Aravot.am-ը Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանին հարցրեց՝ նկատո՞ւմ է, որ վերջերս շուրջբոլորի մեծահարուստ մարդկանց հոգեբանությունը փոքր-ինչ փոխվել է․ այդքան ուշադրություն չեն դարձնում նյութական արժեք ձեռք բերելու, գույք՝ տներ, մեքենաներ գնելու, որքան իրենց զավակներին կրթության տալու վրա, ջանում են արտերկրյա հեղինակավոր բուհեր ուղարկել նրանց։ Ի դեպ, Գյումրիում այդ միտումը օր օրի նկատելի է դառնում։
«Ինձ թվում է՝ մեծահարուստներն այնքան գույք ունեն, որ կարող են դրանով բավարարվել, իսկ նման միտում, իրոք նկատում եմ, այո։ Ես իմ սեփական օրինակով էլ գիտեմ, ցավոք սրտի, մեր մոտ համակարգն այնպիսին է, որ ծնողն է դեռ ներդրում անում երեխայի ուսուցման հարցում։
Մեր ուսանողների կրեդիտավորման համակարգը դեռ այնպիսին չէ, ինչպիսին արտասահմանում է, երբ ուսանողն ինքն է հասկանում, որ իր վերցրած վարկը ինքն է փակելու, մեր իրականությունն այնպիսին է, որ ծնողներն են ֆինանսավորում։
Իհարկե, շատ կարևոր է կրթությունը, իրենք հասկացել են, որ ամենամնայունը կրթությունն է, ցանկացած սեփականություն՝ նյութեղեն տեսքով արտահայտված, ցանկացած պահի կարող եք կորցնել։ Կարող են տանել ձեզանից, կարող եք դուք կորցնել և այլն, միակ բանը, որ կամավոր կարող եք փոխանցել որևէ մեկին, ձեր գիտելիքն է, հմտությունն ու կարողությունն է։
Կարդացեք նաև
Նույնիսկ ստիպողաբար դա չեն կարող անել, եթե դուք մինչև վերջ դրսևորեք կամքի ուժ, միայն կամավոր կերպով կարող են ձեզանից տանել ձեր գիտելիքը, հմտությունը, կարողությունը, դրանք մնայուն արժեք են։
Ամեն ինչ մաշվում է, միլիոնավոր դոլարանոց մեքենաները մաշվում են, միլիոնավոր դոլարանոց ժամացույցը կարող է ձեռքից ընկնել, կոտրվել, տունը մաշվում է, հնանում է, իսկ գիտելիքը, եթե պահում ես, թարմացնում, նորացնում, դա ամենամեծ արժեքն է։
Վերջիվերջո եկեք նայենք՝ ինչո՞վ են ստեղծվում այդ բարիքները, նյութական բարիքները միմիայն մարդկանց գիտելիքների, կարողությունների, հմտությունների, մտքի թռիչքի, տաղանդի դրսևորման արդյունք է։
Չլինեին շինարարների փայլուն մտածողությունն, արհեստավարժությունը, մտքի թռիչքն, այսօր մենք կունենայի՞նք պատմական կառույցներ, որոնք մարդիկ երկրից երկրր են գնում՝ տեսնելու։ Չլինեին մեր փայլուն շինարարները, մեծահարուստները ո՞նց էին դղյակներ կառուցելու, հյուղակ կարող է ունենային, դղյակ չէին ունենա, չէ՞։
Այս բոլորը գիտելիքի արդյունքն է, առաջնայինը գիտելիքն է։ Ցանկացած մարդ՝ մեծահարուստ, միջին խավի, քիչ հնարավորություններով, եթե իր զավակի կրթության մեջ ներդրում է կատարում, ամենաճիշտ ներդրումն է կյանքում», -ասաց Երվանդ Սերոբյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































