Լրահոս
Օրվա լրահոսը

Ի վերջո Հայաստանը կառաջարկի հաշտություն, որը կլորիկ գումար կարժենա երկրի բյուջեի վրա. Արա Ղազարյան. «Փաստինֆո»

Օգոստոս 06,2025 22:30

ՀԷՑ-ի շուրջ Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշման շուրջ իրավիճակը նոր չէ։ Դեռ նույնն էր իրավիճակը 2007 թվականին, երբ Եվրոպական դատարանը իր առաջին վճիռը կայացրեց ընդդեմ Հայաստանի, նույնն էր 2008-ին, երբ «Ա1+»-ի վճիռը կայացվեց, հետո Արտադրության միջազգային դատարանն ընդդեմ Ադրբեջանի միջանկյալ որոշումն էր ու բազմաթիվ այլ դեպքեր։ Երբ պետությունը ցանկություն չունի վճիռը կամ որոշումը կատարելու՝ սկսում է մեկնաբանել այն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

«Արդյունքում, կառավարությունը սկսում է հղում կատարել իր ներպետական օրենքներին կամ ինչ-ինչ չեղած միջազգային սկզբունքներին, թե իբր այդ որոշումը մենք պարտավոր չենք կատարել, մինչդեռ ճշմարտությունը մեկն է. եթե դու ընդունել ես այդ դատարանի իրավասությունը որևէ կոնվենցիայով, ապա միջազգային տրիբունալի որոշումը պարտադիր է կատարման համար, վերջ։ Որևէ այլ մեկնաբանություն անտեղի է»,– ասաց նա՝ ընդգծելով, որ չնայած դրան, պետությունները մանևրելու լայն դաշտ ունեն։

Իրավաբանն ընդգծեց, որ մանևրելու օրինակները շատ են։ «Կարող ենք առանձնացնել Իսրայելի օրինակը՝ Երուսաղեմի պատի վերաբերյալ միջազգային դատարանի որոշումը։ Պետք է հասկանալ, որ խոսում ենք սուվերեն պետության մասին․ իշխանությունն ուղղակի ասաց՝ ես չեմ կատարելու այդ որոշումը և սարքելու եմ պատը։ Ուզում եմ ասել՝ օրինակները շատ են․ պետությունները, եթե ուզենան, կարող են չկատարել որոշումները, բայց իրավաբանորեն այդ որոշումները պարտադիր են․ դրանք պետք է հարգել ու կատարել՝ անկախ նրանից դա վերջնական դատական ակտ է, թե նախնական, թե միջանկյալ։ Տվյալ դեպքում դա միջանկյալ որոշում է, որը պարտադիր է կատարման համար»։

Դիտարկմանը, թե ակնհայտ է, որ իշխանությունները ոչ միայն չեն կատարում, այլ բավական ակտիվորեն իրականացվում է ՀԷՑ-ի ՔՊ-ականացումը, քանի որ օր օրի տեսնում ենք, որ նոր նշանակումներ են կատարվում, ու, ընդ որում, նշանակվելու պարտադիր պայմանը հենց ՔՊ-ական լինելն է, ուստի ի՞նչ ռեսուրս ունի սեփականատերը իր իրավունքների ոտնահարումը կասեցնելու համար՝ Ղազարյանն ասաց, որ ուղղակի պետք է շարունակի դատական քննությունը և հասնի վերջնական դատական ակտի կայացմանը, որի դեպքում, եթե պետությունը պարտվեց, ոչ թե առաջարկեց հաշտություն, ապա, կախված դատարանի որոշումից, պետությունը պետք է կատարի դատարանի որոշումը։

«ՀԷՑ-ը կամ Սամվել Կարապետյանը պետք է իրավական գործընթացով առաջնորդվեն՝ շարունակելով ատյանում քննությունը։ Այն, որ Հայաստանը որոշեց չհարգել կայացված դատական ակտը, իր վրա ռիսկ վերցրեց՝ իրավական գործընթացի ռիսկ։ Այստեղ նաև քաղաքական ռիսկեր կան։ Օրինակ՝ կազդի՞, թե՞ ոչ Հայաստանի վրա հետագա ներդրումների կամ Հայաստանի վարկանիշի վրա։ Բայց Հայաստանը ուղղակի որոշեց չհարգել միջազգային տրիբունալի որոշումը և առաջնորդվել իր պլաններով։ Բնականաբար, սա ձևավորելու է որոշակի կարծիք դատավորների մոտ Հայաստանի վերաբերյալ։ Բնականաբար, Հայաստանի կառավարության այդ քայլը ազդելու է ամբողջական գործի քննության վրա՝ ի շահ հայցվորների, դիմատուների, որովհետև դատավորները չեն սիրում, երբ դատավարության մասնակիցը չի ենթարկվում դատարանի հրահանգներին։ Սա կարող է էլ ավելի մեծացնել Հայաստանի պարտության հավանականությունը»։

Ղազարյանը կարծում է, որ ի վերջո Հայաստանը կառաջարկի հաշտություն, որը կլորիկ գումար կարժենա երկրի բյուջեի վրա։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031