Վաշինգտոնում դեռ շարունակվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը:
Դոնալդ Թրամփն իր խոսքում նշելով, որ ստորագրվածով Ադրբեջանն ու Հայաստանը հանձն են առնում հավերժ դադարեցնել ցանկացած կռիվ, իսկ Ադրբեջանը TRIPP-ով հասանելիություն է ունենալու իր Նախիջեւան տարածքի հանդեպ` հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը, նաեւ ասաց. «Հայաստանը նաեւ բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, որը կարող է մինչեւ 99 տարի երկարաձգվել, ես խոստացել եմ 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով: Մենք ենթակառուցվածքների լուրջ զարգացումներ ենք ակնկալում ամերիկյան ընկերությունների կողմից, որոնք անհամբեր սպասում են մուտք գործել այս երկու երկրներ եւ մեծ գումար ծախսել:
Տնտեսական օգուտ կբերի այն մեր երեք պետություններին, սա խիստ դրական լուր է ողջ տարածաշրջանի ապագայի համար: Դրանից զատ ԱՄՆ ստորագրում է երկկողմ համաձայնագիր երկու երկրների հետ՝ ընդլայնելու համար համագործակցությունը առեւտրի եւ տեխնոլոգիաների ոլորտներում՝ այդ թվում արհեստական բանականության: Որպես նախագահ՝ իմ մեծագույն ձեռքբերումն է աշխարհին բերել խաղաղություն եւ կայունություն: Այսօրվա ստորագրումը շարունակությունն է Հնդկաստանի եւ Պակիստանի հարցում մեր հաջողության: Նույնը նաեւ Կոնգոյի եւ Ռուանդայի հարցում, որտեղ հակամարտությունը 31 տարի էր շարունակվում: Ձեզ մոտ՝ 35 տարի էր, չէ՞: Մենք ամեն ինչ արեցինք, մարդիկ շատ գոհ են դա ծանր իրավիճակ էր: Մենք կանգնեցրեցինք կռիվը»:
Կարդացեք նաև
Ապա Թրամփը սկսեց անդրադառնալ բազմաթիվ երկրների հակամարտությունների եւ պնդել, որ ԱՄՆ-ն՝ իր առաջնորդությամբ լուծել է բազմաթիվ հակամարտություններ եւ կշարունակի լուծել, քանի որ իրենց բանակն ամենաուժեղն է եւ հզորը: Անդրադարձավ նաեւ Իրանում կատարված օպերացիային. «Հուսանք, որ բազմաթիվ հաջողություններ դեռ կունենանք: Երբ ես եկա՝ աշխարհը կարծես հրդեհի մեջ էր, գրեթե բոլոր հրդեհները հանգցրել ենք, մնացել է մեկը՝ Ռուսաստան-Ուկրաինա…»:
Ապա ձայն տվեց Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդներին: