«Ուզում եմ՝ ճիշտ հասկանանք՝ ինչո՞ւ չի իրականացվել տարածաշրջանային հաղորդակցությունների բացում, որովհետև տեքստի շուրջ տարընթերցումները շատ էին։ Այս տեքստում շատ ավելի բացված է գրված»,- հայ լրագրողների փաստմանը՝ մենք հիշում ենք մեկ այլ փաստաթուղթ, որը կնքվեց մեկ այլ գերտերության «քավորությամբ» և որևէ կերպ չկատարվեց, և հետևաբար հասարակության մեջ կա մտավախություն, որ այս ամենը ևս չի պահպանվելու, Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումից հետո Վաշինգտոնում հայ լրագրողների մասնակցությամբ մամուլի ասուլիսի ժամանակ այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց՝ այս բանաձևը, որն ընդունել են, նույն կերպ առաջարկել են նաև ՌԴ-ին․ «Մենք պատրաստակամություն ենք հայտնել այս տրամաբանությամբ աշխատել։ Մեզ համար հասկանալի չդարձավ, թե ինչու ուղղակի կամ անուղղակի ձևերով խոչընդոտվեց դա։ Տեսնում էինք՝ ինչու դա տեղի չունեցավ, տեսնում էինք, որ գործընթացը փորձ էր արվում տանել այն ուղղությամբ, որ ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը, այնուամենայնիվ, նսեմացվի, ինչին որևէ կերպ համաձայնել չէինք կարող։ Որևէ մեկը մեզ չէր կարող մեղադրել անկեղծ չլինելու մեջ։ Միշտ ասել ենք՝ դրանք մեզ համար կարմիր գծեր են։ Չի կարող լինել որևէ նախագիծ, որին համաձայնենք ՀՀ տարածքային ամբողջականության, իրավազորության, ինքնիշխանության խախտման դեպքում»։
Հարցին՝ ինչո՞ւ է ճանապարհը ճանապարհ և ոչ միջանցք, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Հիմա ոչ թե կմեկնաբանեմ, այլ կխնդրեմ կարդալ այն փաստաթուղթը, որի տակ դրված է ոչ միայն ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի, այլև ԱՄՆ նախագահի ստորագրությունը։ Հիմա այլևս ցանկացած նման հարցի կարող ենք պատասխանել՝ հղումով այն փաստաթղթին, որը ստորագրվեց։ Այսօր ընդունված հռչակագրի երրորդ կետում հստակ գրված է՝ ճանապարհների ապաշրջափակում երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հիման վրա և փոխադարձությամբ։ Էլ տերմին չկա, որ հիշատակեինք այդտեղ, որ այդ թեման փակեինք։ Մենք ոչ միայն դեմ չենք, այլև կողմ ենք և մենք որևէ խոչընդոտ չենք ստեղծում Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև կապի համար․․․մեկ-երկու մեկնաբանություն տեսա, թե՝ ժողովուրդ, մենք Ադրբեջանի համար բացում ենք մեր ճանապարհները, Ադրբեջանը չի բացում, դա անլուրջ խոսակցություն է։ Եթե մենք այդպիսի լուծումների համաձայն լինեինք, վաղուց կգնայինք այդ լուծումների»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ ՀՀ կառավարության