Լրահոս
«Սաղ ժողովուրդը»…
Օրվա լրահոսը

«Չգիտեմ՝ նախարարն ինչ հանրային կարգի մասին է խոսում, կարծում եմ՝ նույնիսկ ինքը չգիտի»․ Նաիրի Սարգսյանը՝ Սրբուհի Գալյանի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարության մասին

Օգոստոս 07,2025 14:55

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, իրավագիտության թեկնածու, տնտեսագետ Նաիրի Սարգսյանին այսօր հիշեցրեցինք՝ օրեր առաջ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի որոշման եւ այդ որոշումը կառավարության կողմից արհամարհելու վերաբերյալ կարծիք էիք հայտնել, որ մի քանի ամիս արհեստական ձգձգումներից հետո կառավարությունը կնահանջի, քանի որ իրականում այլ տարբերակ չկա: Սակայն, կարծես թե, կառավարությունը չի ցանկանում նահանջել, քանի որ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը օրերս հայտարարել է՝ ներպետական օրենսդրությամբ եւ նաեւ միջազգային կոնվենցիայով կա հնարավորություն այդ որոշումը չկատարելու, եթե դա հակասում է հանրային կարգին: Ապա հետաքրքրվեցինք՝ իրո՞ք կա այդ որոշումը չկատարելու հնարավորություն: Պարոն Սարգսյանը պատասխանեց. «Առաջին հերթին հնարավորությունը զուտ իրավական հարթության մեջ տեղի է ունենում հետևյալ իրավակարգով, քանի որ հայցի ապահովման պահանջն են հաղթել ՀԷՑ-ի գործով, մինչև վերջնական վճռի օրինական ուժի մեջ մտնելը կամ վերջնական վճռի կայացումը պարտավոր են հայցի ապահովման միջոցը կատարել» ։

Հետաքրքրվեցինք՝ իսկ ինչո՞վ է վճռի կատարումը այս դեպքում հակասում հանրային կարգին, Նաիրի Սարգսյանը պատասխանեց․ «Չգիտեմ՝ նախարարն ինչ հանրային կարգի մասին է խոսում, կարծում եմ՝ նույնիսկ ինքը չգիտի»։

Հիշեցնենք՝ 2025-ի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC Arbitration Institute) նշանակած հրատապ արբիտրաժը ՀՀ-ին պարտավորեցրել է  ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից։

Ըստ մեր զրուցակցի՝ հայցի ապահովումը սովորաբար անհապաղ կատարման ենթակա է․ «Եթե վերջնական վճիռը կայացվում է հայցի ապահովման միջոցին հակառակ տրամաբանությամբ, այսինքն՝ մինչև վերջնական գործի քննությունը դատարանը պահանջել է, որ ՀԷՑ-ում տեղի չունենար կառավարման կարգի փոփոխություն, ակտիվների վաճառք, բայց եթե պայմանականորեն մեկ ամիս հետո կայացրեց վերջնական վճիռը, որ այո, օրինական են այս գործողությունները, հայցի ապահովման միջոցի պահանջները չկատարելու համար, վճռի պահանջը չկատարելու համար որևէ պատասխանատվություն չկա»։

