Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային քննարկման է ներկայացվել «Դատապարտյալների հիվանդանոց»-ի գործունեությունը դադարեցնելու մասին որոշման նախագիծը

Օգոստոս 10,2025 13:18

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու մասին որոշման նախագիծը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ և 43-րդ հոդվածի 1-ին մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. 2025 թվականի դեկտեմբերի 31-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի (այսուհետ նաև՝ Հիմնարկ) գործունեությունը:
  2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում ապահովել Հիմնարկի գործունեության դադարեցման աշխատանքներն իրականացնելու նպատակով հանձնաժողովի ստեղծումը.

2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում առաջարկություն ներկայացնել Հիմնարկի համապատասխան փաստաթղթերի, անշարժ և շարժական գույքի հանձնման-ընդունման, ինչպես նաև դրանց տնօրինման և հետագա պահպանության վերաբերյալ.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում լուծել Հիմնարկի հաստիքային միավորներն ըստ անհրաժեշտության Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության այլ քրեակատարողական հիմնարկների վրա վերաբաշխելու կամ կրճատելու հարցը, ինչպես նաև՝ ապահովել Հիմնարկի գործունեության դադարեցման արդյունքում զբաղեցրած պաշտոնից ազատված ծառայողներին (աշխատակիցներին) օրենքով սահմանված դեպքերում և կարգով կադրերի համապատասխան ռեզերվում գրանցելու գործընթացը.

4) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել Հիմնարկում՝

ա. պատիժ կրող դատապարտյալների տեղաբաշխումը համապատասխան քրեակատարողական հիմնարկ,

բ. պահվող կալանավորված անձանց տեղափոխումը համապատասխան քրեակատարողական հիմնարկ:

5) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել Հիմնարկին ամրակցված զենքերի, զինամթերքի և հատուկ միջոցների հանձնումը Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմին։

  1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետի պահպանմամբ կրճատել Հիմնարկում տեղակայված՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության՝ բժշկական ստորաբաժանման հաստիքները և դրանք ըստ անհրաժեշտության հատկացնել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության այլ քրեակատարողական հիմնարկներում տեղակայված ստորաբաժանումներին:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031