Լրահոս
Օրվա լրահոսը

Նպատակն է ապահովել, որ երիտասարդներն ունենան ինստիտուցիոնալ մանդատ՝ մասնակցելու COP17 համաժողովի քննարկումներին. Համբարձում Մաթևոսյան

Օգոստոս 07,2025 12:56

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպված Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի «Հայկական ազդեցության ընդլայնումն աշխարհում․ երիտասարդության առանցքային դերը» խորագրով պանելային քննարկմանը։

Միջոցառումը միավորել էր Հայաստանի և Սփյուռքի տաղանդավոր, առաջադեմ ու նախաձեռնող երիտասարդներին՝ քննարկելու համահայկական ներկայության և ազդեցության ամրապնդման ուղիները։

Իր ելույթում նախարար Մաթևոսյանը շեշտել է, որ երիտասարդները մեր ազգային և համաշխարհային օրակարգի համահեղինակներն են, իսկ նրանց մասնակցությունն ու նախաձեռնողականությունը հենց այսօր կարող են ազդել այն ուղղությունների վրա, որոնցով կզարգանա պետությունը։

Նա նշել է, որ մենք գործ ունենք սերնդի հետ, որը միաժամանակ զգում է գլոբալ բնապահպանական խնդիրների հետևանքները և ունակ է ձևավորել դրանց լուծումները։ Հայաստանի առաջ ծառացած կարևորագույն մարտահրավերներից մեկը շրջակա միջավայրի պահպանումն է, և այստեղ երիտասարդների ներուժը անփոխարինելի է։

Որպես պանելային քննարկման բանախոս, նախարար Մաթևոսյանը ներկայացրել է 2026 թվականին Հայաստանում հյուրընկալվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովը՝ բնապահպանական ամենամեծ և հեղինակավոր միջազգային հարթակներից մեկը։ Նա ընդգծել է, որ սա բացառիկ հնարավորություն է Հայաստանը ներկայացնելու որպես պատասխանատու գործընկեր, որը ոչ միայն արձագանքում է բնապահպանական ճգնաժամերին, այլև առաջարկում և առաջնորդում է լուծումներ։

Մասնավորապես, նախարարի խոսքով, նպատակն է ապահովել, որ երիտասարդներն ունենան հստակ և ինստիտուցիոնալ մանդատ՝ մասնակցելու և ազդելու համաժողովի քննարկումներին ու որոշումներին։

Համաժողովի մասնակից երիտասարդները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել COP17-ի նկատմամբ։ Քննարկման ընթացքում ծավալվել է ակտիվ հարցուպատասխան, հատկապես Սփյուռքի երիտասարդների ներգրավման ուղիների շուրջ։ Բարձրացվել են մի շարք գաղափարներ, թե ինչպես կարելի է համադրել Սփյուռքի փորձն ու կապերը Հայաստանի բնապահպանական և միջազգային նախաձեռնությունների հետ՝ ձևավորելով երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցություն։

Համբարձում Մաթևոսյանը կոչ է արել երիտասարդներին այս պահից ներգրավվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներին, դառնալ Հայաստանի բնության միջազգային դեսպաններ և կապող օղակներ երկրի ու աշխարհի բնապահպանական, գիտական, կրթական և հասարակական շրջանակների միջև։

Նախարարը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Սփյուռքի երիտասարդների համատեղ ջանքերը կարող են ձևավորել նոր որակի համագործակցություն և ունենալ խորքային ազդեցություն ազգային և բնապահպանական օրակարգերի վրա։ Նա շնորհակալություն է հայտնել բոլոր երիտասարդներին, ովքեր իրենց ժամանակը, գիտելիքը և կապերը նվիրում են երկրի ապագային՝ ընդգծելով, որ նրանց ներգրավվածությունն ու ներուժը կարևոր են ոչ միայն այս համաժողովի, այլև Հայաստանի կայուն զարգացման և միջազգային դիրքի ամրապնդման ճանապարհին։

Նախարարը հավելել է, որ պետությունը պարտավորվում է տրամադրել համագործակցության բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի երիտասարդների ներգրավումը լինի իրական, արժևորված և արդյունավետ։

Շրջակա միջավայրի նախարաություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031