ՀՀ վաստակավոր արտիստ, ԿԳՄՍ ոսկե մեդալակիր, միջազգային մրցույթների դափնեկիր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորայի հայ ավանդական երգեցողության, ազգային նվագարանների կատարողական արվեստի ամբիոնի պրոֆեսոր Կարինե Հովհաննիսյանը համերգային գործունեությունը սկսել է 1988թ, բազմիցս շրջագայել Եվրոպայի տարբեր երկրներում՝ Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Անգլիա, Շվեդիա, Հունաստան, ինչպես նաեւ՝ Մարոկկո, Արաբական Էմիրություններ, Թուրքիա, ԱՄՆ, Կանադա, որտեղ ներկայացրել է հայկական քանոնը՝ իր բարդ կատարողական հնարավորություններով, ինչը մեծ հետաքրքրություն եւ յուրահատուկ զգացողություն է առաջացրել հանդիսատեսի մոտ։
«2000թ․-ից մինչ այսօր «Շողակն» անսամբլի մենակատարն եմ, որտեղ նույն սիրով և նվիրումով իմ պրոֆեսիոնալ երաժիշտ ընկերների հետ աշխատում և ծառայում ենք հայ մշակույթին: «Շողակն» անսամբլի հետ ամերիկյան Traditional Crossroads ընկերության կողմից արտադրվել է ժողովրդական երգերի և մեղեդիների 5 ձայներիզ, որոնք բոլորն էլ երաժշտական աշխարհում շատ հայտնի են։ Բացի համերգային շրջագայություններից՝ նաև անցկացնում ենք հայ ժողովրդական երաժշտության վարպետության դասեր՝ ներկայացնելով ազգային նվագարանների ստեղծման պատմությունը, յուրահատուկ հնչողությունը, տեխնիկական հնարավորություններն ու կիրառության բազմազանությունը։ Ամերիկյան Traditional Crossroads և Celestial Harmonies ընկերությունների հետ համագործակցության արդյունքում արտադրվել են իմ հեղինակային Classical Music for the Armenian Kanun եւ Traditional Zither Music ձայներիզները»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց Կարինե Հովհաննիսյանը:
«Հայկական քանոնի կատարողական դպրոցը ստեղծել է հայ մեծանուն կոմպոզիտոր, իմ ուսուցիչ՝ Խաչատուր Ավետիսյանը։ Միշտ երախտապարտ եմ նրան իմ մասնագիտական հաջողությունների համար։ Նա թողել է ստեղծագործական հսկայական ժառանգություն․ քանոնի համար գրված փոքր պիեսներ, մեծ կտավի գործեր, երգերի , պարեղանակների քանոնի համար արված փոխադրումներ, որոնք մինչ օրս էլ մշտապես կատարվում են։ Ուզում եմ նաեւ մեծ շնորհակալություն հայտնել վարպետ Ապրես Վանոյանին, ում անխոնջ աշխատանքի, բացառիկ տաղանդի, նվիրվածության և բծախնդրության շնորհիվ պատրաստված քանոն նվագարաններով մենք ներկայանում ենք աշխարհին»,-հավելում է ճանաչված երաժիշտը։
Նա նշեց, որ անչափ կարևորում է իր մենահամերգները տարբեր երկրների սիմֆոնիկ նվագախմբերի հետ՝ կատարելով հայ կոմպոզիտորների կողմից քանոն նվագարանի համար գրված կոնցերտներ, սիմֆոնիկ սյուիտներ եւ այլ ստեղծագործություններ :
Կարդացեք նաև
Կարինե Հովհաննիսյանի ձեւակերպմամբ՝ Սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ քանոնը ստանում է յուրահատուկ հնչողություն, մերվում է դասական նվագարանների հետ, ստանում է անբացատրելի շունչ, հոգի ու հարուստ հնչերանգ. «Սիմֆոնիկ նվագախմբերի հետ ճանաչված համերգային դահլիճներում, աշխարհահռչակ դիրիժորների ղեկավարությամբ World Concerts խորագրով համերգաշարին որպես մենակատար ելույթներ եմ ունեցել Նյու Յորքի Carnegie Hall, Symphony Space համերգասրահներում, դիրիժոր՝ Laurine Celeste Fox, Լոս Անջելեսի Pasadena Auditorium, դիրիժոր՝ Jorge Mester, Լիբանանում, դիրիժոր՝ Harout Fazlian, Քաթարում, դիրիժոր՝ Michalis Economou։ Երևանի Արամ Խաչատրյան ֆիլհարմոնիկ համերգասրահում դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ կատարել եմ Խ․ Ավետիսյանի քանոնի 2-րդ և Գրիգոր Հախինյանի քանոնի կոնցերտները»։
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորայի հայ ավանդական երգեցողության, ազգային նվագարանների կատարողական արվեստի ամբիոնի պրոֆեսորը հիշեցնում է, որ թողարկել է 2 ձայներիզ, որտեղ ներառված են Խ․ Ավետիսյանի քանոնի 2-րդ կոնցերտը, կոմիտասյան ստեղծագործություններ, հոգեւոր եւ ժողովրդական ստեղծագործությունների փոխադրումներ։ Նա նաեւ հայկական վիքիպեդիայի համար մեծ սիրով եւ պատասխանատվությամբ ձայնագրել է Կոմիտասի ստեղծագործություններից:
Կարինե Հովհաննիսյանը, որ նոր է վերադարձել Լիբանանից, որտեղ դիրիժոր Հարութ Ֆազլյանի կողմից հրավիրված մենակատար էր, տեղեկացնում է, որ Ֆազլյանի ղեկավարությամբ համերգներ է ունեցել նաեւ Դուբայում, Մարոկկոյում, Քաթարում։
«Իմ փորձառության, հատուկ տեխնիկայի եւ երկարամյա աշխատանքի շնորհիվ կարողանում եմ հայկական քանոնը ներկայացնել եւ դասական, եւ արևելյան ոճով՝ սիմֆոնիկ նվագախմբերի եւ արևելյան ազգային նվագարանների երաժիշտների հետ։ Մեր սերնդի պարտքն է պահպանել մեծերից մեզ փոխանցված գիտելիքները եւ նույնպիսի մաքրությամբ ու պատասխանատվությամբ փոխանցել հաջորդ սերնդին։ Երկար տարիներ դասավանդում եմ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում եւ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, վստահ եմ, որ հայկական քանոն նվագարանի կատարողական դպրոցը փառահեղ ներկա ունի և հուսալի ապագա»,-համոզված է հայկական քանոնն՝ իր բարդ կատարողական հնարավորություններով տարիներ շարունակ ներկայացնող երաժիշտը ։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Կարինե Հովհաննիսյանի արխիվից