Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է հիշում հայերին․ Արցախի բնաջնջումը՝ Պաղեստինի ցեղասպանության բանալի

Օգոստոս 06,2025 15:55

Եվրոպական բռնցքամարտի առաջնությանը ադրբեջանցի մարզիկի մարզիչը հարձակվեց ու փորձեց խեղդել մրցավարին։

Լուսանկարներում երևում է՝ ինչպես են մարդիկ պոկում մարզչին մրցավարից։ Միջադեպի արդյունքում մարզիկն ու մարզիչը որակազրկվեցին։

Կարող է թվալ, թե սա առանձին դեպք է, բայց նման բռնության բռնկումներն այլևս անհատական չեն։ Դրանք ձևավորված պետական վարքի շարունակություններ են։ Այս բռունցքը ուղիղ կապ ունի ինչպես Արցախի հանձնման, այնպես էլ Պաղեստինի ցեղասպանության հետ։

«Ես վստահ եմ, որ սրանից հետո մրցավարներն ավելի հարգանքով կվերաբերվեն Ադրբեջանին»,- ասել է մրացավարին խեղդող մարզիչը՝ Յուսուֆ Աղակիսիևը։

Որտեղի՞ց է ծնվում համոզմունքը, թե բռնությամբ կարելի է հասնել ցանկալիին։ Այդ համոզմունքի հիմքում միայն ուժը չէ։ Այն ամրապնդվում է, երբ աշխարհն իր հավանությամբ ընդունում է բռնության արդյունքները։ Այդ հավանությունը երբեմն նաև պաշտոնական է լինում։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ցեղասպանական բռունցքը զսպելու համար աշխարհը ստեղծեց Միավորված ազգերի կազմակերպություն, և կազմակերպության կանոնադրության առաջին հոդվածում սահմանվեց, որ ազգերի հարաբերությունները հիմնված են իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի վրա։

2023-ին, երբ Հայաստանի իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում՝ պարզապես դիվանագիտական, քաղաքական հայտարարություն չէր։ Դա կետ էր, որից սկսեց քանդվել 2-րդ համաշխարհայինի հետպատերազմյան իրավակարգը։ Դա մի գործողություն էր, որով հայկական իշխանությունը միջազգային իրավունքի անունից մանդատ տվեց բռունցքին՝ ընդունելով, որ ուժն ու բռնությունն է հարցերի լուծման լեզուն։

Այս հայտարարությունը միաժամանակ և՛ հրաժարում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից, և՛ հետադարձ արդարացում՝ ագրեսիայի միջոցով Ադրբեջանի հաջողությունները գրանցելու համար։

Երբ ազգերի ինքնորոշման սկզբունքը հանձնվում է ուժի լեգիտիմությանը, իրավունքի փոխարեն բռունցքն է դառնում օրենք։ Այս «ճշմարտությունն» ունի իր խորհրդանիշը․ Արցախի գրավված տարածքներում Ալիևը տեղադրում է բռունցքի հուշարձաններ։ Բռնության հաղթանակը նշվում է կոնկրետ, մետաղյա կերպարանքով՝ իբրև պատմական խրոնիկա։

Իլհամ Ալիևը վաղուց աշխատում է այս մեթոդով։ Բայց այս մեթոդն այսօր «ազատ է արձակվել»։ Քաղաքացիական պայմանագրի քայլը դարձավ ազդակ, որ աշխարհը  կարող է չհակադրվել բռունցքին։ Իր իսկ ազգի ինքնորոշման իրավունքից հրաժարումը ուղերձ էր աշխարհի ղեկավարներին՝ հարցերը պողպատյա բռունցքով լուծելու և իրենց ցանկություններին հասնելու համար որևէ հանցագործությունից, այդ թվում՝ մարդկության դեմ հանցագործությունից, չկաշկանդվելու համար։

Եթե Հայաստանը, որը մեկ դար շարունակ իր մաշկի վրա զգացել է ցեղասպանության ու բռնության գինը, պատրաստ է բռունցքի անունից հրաժարվել իրավունքից, ապա ուրիշ ո՞վ պիտի դիմադրի։

Այստեղ մենք կրկին կանգնում ենք նույն հռետորական հարցի առաջ՝ «Ո՞վ է հիմա հիշում հայերին»։

Այդ հարցը Հիտլերն էր տվել 1939-ին՝ Լեհաստան ներխուժելուց առաջ։ Նա համոզված էր, որ աշխարհի լռությունը Հայոց ցեղասպանության հարցում իրեն տալիս է բռնությամբ հարցերը լուծելու ազատություն։ Որևէ մեկը չհիշեց հայերին, և արդյունքը եղավ համաշխարհային կոտորած, 6 միլիոն անմեղ զոհ, տեղահանությունների ու գազային դաժանությունների պիկ։

