Թվում է, թե այս ամառվա շոգին ակտուալ չէ քննարկել զենքի մասին օրենքում փոփոխություն կատարված այն իրավանորմը, որով պահանջվում է՝ նախկինում օրենքով սահմանված կարգով զենք նվեր ստացած անձինք, զենքի օրինական սեփականատերերը ներկայանան պատկան մարմիններին՝ ներկայացնելու առողջության վերաբերյալ փաստաթղթեր և հանձնելու քննություն, հակառակ դեպքում՝ զենքը վերցվում է և ոչնչացվում, ապա վերադարձվում է տիրոջը՝ որպես անպիտան իր։ Այնքան շատ էին ինձ դիմող շահագրգիռ անձինք խնդրում մի դեղ ու դարման անել, ընդ որում՝ մի մասն էլ չիրազեկվածության արդյունքում բաց էին թողել օրենքով նախատեսված ժամկետը, որ այս տժտժան շոգին, բան ու գործ թողած ուսումնասիրեցի, թող ներվի, իրավանորմ կոչվող թերթոնը, որի վրա լացում է միջազգային իրավունքն ու Հայրենի Սահմանադրությունը։
Հիմա հարց։ Ո՞ւմ է անհրաժեշտ, ըստ իս, այս օրենքից դուրս իրավանորմը։ Իշխանությա՞նը: Կարծում եմ՝ ոչ։ Քաղաքացո՞ւն: Կարծում եմ՝ ոչ։ Ունի՞ պետական անվտանգության հետ կապված խնդիր։ Միանշանակ՝ ունի, քանի որ ձևավորվում է վատ նախադեպ՝ օրենքը խախտելով պարտադրել ապրել անօրինական օրենքներով, ինչն անթույլատրելի է։
Մի կարևոր հանգամանք էլ։ Որտե՞ղ են պետական լիազոր մարմինները, տարբեր խողովակներից գրանտներ ստացող այն փորձագետները, որոնց պոզիտիվ պարտավորությունն է օրենքը մինչև օրենք դառնալը՝ տալու մասնագիտական կարծիքներ։
Մի կարևոր արձանագրում ևս։ Եթե այս իրավանորմն ինչ-որ մեկի քմահաճույքի արդյունք է, ապա աշխարհի պատմության մեջ չի եղել մեկը, ով կարողացել է թռչել օրենքից բարձր ու դրա համար պատասխան չի տվել։
Կարդացեք նաև
Ստորև ներկայացնում եմ այս նորմի իրավական գնահատականը՝ սահմանադրականության, միջազգային պարտավորությունների և օրինականության սկզբունքի տեսանկյունից։ Ողջամիտ ժամկետում այն չփոփոխվելու և չհամապատասխանացվելու դեպքում Հայաստանի հիմնական օրենքին՝ նախաձեռնվելու է իրավական գործընթաց՝ բխող բոլոր իրավական հետևանքներով։
Սահմանադրականության հետ օրենքն աղերս ունի
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մի քանի դրույթներ առնչվում են այս հարցին.
