։
Yandex Ծրագրավորման դպրոցի ավարտական քննության ժամանակ դու ամենաբարձր միավորն ես հավաքել։ Որքանո՞վ էր քննությունը բարդ։ Դրան հատուկ պատրաստվելու կարիք կա՞ր։
Ավարտական քննությունը, իմ կարծիքով, բարդ էր, քանի որ այն ընդգրկում էր այն ողջ նյութը, որն անցել էինք յոթ ամսվա ընթացքում։ Այն բաղկացած էր չորս հիմնական հարցերից, բայց յուրաքանչյուրի մեջ կային ենթահարցեր, որոնք ստուգում էին գիտելիքների տարբեր ասպեկտներ։ Ես լրջորեն պատրաստվել էի քննությանը, կրկնել էի ամբողջ նյութը, ուզում էի համոզված լինել, որ ամեն ինչ ճիշտ եմ հասկացել և յուրացրել։ Եթե ինչ-որ բան պարզ չէր լինում՝ հարցեր էի տալիս դասախոսին, և նա նորից էր բացատրում, ինչի համար շատ շնորհակալ եմ նրան։ Ի վերջո, ես 100-ից 100 միավոր հավաքեցի։
Ի՞նչն էր ամենից հիշարժան դպրոցում։ Միգուցե որևէ նախագի՞ծ, ուսուցի՞չ կամ հետաքրքիր խնդի՞ր։
Ամենից շատ հիշվեց դասավանդող Աշխենը՝ իր բացատրելու և մոտիվացնելու կարողությամբ։ Նաև ինձ շատ է դուր գալիս ավարտական նախագիծը, որի վրա ես աշխատել եմ ընկերներիս հետ։ Դա Telegram-բոտ է, որն օգնում է վիկտորինաների և թեստերի միջոցով սովորել անգլերեն և ծրագրավորում, մասնավորապես Python։ Բոտը վերլուծում է պատասխանները, որոշում թույլ կողմերը և առաջարկում նյութեր կրկնության համար՝ ներառյալ YouTube-ի տեսանյութերի հղումներ։ Այն աջակցում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին, իսկ այլ լեզուների համար ունի ներկառուցված թարգմանիչ։ Նաև մենք ավելացրել ենք արհեստական բանականությամբ չաթ՝ հարցերին պատասխանելու համար։
Եթե կարողանայիր Yandex Ծրագրավորման դպրոցի ծրագրում ինչ–որ նոր բան ավելացնել, գուցե նոր դասընթաց կամ առաջադրանք, ո՞րը կլիներ դա։
Կարծում եմ՝ շատ հետաքրքիր կլիներ կազմակերպել ավելի շատ դասընթացներ հրավիրված մասնագետների հետ, օրինակ՝ արհեստական բանականության ոլորտից։ Նրանք կարող էին ցույց տալ՝ ինչպես կիրառել Python-ը իրական խնդիրներում, ինչպես, օրինակ, արհեստական բանականության ալգորիթմների ստեղծման նպատակով։ Սա կօգնի ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե որտեղ և որ ոլորտներում կարող են կիրառել իրենց գիտելիքները։
Իրական աշխարհում առաջին փորձի մասին
Իսկ քեզ արդեն հաջողվե՞լ է կիրառել Yandex Ծրագրավորման դպրոցում ստացած գիտելիքներդ դպրոցից դուրս։
Վերջերս մասնակցեցի TechWeek-ի շրջանակում կազմակերպված հաքաթոնին, որն անցկացվեց հուլիսի 4-ից 6-ը մեր հարազատ Վանաձորում։ Մասնակցում էինք երեք հոգանոց թիմով, բոլորս Yandex Ծրագրավորման դպրոցից էինք։ Այնտեղ մենք մշակեցինք հավելված՝ արտակարգ իրավիճակներում բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Գաղափարն այն է, որ բժիշկը կարող է հեռախոսի միջոցով սկանավորել մարդու դեմքը, և հավելվածը ցույց կտա նրա արյան խումբը, դեղորայքային ալերգիաները և այլ տեղեկություններ, որոնք կարող են կարևոր լինել նրան օգնություն ցուցաբերելիս։ Հավելվածում կարելի էր նաև օգտագործել QR-կոդեր կամ NFC-քարտեր՝ տվյալներ պահելու համար, օրինակ՝ անվանաքարտի կամ թևնոցի վրա։ Օգտատերն ինքն է որոշում՝ ինչ տեղեկություն ավելացնել տվյալների բազայում։ Մենք օգտագործեցինք Python՝ Django ֆրեյմվորքով՝ սերվերային մասի համար, HTML, CSS և JavaScript՝ ֆրոնտենդի համար, իսկ տվյալները պահպանեցինք SQL-ում։ Այս ամենը արեցինք միջոցառման շրջանակում՝ 48 ժամ չքնելով։ Ցավոք, անվճար սերվերի հետ կապված խնդիրների պատճառով նախագծի շնորհանդեսն այնքան էլ հարթ չընթացավ, բայց մենք, միևնույն է, արժեքավոր փորձ ձեռք բերեցինք։