Այսօր նույն հարցը մտքում ունի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։

Նույնիսկ ունենալով իր իսկ ժողովրդի դաժան ցեղասպանության հիշողությունը՝ անկաշկանդ կոտորում է պաղեստինցիներին ամբողջ աշխարհի աչքի առաջ։ Նա անկաշկանդ է, քանի որ  նույնպես ունի հռետորական հարցն իր մտքում․ «Իսկ ո՞վ է հիշում Արցախի հայերի բնաջնջումը» և «Եթե կարելի է Ալիևին, ուրեմն ինձ էլ է կարելի»։

Ահա թե ինչու Պաղեստինի հարցը չի կարելի դիտել առանց Արցախի։ Այդ երկու ողբերգությունները սերտորեն կապված են նույն մեխանիզմով՝ բռնությունը վերածվում է օրինականության, որովհետև արդարության վերականգնման անհնարինությունը ղեկավարներին բազուկներով խնդիրը լուծելու իրավունք է տալիս։

Այն, որ Քաղաքացիական պայմանագիրը ճանաչում է Պաղեստինի անկախությունը՝ ոչ թե բխում է ազգերի ինքնորոշման տրամաբանությունից, այլ հենց բռունցքի լեզվից։ Այն մեծացող բռունցքի, որը կոչվում է նեոօսմանականություն, և որի ընդլայնման միջոցով, Քաղաքացիական պայմանագրի օժանդակությամբ աշխարհը կորցնում է զսպման մեխանիզմները՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը, մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, մարդու իրավունքների պաշտպանության համարնախատեսված բոլոր փաստաթղթերը, դատարանների ուժն ու իրավական հակակշիռները։

Եվ երբ աշխարհը կորցնում է զսպման մեխանիզմները, մնում է միայն լեզու, որը հասկանալի է բռնարարին։ Այդ լեզուն սարսափն է։ Մենք հայտնվում ենք մի աշխարհում, որտեղ միայն բռունցքն է ունենում խոսք։ Եվ եթե մենք պարտվում ենք, մենք լծակ ենք տալիս նրան՝ խոսել հենց այդ լեզվով։ Եթե բռունցքն է հարց լուծող, իրավունք չկա՝ ուժեղի դեմ թույլն է մեղավոր։

Պատկերացնենք այդ աշխարհը, որտեղ վերջնական հաջողության է հասնում Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն ու բռունցքի իրավունքի հաստատումը։

Այդ աշխարհում բռնցքամարտի ադրեջանցի մարզիչը հասնում է իր ցանկությանը, և իր մարզիկը չեմպիոն է դառնում՝ մրցավարին խեղդամահ անելու արդյունքում։ Չկան մարզիչին բաժանողներ և որակազրկողներ։ Դու կարող ես լինել լավագույն մարզիկը, բայց եթե ադրբեջանցի մարզիչը սպանի մրցավարին, կպարտվես մարտը։ Այդ աշխարհն այնքան է հաջողություն գրանցել, որ Ադրբեջանը Կարմիր Խաչ միջազգային մարդասիրական կազմակերպությունն է հանել երկրից։

Մենք այդ աշխարհից չենք, և մենք այդպիսի մոլորակ չենք ուզում ո՛չ մեզ համար, ո՛չ պաղեստինցիների, ո՛չ հրեաների, ոչ Երկիր մոլորակում բնակվող մյուս ազգերի։ Եվ մեր առաքելությունն է աշխարհին վերադարձնել իրավունքի ու օրինականության սահմանները՝ կանխելով բռունցքի հաղթարշավը։

Այդ մանդատը մեզ տրվել է Բաքվի բանտում՝ ինքնորոշման իրավունքի համար հայ պատանդների տանջանքների գնով։ Ադրբեջանը նրանց պատանդառելով՝ աշխարհից պահանջում է, որ հաստատվի բռնության իրավունքը։ Ազատելով նրանց՝ կվերականգնվի ազգամիջյան հարգանքի սկզբունքը։

Եվ այդ պարագայում աշխարհը կհիշի և՛ հայերին, և՛ պաղեստինցիներին, ինչպես ցեղասպանների պողպատյա բռունցքները ծալելով՝ հիշում է պաղեստինցի բանաստեղծ Նաժուան Դարվիշը։

Ո՞վ է հիշում հայերին

Ես հիշում եմ նրանց։
Ես վարում եմ նրանց հետ սարսափի ավտոբուսը ամեն գիշեր։
Ես նրանց հետ եմ խմում իմ առավոտվա սուրճը։
Դու, մարդասպան — ո՞վ է հիշում քեզ։

— Նաժուան Դարվիշ, Ավելի ոչինչ չկա կորցնելու, 2014

Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031