«Այսօր հայ ժողովրդի պատմության սեւ օրերից մեկն է»-ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Հայելի» ակումբում՝ խոսելով ԱՄՆ-ի միջնորդությամբ Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ ստորագրվելիք այսպես կոչված խաղաղության պայմանագրի մասին:
«Ռոյթերս»-ի գրած տարանցիկ միջանցքը չի լինում: Դա միջանցք է, տարանցիկ չէ: Ադրբեջանը հասավ նրան, որ միջանցքը ստացավ առանց խաղաղության պայմանագիրը ստորագրելու: Խաղաղության պայմանագիրը Վաշինգտոնում չի ստորագրվելու: Որովհետեւ Ադրբեջանը հերթով դնում է 300 հազար ադրբեջանցիների վերադարձը, հերթով դնում է սահմանադրության փոփոխությունները:
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամբողջականությունը խախտեց՝ չունենալով դրա իրավունքը եւ չստացավ խաղաղություն: Եվ չի էլ ստանալու խաղաղություն: Նույնիսկ այդ հսկայական զիջումների առջեւ Ադրբեջանը չի պարտավորվում գոնե մի քանի հոգի գերի ազատի:
Ֆիքսենք, որ Վաշինգտոնում Հայաստանը երկու մեծագույն զիջում է անում: Մեկը, որ ի վնաս Հայաստանի Հանրապետության սահմանների ինքնիշխանության միջանցք է տալիս: Այն միջանցքը, որը միջանցք չէր: Ռուսները որպես ճանապարհ այն պարզապես ուզում էին հսկել: Ու ռուսներին այստեղից ապերախտավարի ուղղակի «տշեցին»: Եվ Հայաստանը հրաժարվում է ԵԱՀԿ Մինսկի խմբից՝ ջնջելով Լեռնային Ղարաբաղի վերականգնման, հայերի վերադարձի ցանկացած հնարավորություն:
Կարդացեք նաև
Այս երկու բանը զիջում է ու խաղաղության պայմանագիր չի ստանում: Հիմա ասեք, դա դիվանագիտությո՞ւն է: Այսօր նիկոլական խմբից մեկը կա, անունը չտանք, ասում է. տեսա՞ք, որ միջանցք չկա: Ասում է՝ երթուղի ենք տրամադրել: Այնպիսի բառեր են ասում՝ չես հասկանում: Կա միջանցք կամ տարանցիկ (տրանզիտ) ճանապարհ: Երթուղին իրավական հասկացություն չէ, միջանցքը կամ տարանցիկ ճանապարհը իրավական հասկացություններ են: Եվ այդ տարածքները մենք տրամադրել ենք:
Մեծ վտանգներ կան, որ ոչ-ոք չի գիտակցում դեռեւս, ոչ-ոք չգիտի, թե ինչ է ստորագրելու: Նշանակում է, որ Հայաստանը զիջում է Իրանի հետ սահմանի հսկողությունը ամերիկացիներին: Նշանակում է, որ ովքեր գան, հազար հոգին՝ աշխատելու, միշտ այդպես է լինում, բոլորին Ադրբեջանը կաշառելու է եւ հենց նրանց ձեռքով սարքի «դեբոշներ»: Եթե չսարքի էլ, ոչ մի լավ բան չկա: Նշանակում է, որ 100 տարի հետո չենք կարող կենդանի մնալ եւ ասել. «Նիկոլ, տեսա՞ր, որ սխալ էիր»:
Այսօր սեւ օր է Հայաստանի պատմության մեջ եւ դրանում մենք ենք մեղավոր եւ այս ժողովուրդն է մեղավոր: Ժողովուրդը պետք է արժանի լինի հողին, հայրենիքին: Խոսքս վերաբերում է եւ հայաստանցի եւ արցախցի հայերին: Ժողովուրդը թույլ է, դրա համար էլ թույլին, խաբեբային ընտրում է ղեկավար: Ինքն իր նմանին է ընտրում: Հիմա կասեք՝ լավերն էլ կան, 90-ականներին հաղթեցինք… Այո, այդպես է: Բայց այսօր վատը հաղթում է, անկախ նրանից՝ վատը ժողովրդի մեծ մասն է, թե փոքր մասը»,-ասաց նախկին վարչապետը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