Ի՞նչ տեխնոլոգիական դժվարություններ առաջացան նախագծի ստեղծման ընթացքում։
Հիմնական դժվարությունը կարճ ժամանակահատվածում ֆրոնտենդի և բեքենդի ինտեգրումն էր։ Մենք սերվերի համար օգտագործեցինք Django, ինչը թույլ տվեց արագ ստեղծել բազան, սակայն ֆրոնտենդի և բեքենդի փոխգործակցության կարգավորումը առանձին սերվերների վրա պահանջում էր ճշգրտություն։ Նաև անվճար սերվերը, որը մենք օգտագործում էինք՝ խնդիրներ առաջացրեց շնորհանդեսի ժամանակ, ինչը մեծ դաս եղավ մեզ. հարկավոր է նախապես ամեն ինչ փորձարկել կայուն հարթակներում։
Ի՞նչ սովորեցիր այս հաքաթոնից։ Եվ արդյո՞ք պլանավորում եք մասնակցել նմանատիպ այլ միջոցառումների։
Հաքաթոնն ինձ հսկայական փորձ տվեց։ Ես բարելավեցի կոդ գրելու իմ հմտությունները, հատկապես JavaScript-ում և սովորեցի աշխատել թիմում՝ ժամանակի ճնշման տակ։ Սա իմ առաջին հաքաթոնն էր, բայց ես հաստատ ուզում եմ մասնակցել այլ հաքաթոնների։ Որքան շատ լինեն նմանատիպ միջոցառումները, այնքան ավելի շատ կապեր և գիտելիքներ կստանաս, իսկ այս ոլորտում և՛ մեկը, և՛ մյուսը շատ կարևոր են։
Ապագայի մասին
Ի՞նչ ես կարծում, եթե քո տարիքի ավելի շատ պատանիներ ծրագրավորում սովորեին, ի՞նչ կփոխվեր Վանաձորի նման քաղաքներում։
Եթե մարզերում ավելի շատ երիտասարդներ ծրագրավորում սովորեն, դա նրանց հնարավորություն կտա աշխատելու բարձր վարձատրվող ոլորտներում՝ առանց իրենց քաղաքից հեռանալու։ Օրինակ, կարելի է զբաղվել ֆրիլանսով կամ հեռավար կարգով աշխատել այլ երկրներում գտնվող ընկերությունների համար։ Ծրագրավորումը յուրացնող երիտասարդները կկարողանան ավելի բարեկեցիկ ապրել և իրականացնել իրենց գաղափարները, և այս ամենը, անկասկած, կբարելավի մարզի տնտեսությունը։ Սա նաև կբարձրացնի Հայաստանի հեղինակությունը, եթե տեղացի ծրագրավորողները հայտնի դառնան որպես պրոֆեսիոնալներ՝ դա ուշադրություն կգրավի երկրի նկատմամբ։
Ի վերջո, ի՞նչ տվեց քեզ Yandex ծրագրավորման դպրոցը, և ինչպե՞ս այն օգնեց կողմնորոշվել քո ապագայի հարցում։
Երբ եկա դպրոց, դեռ վստահ չէի, թե որ ուղղությամբ եմ ուզում զարգանալ։ Ծրագրավորումն ինձ հետաքրքրում էր, բայց ես նաև դիտարկում էի բիզնեսի ուղին։ Ուսման ընթացքում հասկացա, որ այս ոլորտն ինձ շատ հետաքրքիր է, և ես ուզում եմ դառնալ ծրագրավորման կամ արհեստական բանականության մասնագետ։ Դպրոցն ինձ տվեց ոչ միայն գիտելիքներ, այլև մասնագիտության ընտրության վստահություն, ինչպես նաև հմտություններ, որոնք արդեն կիրառում եմ գործնականում։
Լսե՞լ ես կոդ գրող արհեստական բանականության մասին։ Կարծում ես՝ նա երբևէ կփոխարինի՞ ծրագրավորողներին, թե՞ մենք, միեւնույնն է, ավելի հզոր կլինենք։
Կոդ գրող արհեստական բանականությունը աշխատում է նախապես տրված տրամաբանությամբ և սահմանափակված է այն ամենով, ինչ ներդրված է իր մեջ։ Իսկ ծրագրավորողները կարող են խնդիրներին մոտենալ կրեատիվորեն, գտնել ոչ ստանդարտ լուծումներ, որոնք կարող են ավելի արդյունավետ լինել։ Արհեստական բանականությունը կարող է օգնել, բայց լիովին չի կարող փոխարինել մարդկանց, որովհետև մենք ունենք ստեղծագործական մոտեցում և ճկունություն։