Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. Ստեփան Սամվելյանի առողջության կտրուկ վատթարացման պատասխանատուներն են՝ Անահիտ Ավանեսյանը, Սրբուհի Գալյանը, Ծովինար Թադևոսյանը և Անահիտ Մանասյանը

Օգոստոս 06,2025 22:00

Ինչպես արդեն տեղեկացրել էի, Ստեփան Սամվելյանին վիրահատությունից ընդամենը մեկ օր անց՝ 2025թ․ օգոստոսի 5-ին, դուրս են գրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից և տեղափոխել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

Ժամեր առաջ ես տեսակցել եմ նրան՝ այժմ գտնվող «Դատապարտյալների հիվանդանոց» ԲԿ ՔԿՀ-ում։ Նա մանրամասն ներկայացրել է վերջին 24 ժամերին իր հետ կատարվածը։

Նրա խոսքով՝ հիվանդանոցից դուրս են գրել 2025թ․ օգոստոսի 5-ին, ժամը 14։00-ին, այնուհետև նրան տարել են Աբովյան քաղաք, ապա մեկ այլ վայր, և միայն երեկոյան՝ տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ։ Տեղափոխման ընթացքում նրանից բռնությամբ խլել են իր ձեռքում եղած բժշկական փաստաթղթերը՝ հիվանդության պատմագիրը, ինչպես նաև կորոնարոգրաֆիայի և ստենտավորման էլեկտրոնային կրիչները։

«Արմավիր» ՔԿՀ-ում նրան ընդունելիս բժիշկի կողմից զննում չի կատարվել։ Նա ստիպված իր առողջական գանգատները ներկայացրել է բուժքրոջը, ով չափել է նրա ճնշումը (բարձր էր) և տրամադրել է ընդամենը մեկ հաբ՝ Կապտոպրիլ։

Նույն գիշերը, առանց որևէ ծանուցման հարազատներին կամ պաշտպանին, Ստեփան Սամվելյանին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ԲԿ։ Մինչ օրս անհայտ է մնում՝ ի՞նչ ախտորոշմամբ և ի՞նչ իրավական հիմքով է իրականացվել այս տեղափոխությունը։

Օրվա ընթացքում բազմիցս փորձել եմ կապ հաստատել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Դատապարտյալների հիվանդանոց» ԲԿ-ի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի հետ՝ իմ պաշտպանյալից խլված բժշկական փաստաթղթերը ստանալու համար, սակայն ապարդյուն։ Բոլոր երեք հաստատությունները տարբեր և ոչ իրավաչափ հիմնավորումներով մերժել են փաստաթղթերի տրամադրումը։

Հատկանշական է, որ նույնիսկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը հրաժարվել է աջակցել փաստաթղթերի ստացմանը կամ պարզել՝ ինչու և ում հրահանգով են խլվել Սամվելյանի բժշկական կրիչները և փաստաթղթերը։

Այս գործողությունների համակցված նպատակը պարզ է՝ խոչընդոտել միջազգայնորեն ուղղված բողոքների ներկայացմանը, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Եվրոպայի Խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտե (CPT)։

Ստեփան Սամվելյանի վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, ըստ ամենայնի, պարունակում են այնպիսի տվյալներ, որոնք կհաստատեն, որ նա չէր կարող դուրս գրվել հիվանդանոցից առանց պատշաճ հետվիրահատական հսկողության։

Այսօր արձանագրել եմ, որ նա ի վիճակի չէր ինքնուրույն նստել կամ կանգնել։ Տեսակցությունից հետո անձամբ եմ նրան ֆիզիկապես աջակցել մինչեւ նրան կփոխանցեին հսկող անձնակազմին։

Այսպիսով, ակնհայտ է, որ Ստեփան Սամվելյանի կյանքի և առողջության համար պատասխանատվություն են կրում՝

  • Անահիտ Ավանեսյանը (առողջապահության նախարար),
  • Սրբուհի Գալյանը (ՔԿՀ ծառայության պետ),
  • Ծովինար Թադևոսյանը (ՔԿՀ բժշկության կենտրոնի ղեկավար) և
  • Անահիտ Մանասյանը (ՄԻՊ)։

Այս չորս պաշտոնյաների հանցավոր անգործության և պարտականությունների չկատարման հետևանքով Ստեփան Սամվելյանի առողջական վիճակը կտրուկ, զգալի և ակնհայտորեն վատթարացել է։

 

Ստեփան Սամվելյանի պաշտպան Զարուհի Փոստանջյան

06 օգոստոսի, 2025 թվական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031