«Ադրբեջանի զինված ուժերի կողմից Վերիշենում խաղաղ շինարարական աշխատանքներ իրականացնող էքսկավատորի վրա կրակելը հերթական անգամ ցույց է տալիս այն ռազմավարությունը, որին տարիներ շարունակ հավատարիմ է մնացել Բաքուն։ Այս միջադեպը տեղի է ունենում այն պահին, երբ շրջանառվում են տեղեկություններ՝ ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի և ԱՄՆ նախագահի հնարավոր հանդիպման մասին, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ ուժի կիրառումը դիտավորյալ համընկեցված է կարևոր դիվանագիտական գործընթացներին։ Սա բնորոշ է Ալիևյան ռեժիմի գործելաոճին՝ բանակցություններից առաջ ճնշման մեխանիզմներ օգտագործել՝ առավելություն ստանալու նպատակով»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հենակետ» ՀԿ ղեկավար Վիտալի Մանգասարյանը։
Հիշեցնենք, այն ընթացքում, երբ խոսակցություններ էին շրջանառվում առաջիկա ուրբաթ օրը ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ-մասնակցությամբ հնարավոր հանդիպման մասին, ադրբեջանական ԶՈՒ-ը կրակել էր Վերիշենում՝ ճանապարհի կառուցապատման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի վրա։ Aravot.am-ը վերլուծաբանից հետաքրքրվել էր՝ քաղաքական, դիվանագիտական այս զարգացումների ֆոնին Ադրբեջանի կողմից ուժի հերթական ցուցադրությունն ինչի՞ մասին է խոսում։ Ի՞նչ սպասելիքներ ունենանք առաջիկայում։
Մեր զրուցակիցը նկատում է՝ երկար տարիներ է, ինչ ադրբեջանական կողմը նախընտրում է ռազմաքաղաքական շանտաժի, սադրանքների և էսկալացիայի ուղին, որը միտված է լարվածություն ստեղծելուն և այդ լարվածության ֆոնին սեփական պայման-պահանջները բանակցային սեղան բերելուն, դրանք թելադրելուն․ «Ցավոք, միջազգային հանրության կիսատ ու երբեմն կուրացած արձագանքը միայն խրախուսում է Ալիևի բռնապետական իշխանությանը՝ շարունակել իր ագրեսիվ քաղաքականությունը։ Պետք է արձանագրել, որ Հայաստանի գործող իշխանության վարած քաղաքականության հետևանքով հայկական կողմը զգալիորեն կորցրել է իր դիմադրողականությունը՝ թե՛ դիվանագիտական ճակատում, թե՛ ռազմական, թե ՛ հոգեբանական մակարդակում։ Ալիևի գործողությունների տրամաբանությունն ակնհայտ է՝ որքան քիչ դիմադրություն, այնքան ավելի մեծ ճնշում։ Եվ եթե նրա մաքսիմալիստական պահանջները չբավարարվեն, այդ ճնշումները ոչ միայն կշարունակվեն, այլև կուժեղանան»։
Հետևաբար, առաջիկա զարգացումների համատեքստում, մեր զրուցակիցը ոչ միայն չի բացառում, այլև առավել հավանական է համարում Ադրբեջանի կողմից սադրանքների աճը։
Կարդացեք նաև
Ի դեպ, այսօր արդեն պաշտոնապես հաստատվեց ԱՄՆ նախագահի հովանու ներքո Փաշինյան-Ալիեւ հանդիպումը։ Հնարավոր ստորագրվելիք փաստաթղթի դրույթների մասին արտահոսքեր կան արդեն, մասնավորաբար խոսվում է, որ ամերիկյան կողմը Հայաստանին առաջարկելու է, որ Մեղրիով ձգվող 42 կիլոմետրանոց ճանապարհին կանգնեն ամերիկյան մասնավոր պահնորդական ծառայության ծառայողներ՝ թվով 1000 մարդ, եւ այդ պահնորդներն իրավունք են ունենալու զինված լինել հրաձգային զենքերով ու թեթև զրահապատ մեքենաներով։ Հետաքրքրվեցինք՝ ՌԴ-ի եւ Իրանի հանգամանքը նկատի ունենալով՝ ամերիկյան զինված ներկայությունը Իրան-ՀՀ սահմանին ի՞նչ կարժենա Հայաստանին։
«Հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ խոսքը վերաբերում է ՀՀ-Իրան սահմանի հատվածին, որը Թեհրանի համար ունի բացառիկ ռազմավարական նշանակություն։ ԱՄՆ զինված ներկայությունը Իրանի հյուսիսային սահմանին՝ անգամ «մասնավոր պահնորդների» անվան տակ, Թեհրանի կողմից միանշանակ կընկալվի որպես սադրանք։ Ի վերջո, Իրանը բազմիցս հայտարարել է, որ հարավկովկասյան զարգացումներում պետք է բացառվեն ՆԱՏՕ-ի կամ որևէ արևմտյան ռազմական ներկայության տարրեր։ Եթե Երևանը անտեսի այս նախազգուշացումները, ապա այդ գինը կարող է շատ թանկ լինել՝ սկսած դիվանագիտական հարաբերությունների սառեցումից մինչև տնտեսական և էներգետիկ պատժամիջոցներ»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ցավոք, Հայաստանի ներկայիս ղեկավարությունը փոխարեն խորացնի վստահության մթնոլորտը հարևան և բարեկամ Իրանի հետ, գնալով հակառակ ուղղությամբ է շարժվում։
«Փաստացի, ձևավորվում է մի իրավիճակ, որտեղ Հայաստանը փոխանակ վստահելի գործընկեր դառնա տարածաշրջանային կայունության համար կարևոր խաղացող Իրանին, իր գործողություններով խաթարում է այդ վստահությունը՝ ստեղծելով հողի վրա գոյություն չունեցող բարեկամության պատրանք թշնամական Ադրբեջանի հետ։ Եթե Հայաստանը շարունակի անտեսել Իրանի զգայուն շահերը՝ զուտ արևմտյան աջակցություն շահելու մոլուցքով, ապա կկորցնի իրական գործընկերներին՝ ստանալով միայն կարճաժամկետ քարոզչական հաջողություններ։ Այս պայմաններում ամերիկյան զինված ներկայությունը Մեղրիում ոչ թե խաղաղության երաշխիք կլինի, այլ խորը ռազմավարական ճգնաժամի սկիզբ»,- կարծում է վերլուծաբանը։
Մյուս կողմից, նա նկատում է, որ Հայաստանը որևէ պարտավորություն չունի Ադրբեջանին միջանցք տրամադրելու հարցում։ Այս խնդիրն ի սկզբանե առաջացել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարության արդյունքում, իսկ այդ փաստաթղթի առանցքային կետերը վաղուց արդեն խախտվել են հենց Ադրբեջանի կողմից․ «Մեղմ ասած, տարօրինակ է այն հանգամանքը, որ հայկական կողմը այս աստիճան շահագրգռված է Ադրբեջանին ճանապարհ տալու հարցում՝ հողի վրա ոչ մի բան դրա դիմաց չստանալով։ Սա առաջացնում է հիմնավոր կասկածներ․ արդյո՞ք նման քաղաքականությունը բխում է Հայաստանի շահերից, թե՞ առկա է այլ մոտիվացիա։ Ակնհայտ է, որ Հայաստանի տարածքով «միջանցքի» տրամադրումը ոչ միայն ուղղակիորեն սպառնում է երկրի ինքնիշխանությանը, այլ նաև ստեղծում է նոր անջրպետ հարևանների և դաշնակիցների հետ՝ հօգուտ մի երկրի, որը բացահայտ թշնամական վարքագիծ ունի»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