Լրահոս
Օրվա լրահոսը

«Արվեստն իմ շունչն է»․ կորեացի հեղինակավոր դաջվածքագործ Polyc

Օգոստոս 09,2025 22:57

Aravot.am-ը ներկայացնում է կորեացի հեղինակավոր դաջվածքագործ Polyc-ի առաջին բացառիկ հարցազրույցը հայկական մամուլում

Սան-Ջին Լին, որ արվեստի աշխարհում հայտնի է Polyc անունով, համարվում է ժամանակակից կորեական դաջվածքի արվեստի ամենաառաջադեմ ու ազդեցիկ ստեղծագործողներից մեկը։ Իր Polyc Shop ստուդիայում՝ Սեուլում, նա ստեղծում է վառ գույներով և պոլիգոնալ ոճով արվեստի նմուշներ, որոնք ոգեշնչված են կուբիզմից և աբստրակտ արվեստից։ Polyc-ի նորարարական և ինքնատիպ աշխատանքները ներկայացվել են միջազգային ճանաչում ունեցող հարթակներում՝ ներառյալ Լոնդոնի Outernet և Saatchi պատկերասրահների ցուցահանդեսները։ Նա նաև համագործակցել է Marvel Korea-ի և համաշխարհային նորաձևության առաջատար բրենդների հետ։ Polyc-ը այն արվեստագետն է, ով ազատագրում է տատուն ավանդույթի կապանքներից՝ դարձնելով այն ինքնության ու հոգու արտահայտման հարթակ, որտեղ սահմանները վերանում են։

Polyc-ը վստահ է՝ արվեստն իր համար գոյության ամենահիմնարար լեզուն է։ «Արվեստը ինձ համար գոյության ամենահիմնարար լեզուն է և այն շունչը, որով ես ապրում եմ։ Երբ այն զգացմունքներն ու փորձառությունները, որոնք բառերով անհնար է փոխանցել, գտնում են իրենց արտահայտումը իմ ձեռքերի միջոցով, ես իսկապես զգում եմ, որ ապրում եմ: Արվեստը պարզապես ինչ-որ բան ստեղծելու գործողություն չէ. դա աշխարհի հետ շփվելու և իմ մեջ ապրող ճշմարտությունները բացահայտելու գործընթաց է»,- ասում է նա։

Polyc-ի արվեստի մուտքը Saatchi պատկերասրահ՝ մշակութային հեղափոխության նոր սկիզբ

2023 թվականին Polyc-ի աշխատանքները ցուցադրվեցին Լոնդոնի հանրահայտ Saatchi պատկերասրահում` դարձնելով նրան առաջին կորեացի դաջվածքագործը, ում ստեղծագործությունները ներկայացվեցին այդ հեղինակավոր սրահում։
«Իմ աշխատանքների Saatchi պատկերասրահում ցուցադրվելը գերազանցում է անձնական երազանքը. դա ինձ համար խորհրդանշում է այն պահը, երբ կորեական դաջվածքի մշակույթը և ժամանակակից արվեստը ճանաչվում են որպես հավասար գեղարվեստական արժեք ունեցողներ համաշխարհային ասպարեզում։ Այս փորձի միջոցով ես հասկացա, որ դաջվածքը կարող է գերազանցել պարզապես «մաշկի վրա նկար» լինելը և բացել դուռը ավելի խորը զրույցների համար՝ որպես արվեստի իրական ձև»։

Չոնգուկի հետ համագործակցությունը՝ անկեղծության և փոխադարձ հարգանքի յուրահատուկ փուլ

Polyc-ի արվեստը լայն արձագանք է գտել նաև համաշխարհային ճանաչում ունեցող արտիստների շրջանում։ Նա այն արվեստագետն է, ով ստեղծեց համաշխարհային ճանաչում ունեցող BTS K-pop խմբի անդամների նշանավոր «7» ընկերության դաջվածքները։
Մասնավորապես, նրա համագործակցությունը BTS խմբի Չոնգուկի հետ դարձել է բացառիկ մշակութային իրադարձություն, որը մեծ արձագանք է ստացել ոչ միայն Ասիայում, այլև ողջ աշխարհում։

«Չոնգուկի հետ համագործակցությունը փորձառություն էր, որը շատ ավելի հեռու էր պարզ նախագծից։ Նա արվեստագետ է, ով անկեղծորեն շփվում է աշխարհի հետ երաժշտության միջոցով, մինչդեռ ես պատմություններ եմ պատմում մաշկի վրա ստեղծած արվեստի միջոցով։ Երբ մեր գեղարվեստական աշխարհները հատվեցին, ոգեշնչումը բնականորեն հոսեց, և մենք խորապես կապվեցինք մեր ընդհանուր արժեքի՝ իսկության շուրջ։ Անձնական մակարդակում նա աներևակայելիորեն համեստ և բաց մտածողությամբ է, ինչը ամբողջ գործընթացը վերածեց փոխադարձ ուսուցման ու հարգանքի բացառիկ և յուրահատուկ շրջանի»,-ասում է մեր զրուցակիցը։

 

«Ինձ բուժում են մարդիկ և արվեստը»

Polyc-ի համար արվեստը ոչ միայն արտահայտման միջոց է, այլև՝ բուժում։ «Ի վերջո, ինձ բուժել են մարդիկ։ Իմ աշխատանքի միջոցով, երբ ուրիշները բացահայտում են իրենց պատմությունները, և մենք միասին բախվում ենք նրանց վերքերին, ես նույնպես խորը մխիթարություն և բուժում եմ գտնում։ Եվ արվեստն ինքնին իմ բուժման ամենամեծ աղբյուրն է։ Այն պահերին, երբ ես ուրվագծում կամ փորագրում եմ մաշկի վրա, բոլոր մտքերը հանդարտվում են՝ թողնելով միայն ամենաիրական հույզերը։ Այս ամբողջ գործընթացը եղել է իմ կյանքը պահպանող ամենամեծ ուժը»,-ասում է նա։

Polyc-ը բացառիկ արվեստագետ է, որ առանց երկմտելու խախտեց սահմանները և իր ստեղծագործություններով վերաձևեց կորեական ժամանակակից արվեստի ասպարեզը՝ դաջվածքարվեստը բարձրացնելով նոր բարձրունքների։ Նրա հաջողությունների ուղին ընդլայնվում է, այդպիսով նա արդեն դարձել է մեծ ոգեշնչման աղբյուր՝ ինչպես Կորեայում, այնպես էլ ամբողջ աշխարհում։

Նյութը պատրաստել են Լիլիթ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ ու Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ՝ պրոդյուսեր Լիլիթ Մովսիսյանի հեղինակած նախագծի շրջանակում, որի նպատակն է հանրահռչակել կորեացի արվեստագետների ստեղծագործությունները Հայաստանում։  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031