Այս տարի Շիրակի պետական համալսարան ընդունված ուսանողների թիվը անցած տարվա հետ համեմատ ավելացել է մոտ 17 տոկոսով․ բուհ դիմած 261 դիմորդից 256-ը դարձել են ուսանող։
Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը։
Ըստ նրա, հայտարարագրված 18 մասնագիտություններից 10-ում թափուր տեղեր չեն մնացել։ Մրցակցություն նկատելի է եղել մի քանի մասնագիտությունների գծով։
«Մենք մրցույթ ենք ունեցել մի քանի մասնագիտություններում, անգլերեն և գրականություն, թարգմանչական գործ՝ անգլերեն-հայերեն, թարգմանչական գործ՝ ռուսերեն-հայերեն, հոգեբանություն, սերվիս, ֆիզդաստիարակություն և սպորտային մարզումներ, այդ բոլոր տեղերում ունեցել ենք լուրջ մրցակցություն։
Կարդացեք նաև
Օրինակ՝ 45 դիմորդ ունեինք սերվիս բաժնում 29 տեղի համար, 35 դիմորդ էլ ունեինք անգլերեն և գրականությունում՝ 29 տեղի համար։ Այստեղ բավականին բարձ միավորներով էլ ընդունելություն է եղել, 34, 35 միավորներով այնտեղ վճարովի համակարգ նստած ուսանողներ ունենք։ Այսինքն նաև որակի խնդիր կա։
Կան, իհարկե, նաև մտահոգիչ բաներ, մեր ուզածի նման դեռ չի կարգավորվում բնագիտամաթեմատիկական ուղղությունը, դեռ մնում են խնդիրներ, ու դրանք, իմ կարծիքով, համապետական են, պայմանավորված չեն միայն Շիրակի պետական համալսարանով։ Նույնիսկ պետության ձեռնարկած միջոցառումների պարագայում կոնկրետ մեր պահով կարող եմ ասել դեռ մեր ուզած արդյունքին չենք հասել, բայց դինամիկա բոլոր դեպքերում կա։
Կուզեի նշել, որ ունենք մասնագիտություններ, որտեղ շատ մեծ է անցողիկ շեմը չհաղթահարողների թիվը։ Օրինակ՝ կենսաբանությունում ունեինք 9 դիմորդ և 9-ից ընդամենը 3-ն է հաղթահարել անցողիկ շեմը։ Դիմորդների մոտ 67 տոկոսը անբավարար է ստացել երկու քննություններից մեկից։ Պատմությունից ունեինք 31 դիմորդ, առաջին հիմնական մրցույթով ընդունվել է 16 հոգի, հետո երկրորդով ևս մեկն է ընդունվել։ Այսինքն այստեղ էլ մոտ 48 տոկոսը չի հաղթահարել անցողիկ շեմը։
28 դիմորդ ունեինք կառավարում բաժնում, առաջին մրցույթով անցել է ընդամենը 17-ը, այդտեղ էլ բավական մեծ տոկոս կա շեմը չհաղթահարողների։ Այս տեսանկյունից լուրջ մտահոգություն կա, ցանկալի է, որ մեր հանրակրթության որակը ևս բարձրանա, ինչի վրա, իհարկե, աշխատում ենք, բոլորս դրան պիտի նպաստենք, բայց պատկերն էսպիսին է՝ մենք ունենք բավականին լավ դրական տեղաշարժ, նորից եմ կրկնում՝ մեր հայտարարագրած 261 տեղից մեր մոտ ընդամենը 5 տեղ է մնացել թափուր, 256 հոգի ընդունվել են, որոնց հրամանագրել ենք արդեն։
Ավելին ասեմ՝ մեր մագիստրատուրայի ընդունելության առաջին փուլն ավարտվել է, այնտեղ ունենք 32 պետպատվերով տեղ, 32 պետպատվերով տեղերն իրացվել են և մեր 79 պետպատվերով տեղերը նաև բակալավրիատում իրացվել է, մենք ոչ մի թափուր տեղ չունենք պետապատվեր բակալավիրատում։ Մագիստրատուրայում այս պահին անցած տարվա դինամիկայից մի քիչ առաջընթացով դիմորդների թիվ ունենք»։
Երվանդ Սերոբյանը նշեց, որ թեև բուհում վարձավճարները բարձրացել են, սակայն ամենաբարձր վարձավճար ունեցող մասնագիտությունների գծով ընդունվողների թիվն ավելի շատ է։
Կբարձրանա՞ արդյոք բուհի աշխատակազմի աշխատավարձը, այս մասին ավելի ուշ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