Ազգային-Ժողովրդավարական Բևեռի հայտարարությունը 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Ալիև–Թրամփ–Փաշինյան եռակողմ հանդիպման, դրա ընթացքում կայացված որոշումների և ստորագրված փաստաթղթերի վերաբերյալ
Ազգային-ժողովրդավարական Բևեռը մշտապես և հետևողականորեն հանդես է եկել և շարունակում է հանդես գալ Արևմուտքի, մասնավորապես Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների խորացման ու ընդլայնման օգտին։
Այս ընտրությունը պայմանավորված է ոչ միայն քաղաքական, տնտեսական և ռազմական շահերով, այլև քաղաքակրթական ու արժեքային համակարգի համադրմամբ։ Նման որակի և խորության փոխշահավետ հարաբերություններ ձևավորելու համար անհրաժեշտ է ինքնիշխան և ազգային հայկական կառավարություն։
Պետք է հաստատել, որ աշխարհում տեղի ունեցող քաղաքակրթական փոփոխությունները բերել են հայ ժողովրդի համար բարենպաստ և համընթաց «քամիներ», սակայն Հայաստանը կառավարող ուժը, հանդիսանալով կոլաբորացիոն կառավարություն, չունի «նավահանգիստ» և հետևաբար չի կարող օգտվել այդ «քամիների» տված հնարավորություններից։ Միակ խնդիրը, որի լուծմանը նպատակամղված է այս կառավարությունը, սեփական աթոռը պահպանելն է և բոլոր նախաձեռնություններում, որոնցում ներգրավվում է այս ռեժիմը, Հայաստանի և հայ ժողովրդի շահերը ստորադասվում են։
Կարդացեք նաև
Ըստ այդմ Բևեռի խորհուրդը, ողջունելով ԱՄՆ-ի կառավարության ջանքերը թույլ չտալու համար հեռացող Ռուսաստանի փոխարեն Թուրքիայի մուտքը Հայաստան և մասնավորապես Սյունիք, հայտարարում է իր բողոքը 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման բովանդակության առնչությամբ՝ վերահաստատելով, որ Հայաստանը ներկայացնող կողմը չի հանդիսանում հայ ժողովրդի օրինական ներկայացուցիչ և չի հետապնդում հայկական շահեր։
Ըստ այդմ՝
1. Ադրբեջանը Հայաստանի կառավարության լռելյայն համաձայնությամբ չի պարտավորվել դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքից, որի սահմանները որոշվել էին հանցավոր Լենին–ստալինյան գործարքների հետևանքով։
2. Ադրբեջանը չի ստորագրել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր և պաշտոնապես չի հրաժարվել Հայաստանի նկատմամբ ունեցած կամ ապագայում ունենալիք որևէ պահանջից։ Փոխարենը եռակողմ փաստաթղթով ամրագրվել է Հայաստանի Հանրապետության հավատարմությունը Ադրբեջանի կողմից կորզած 17 կետերին։
3. Ադրբեջանը Հայաստանի կառավարության լռելյայն համաձայնությամբ չի պարտավորվել վերադարձնել Բաքվում անօրինական կերպով պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական պատանդներին։
4. Ադրբեջանը Հայաստանի կառավարության համաձայնությամբ հասել է ԱՄՆ Կոնգրեսի «Ազատությանն աջակցության» ակտի 907-րդ ենթաբաժնի չեղարկմանը, որով արգելված էր Ադրբեջանին ուղիղ օժանդակություն ցուցաբերելը։
5. Սկսվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը, որը Հայաստանի ստորագրությամբ և պարտավորությամբ ստանում է լրացուցիչ լեգիտիմություն։
6. Հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա արցախցիների վերադարձի իրավունքի վերականգնման և դրա ապահովման նպատակով անվտանգության երաշխիքների վերաբերյալ։
7. Հայտարարությանը հղում անելով՝ Իլհամ Ալիևը սպառնալիքներով պահանջում է հայ ժողովրդին փոխել սեփական Սահմանադրությունը՝ կոպտորեն խառնվելով Հայաստանի ներքին քաղաքականությանը։
Ազգային-ժողորդավարական Բևեռի խորհուրդը առաջիկա ուրբաթ օրը` սույն թվականի օգոստոսի 15-ին, ժամը` 19:00-ին, Ազատության հրապարակում հրավիրում է ՀԱՆՐԱՀԱՎԱՔ 2025թ․ օգոստոսի 8-ին Վաշինգոնում կայացած Ալիև-Թրամփ-Փաշինյան եռակողմ հանդիպման և այդ ընթացքում կայացված որոշումների ու ստորագրված փաստաթղթերի վերաբերյալ։
ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԻ ԽՈՐՀՈՒՐԴ