Սեփականության իրավունք – Սահմանադրություն, հոդ. 60 «Յուրաքանչյուր ոք ունի սեփականություն ունենալու իրավունք։ Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ բացառապես հանրային շահի համար և համապատասխան փոխհատուցման դեպքում»:
Եթե զենքը որպես սեփականություն օրինական կերպով ձեռք է բերվել՝ պետական մարմինների կողմից տրամադրված կամ նվիրաբերված, ապա հետագայում նոր պահանջներ ներկայացնելը և այդ պահանջներին չհամապատասխանելու դեպքում զենքը, իմա՝ գույքը բռնագրավելը և ոչնչացնելը կարող է դիտվել որպես սեփականության իրավունքի ոչ համաչափ և անհիմն սահմանափակում։ Փոխհատուցման հարց. Զենքը վերցնել և ոչնչացնել, իսկ հետո վերադարձնել որպես «անպիտան իր»՝ առանց փոխհատուցման, կարող է հակասել փոխհատուցման ինստիտուտին, ինչն ակնհայտ Հիմնական օրենքի կոպտագույն խախտում է։
2. Հետադարձ ուժի արգելք – Սահմանադրություն, հոդ. 75 «Օրենքը, որը նոր պարտավորություններ է դնում կամ վատթարացնում է անձի իրավական դրությունը, հետադարձ ուժ չունի»: Մասնավորապես, եթե անձը զենքը ստացել է ստանալու պահին գործող օրենսդրության հիման վրա, որն այդ պահին չէր պահանջում քննություն կամ առողջական փաստաթուղթ, ապա հետագայում այս պահանջի կիրառումը տվյալ անձի նկատմամբ՝ գտնում եմ հետադարձ ուժի կիրառություն, ինչն սահմանադրության ուժով անթույլատրելի է։
3. Միջազգային իրավունքի տեսանկյունից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա (ՄԻԵԿ), 1-ին արձանագրություն, հոդ. 1 – Սեփականության պաշտպանություն «Ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ իրավունք ունի իր գույքի նկատմամբ։ Ոչ ոք չի կարող զրկվել իր գույքից, բացառությամբ՝ հանրային շահից ելնելով, օրենքով սահմանված պայմաններով և համապատասխան փոխհատուցման դեպքում»:
Այստեղ նույնպես առանց պատշաճ փոխհատուցման զենքը ոչնչացնելը, կարծում եմ, կարող է դիտվել որպես անհիմն միջամտություն սեփականության իրավունքին՝ ՄԻԵԿ 1-ին արձանագրության 1-ին հոդվածի խախտմամբ։ Ավելին, Վենետիկյան հանձնաժողովը և ՄԻԵԴ-ն բազմիցս նշել են, որ գույքի սահմանափակման անհամաչափությունը, ինչպես նաև հետադարձ ուժով կիրառվող իրավական պահանջները, կարող են հակասել կոնվենցիային։
Օրինականության և իրավական որոշակիության սկզբունք. Այս նորմի կիրարկումը կարող է խախտել իրավական որոշակիության սկզբունքը՝ քանի որ հստակ չի ձևակերպված՝ ինչ առողջական խնդիրներ են արգելք հանդիսանում զենքի պահպանման համար, Չկան բացառություններ հատուկ կարգավիճակ ունեցող անձանց (օրինակ՝ նախկին պաշտոնյաներ, ազատամարտիկներ) նկատմամբ։ Այս ամենը կարող է հանգեցնել իրավական անորոշության, երբ մարդը չգիտի՝ արդյոք ինքը կորցնելու է իր գույքը, թե ոչ։
Արձանագրում եմ. այս իրավական նորմը՝ չի համապատասխանում Սահմանադրությանը՝ սեփականության իրավունքի, հետադարձ ուժի արգելքի և համաչափության սկզբունքների խախտման պատճառով, Խախտում է ՄԻԵԿ-ի դրույթները՝ սեփականության իրավունքի սահմանափակում՝ առանց պատշաճ փոխհատուցման, Խախտում է իրավական որոշակիության և օրինականության սկզբունքները, որոնք հանդիսանում են իրավական պետության հիմնասյուն։ Հարկավոր է իմանալ՝ նման նորմի կիրառումը հնարավոր կլինի ընդունել միայն այն դեպքում, երբ այն չի ունենա հետադարձ ուժ, ինչպես նաև կսահմանվի հստակ անցումային շրջան՝ բարեխիղճ սեփականատերերին ժամանակ տալու համար, կտրամադրվի փոխհատուցում կամ այլընտրանք (օրինակ՝ թանկարժեք զենքի վաճառքի իրավունք), կարգավորումները բացառապես կհիմնվեն անհատի առողջական վիճակի վրա, ոչ թե միայն ֆորմալ քննության։
Եվ վերջապես, եկեք մշակույթ ձևավորենք, որ տասնյակ տարիներ առաջ անձին իր կատարած բացառիկ արարքի կամ ինչ-որ արժանիքի համար նվեր տված զենքը օր ծերության նման ձևաչափով անթույլատրելի է խլել ձեռքից։
Լևոն Բաղդասարյան,
փաստաբան