Նաիրի Սարգսյանը նշեց՝ ամեն դեպքում վճռի չկատարումն ունի մի շարք բացասական հետևանքներ ՀՀ-ի համար տնտեսական և իրավական հարթությունում․ «Տնտեսական հարթությունում՝ քանի որ ՀՀ-ի ներդրումային գրավչությանը մեծ վնաս է հասցնում արդեն իսկ ունեզրկման գործողությունը, ապա դրանից հետո օրինական իրավունքների վերականգնման վճիռ է ստանում հայցվոր կողմը՝ ՀԷՑ-ը։ Նման պարագայում մոռացեք, որ ՀՀ այլևս կարող է որևէ ներդրում գալ։ Այսինքն՝ ամբողջ աշխարհին ուղերձ է հղվում, որ ՀՀ-ում երկու կարևորագույն խնդիր չի կատարվում, դրանցից մեկը սեփականության իրավունքի՝ անխախտելիության իրավունքի ոտնահարումն է, մյուսը իրավական համակարգի հետընթացը, որ նույնիսկ օրինական ուժի մեջ մտած վճիռների պահանջները չեն կատարվում ՀՀ-ում։ Իրավական հարթության մեջ հետևյալը կարող է տեղի ունենալ՝ տնտեսական պատժամիջոցների կիրառումներ, օրինակ, եթե ՀՀ-ն պայմանագրով անդամակցել է միջազգային արբիտրաժին, և արբիտրաժի վճիռները նրա համար կատարման ենթակա են, նա չի կատարում, բնականաբար, գոնե կարող են տարբեր պատժամիջոցներ կիրառվել՝ սկսած անվստահելիությունից վերջացրած մինչև օրինակ արտահանման ներկրումների արգելքները, հետագա գործընկերության արգելքները․ այդ թվում դիվանագիտական պատժամիջոցներ կարող են կիրառվել։ Մենք խոսում ենք այսպես ասած՝ տրամաբանության մասին, բայց քանի որ իրավական և տնտեսական հարթությունները պետք է փոխկապակցենք նաև քաղաքականին, այստեղ արդեն իրավիճակն ամբողջությամբ փոխվում է։ Օրինակ՝ կառավարության ղեկավարին պահանջ ներկայացնող միջազգային խաղացողներն ու գործընկերներն ասում են՝ չի կարելի մարդկանց ունեզրկել, վճռի պահանջը չկատարել, կառավարության ղեկավարն ասում է՝ լավ չէ՞, որ հակառուսականություն եմ անում, ռուսական կապիտալի դեմ եմ հարձակվում, իսկ արևմտյան շատ երկրների ցանկությունն էլ հենց դա է, որ ՀՀ-ում հակառուսականությունն ավելացնեն։ Դրա համար նրանք արդեն այստեղ ամեն ինչի հետ համերաշխ են։ Ե′վ իրավական, և′ տնտեսական առումով բացասական է և չի կարելի չկատարել վճիռը, բայց մյուս կողմից, քանի որ ՀՀ-ում կա հակառուսականության ավելացում, հետևաբար նրանք այստեղ հաշտ են։ Բայց կգա, կհասնի մի իրավիճակ, որ իսկապես անհնար կլինի այլևս պահպանել»։

Նաիրի Սարգսյանը նկատեց՝ իհարկե, դեռ պետք է սպասենք վերջնական վճռի գոնե կայացմանը, ուժի մեջ մտնելուն, դրանից հետո կարողանանք ընդհանուր դատողություններ կատարել․ «Մենք հակված ենք նրան, որ վերջնական վճիռը պետք է կայացվի մոտ ապագայում և հօգուտ ՀԷՑ-ի և ոչ թե հօգուտ Նիկոլ Փաշինյանի, հետևաբար մենք ունենք մեր կայուն կարծիքն այստեղ»։

Նշենք՝ սովորաբար միջանկյալ որոշման կայացումից հետո 30-օրյա ժամկետում արբիտրաժային դատարանը պետք է վերջնական վճիռ կայացնի։

Հարցին՝ միջազգային փորձից գիտե՞ք երկրներ, որոնք չեն կատարել արբիտրաժային դատարանի վճիռները, Նաիրի Սարգսյանը պատասխանեց․ «Զարգացած և զարգացող երկրներ, որոնք ունեն իրական ժողովրդավարություն և սեփականության իրավունքի պաշտպանություն, երբեք չեմ լսել, որ չկատարեն արբիտրաժային դատարանի վճիռները, և դա շատ քիչ հավանական է․ գոնե ինչ-որ մի տեղից կպարզեինք, որ չեն կատարել»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031