Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը պնդում է՝ թե′ Հայաստանը, թե′ Ադրբեջանը պետք է միմյանց վերադարձնեն իրենց չպատկանող տարածքները

Օգոստոս 09,2025 12:37

«1991-ի Ալմա- Աթայի հռչակագիրը նշանակում է հետևյալը, որ ԽՍՀՄ տարածքը, Խորհրդային Հայաստանի տարածքը ճշգրիտ նույնական է անկախ Հայաստանի տարածքի հետ և Խորհրդային Ադրբեջանի տարածքը ճշգրիտ նույնական է անկախ Ադրբեջանի տարածքի հետ։ Այսինքն՝ սա հստակ արձանագրված է և ստորագրված ու նախաստորագրված է փաստաթղթերով»,- Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ փաստմանը՝ Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել ՀՀ-ի ինքնիշխան տարածքներ և հարցին՝ արդյոք Բաքուն հստակեցրե՞լ է, թե ինչ սահմաններով է ճանաչում ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը և ե՞րբ են պատրաստվում իրենց զորքերը դուրս բերել ՀՀ ինքնիշխան տարածքից, այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հղում կատարելով նաև Սպիտակ տանը ստորագրված հռչակագրի 5-րդ կետին։

Հռչակագրի 5-րդ կետում ամրագրված է․ «Մենք ընդունում ենք անցյալի հակամարտությամբ չկանխորոշված, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու անհրաժեշտությունը։ Մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո մեր ժողովուրդների համար ստեղծվել են, վերջապես, բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ՝ հիմնված միջազգային սահմանների անքակտելիության և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա։ Այս իրողությունը, որը ենթակա չէ և երբեք չպետք է ենթակա լինի վերանայման, ճանապարհ է հարթում մեր երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու համար։ Մենք վճռականորեն մերժում և բացառում ենք վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում և ապագայում»։

Նիկոլ Փաշինյանն ընդունեց՝ ճիշտ ենք ասում, որ կան տարածքներ, որ այս տրամաբանությամբ պատկանում են մեզ, բայց գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո․ «Կան տարածքներ, որոնք այս տրամաբանությամբ պատկանում են Ադրբեջանին, բայց գտնվում են մեր վերահսկողության ներքո։ Սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի, և այնտեղ, որտեղ մենք ունենք մեզ չպատկանող տարածքներ, որոնք գտնվում են մեր վերահսկողության ներքո, մենք պետք է վերադարձնենք Ադրբեջանին, այնտեղ, որտեղ Ադրբեջանն ունի տարածքներ, որոնք չպատկանելով իրեն գտնվում են իր վերահսկողության ներքո, իրենք պետք է վերադարձնեն մեզ։ Կամ էլ էլի համարժեքության սկզբունքի հիման վրա և օրինակ՝ հանրաքվեի միջոցով, որոշակի տարածքների փոխանակում պետք է իրականացվի այն տրամաբանությամբ, որ 28․743 կիլոմետր քառակուսին անխախտելի մնա, համապատասխանաբար իրենց տարածքն էլ։ Եթե այդպիսի բան լինի, պետք է լինի հանրաքվեով, և սա շատ բարդացնում է։ Գուցե նաև բանը դրան չհասնի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031